ՖՐԱՆՍԻԱՆ ԿՀԱՍՆԻ ԱՅՆ ԲԱՆԻՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս հարցը կբարձրացվի Լյուքսեմբուրգում կայանալիք «ԵՄ-Թուրքիա» հանձնախմբի նստաշրջանում:

Հայոց ցեղասպանության տարելիցն այս տարի նշվեց ամբողջ աշխարհում: Սակայն Ֆրանսիայում այն նշվեց հատուկ կարգով: Դրա պատճառները մի քանիսն են: Դրանցից կարեւորագույնը կապված է Եվրամիության սահմանադրության ընդունման առաջիկա հանրաքվեի հետ, որը Ֆրանսիայի հանրության զգալի մասը ձգտում է օգտագործել որպես ԵՄ-ում Թուրքիայի ներգրավման գաղափարի դեմ բողոքի արտահայտման առիթ:
PanARMENIAN.Net - Ֆրանսիան աշխարհում առաջին պետությունն է, որը հայերի ցեղասպանությունը ճանաչել է օրենքի, եւ ոչ բանաձեւի տեսքով: Թվում էր` էլ ի՞նչ ավելին կարող էր անել պաշտոնական Փարիզը: Եվ էլ ի՞նչ կարող էին ակնկալել տեղի հայերը Ֆրանսիայից: Օրակարգում երկու հարց է: Առաջինը` նոր օրենքի ընդունումը, որով քրեական պատասխանատվություն կնախաատեսվի Օսմանյան Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու համար: Իսկ երկրորդը` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեպքում իրականացման համար պարտադիր համարվող նախնական պայմանների ցանկում ցեղասպանության ճանաչման հարցի ընդգրկումը: Երկու ուղղություններով էլ շատ ջանքեր է պետք գործադրել եւ երկու հեռանկարներն էլ իրատեսական են ներկայանում:

Ապրիլի 24-ին Փարիզի Կոմիտասի արձանի մոտ ելույթ ունենալով` Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ նրանց ղեկավարած խորհրդարանական դաշինքը մտադիր է մոտ ժամանակներս Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հայերի ցեղասպանության փաստի ժխտման դեմ քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը: (Նմանատիպ փաստաթուղթ անցյալ շաբաթ ընդունեց Բելգիայի խորհրդարանը): Բացի այդ, նա նշեց, որ իր կուսակցությունը պատրաստ է հասնել նրան, որ ցեղասպանության հարցն ընդգրկվի ԵՄ-ին հնարավոր անդամակցության համար Թուրքիային առաջադրվող պայմանների ցանկում: Երիտթուրքերի գազանային հանցագործության 90-ամյակին նվիրված ցույցին բացի Ֆրանսուա Օլանդայից ելույթ ունեցան նաեւ ազդեցիկ քաղաքական կուսակցությունների այլ գործիչներ: Նրանց շարքում էին լիբերալների առաջնորդ Ֆրանսուա Բայրուն, աջերի ղեկավար Ֆիլիբ Դը Վիբյեն: Ապրիլի 24-ին վերաբերող հայտարարություններով հանդես եկան նաեւ կուսկոմի ղեկավար Պատրիկ Բրաուզեկը եւ «Ազգային շարժում միություն» իշխող կուսակցության առաջնորդներից մեկը` Պիեռ Լելյուշը: Իսկ Փարիզի Աստվածամոր տաճարում 1915թ.-ի զոհերի հիշատակի պատարագին ներկա էին իշխող կուսակցության ղեկավար Նիկոլյա Սարկոզին, արդյունաբերության նախարար Պատրիկ Դեվեջյանը եւ նախագահի խորհրդական Թերրա Նովան: Նախագահ Ժակ Շիրակը ապրիլի 22-ին անձամբ ծաղկեփունջ դրեց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Օրերս կարեւոր հայտարարություն արեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Միշել Բարնյեն: Նա տեղեկացրեց, որ «Եմ-Թուրքիա» հանձնախմբի առաջիկա նստաշրջանին, որը տեղի կունենա Լյուքսեմբուրգում, պաշտոնական Փարիզը կբարձրացնի Անկարայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտության հարցը: Միաժամանակ նա ընդգծեց, որ այդ նախաձեռնությունը կպաշտպանեն նաեւ Եվրամիության բոլոր երկրների արտաքին քաղաքակնության գերատեսչությունների ղեկավարները: Չնայած ցեղասպանության հարցը ժամանկին չէր արտահայտվել Թուրքիային առաջադրվող հիմնական պայմաններն ամրագրած Կոպենհագենյան համաձայնագրում, Ֆրանսիայի քաղաքական էլիտան միանշանակ այն կարծիքին է, որ ԵՄ-ի դռները թուրքերի առջեւ պետք է բացվեն միայն այն դեպքում, երբ Անկարան համապատասխան քաղաքական գնահատական տա երիտթուրքերի իրականացրած հանցագործությանը:

Ակնհայտ է, որ վերջին շրջանում ցեղասպանության հարցում Փարիզի դիրքերը առավել սկզբունքային են դառնում: Դրան նպաստում են Ֆրանսիայում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները: ԵՄ-ի կազմում Թուրքիային տեսնելու փաստին բացասական վերաբերվող ֆրանսիացի ընտրողների մեծամասնությունը մտադիր է առաջիկա հանրաքվեին դեմ քվեարկել Եվրամիության Սահմանդրությանը: Նրանք պատրաստ են ամեն գնով իրենց ապահովագրել թուրքերի հետ անցանկալի հարեւանությունից: Նույնիսկ եվրաինտեգրման ձախողման գնով: Սոցիոլոգիական հարցումների տվյալներով` ֆրանսիացիների 52-54 տոկոսը պատրաստ է դեմ արտահայտվել Սահմանադրության ընդունմանը: Միաժամանակ, ակնհայտ է, որ հանրաքվեի բացասական պատասխանը խիստ վատ կանդրադառնա նախագահ Շիրակի դիրքերի վրա, ում վարկանիշն այժմ այնքան էլ բարձր չէ, ինչպես նախկինում: Ուշադրությունը սեւեռելով Անկարայի կողմից հայերի ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտության վրա` Ֆրանսիայի իշխանությունները ձգտում են համերկրացիների հավաստել, որ իրենք բավականաչափ մեխանիզմներ ունեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու համար: Եվ ամնեեւին էլ կարիք չկա դրա պատճառով ձախողել եվրաինտեգրման գործընթացը:

Կոպիտ ասած, Ֆրանսիայի ղեկավարությունը «հայկական հարցը» շահարկում է սեփական նպատակների համար: Սա նոր չէ: Սակայն տվյալ դեպքում եվրոպական ազգերի հանրության մեջ թուրքերին չընդգրկելուն վերաբերող «հին Եվրոպայի» շահերը համընկնում են հայերի շահերի հետ: Ստեղծված իրադրությունը չափազանց շահեկան է հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործում հաջողության հասնելու համար:

Արտյոմ Երկանյան
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---