Միխաիլ Սահակաշվիլին կանխարգելիչ քայլերի է դիմո՞ւմ

Ըստ ամենայնի, Միխաիլ Սահակաշվիլին շուտով կձերբազատվի բոլոր նրանցից, ում հետ կատարեց «վարդերի հեղափոխությունը»

Վրաստանը կրկին տենդագին ցնցումների մեջ է եւ ակնհայտ է, որ այդ վիճակը կպահպանվի մինչ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որ կայանալու են 2008 թվականի վերջում: Միխաիլ Սահակաշվիլու նախկին զինակցի «սկանդալային» բացահայտումները դժգոհության կատալիզատորի դեր կատարեցին բնակչության շրջանում, որը, չնայած Արեւմուտքի օգնությանը, շարունակում է նույնքան վատ ապրել, որքան Էդուարդ Շեւարնաձեի օրոք: «Ժողովրդավարության հենարանի» մասին խոսքերը ջերմացնում են հոգիները, սակայն չեն կերակրում:
PanARMENIAN.Net - Թբիլիսիի հայ համայնքի ղեկավար Առնոլդ Ստեփանյանի խոսքերով, Ռուսթավելու պողոտայում հանրահավաքի հավաքված մարդիկ, հավաքվել էին ոչ այնքան Օքրուաշվիլուն պաշտպանելու համար, որն ոչնչով լավ չէ Վրաստանի նախագահից, որքան Սահակաշվիլու դեմ: «Առավել ճշգրիտ գնահատականներով, այնտեղ ներկա են եղել 4 հազար հոգի»,-ասել է Ստեփանյանը` հավելելով, որ «բնակչությունը ոչ մի լավ բան չի ակնկալում մի բռնապետին մեկ այլով փոխարինելուց»: Նշենք, որ այս հանրահավաքը ամենախոշոր հակակառավարական ակցիան էր 2003 թվականի «վարդերի հեղափոխության» արդյունքում Սահակաշվիլու իշխանության գալուց ի վեր:

Սակայն վերադառնանք վտարանդի զինակցին: Ըստ ամենայնի, Միխաիլ Սահակաշվիլին շուտով կձերբազատվի բոլոր նրանցից, ում հետ կատարեց «վարդերի հեղափոխությունը»: Զուրաբ Ժվանիայի չպարզված հանգամանքներում մահանալուց հետո, պաշտոնաթաող եղան ԱԳն ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլին, նախարար Իվլիան Խայնդրավան եւ, վերջապես, Իրակլի Օքրուաշվիլն: Փաստորեն, Սահակաշվիլին ազատվում է նախագահական ընտրություններում իր պոտենցիալ հակառակորդներից եւ օրինակ է վերցնում այս դեպքում իր գործընկեր Իլհամ Ալիեւից, որը գործել է եւ դեռ կգործի այդ կերպ: Սեպտեմբերի 28-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը հավանություն տվեց Վրաստանի Գլխավոր դատախազության միջնորդությանը երկրի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու նախնական երկամսյա կալանքին: Այդ ժամկետը նա կանցկացնի Ռուսթավիի 6-րդ բանտում: Այնտեղ է գտնվում նաեւ նրա կողմնակիցներից մեկը` Շիդա Քարթլի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ Միխաիլ Կարելին, որն ավելի վաղ էր ձերբակալվել:

Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվեց սեպտեմբերի 27-ին Թբիլիսիի կենտրոնում գտնվող իր նորաստեղծ ընդդիմադիր «Հանուն միասնական Վրաստանի» շարժման գրասենյակում: Դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նրան Վրաստանի ՔՕ 4` 181` դրամաշորթություն, 194` փողերի լվացում, 332` ծառայողական լիազորությունների չարաշահում եւ 342` ծառայողական անփութություն հոդվածներով: Ձերբակալվածին սպառնում է 25 տարվա ազատազրկում: Ավելի վաղ Օքրուաշվիլին մի քանի սենսացիոն հայտարարություններ էր արել, մեղադրելով Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն հակաիրավական գործողություններում: Մասնավորապես, պաշտպանության նախարարության նախկին ղեկավարը, ելույթ ունենալով հեռուստատեսությամբ, մեղադրել է Վրաստանի նախագահին նրանում, որ նա հրամայել է սպանել երկրի որոշ «ազդեցիկ դեմքերի»: Մեղադրանքը հերքվել է պաշտոնական իշխանությունների կողմից որպես «անհիմն ու սուտ»:

Հարկ է նշել, որ Սահակաշվիլու քաղաքական հակառակորդները, հիմնականում, թույլ են եւ մինչ այժմ սպառնալիք չէին նրա համար: Ժողովրդավարը կառավարում է ամուր ձեռքով: Սակայն, ինչպես գտնում են փորձագետները, վերջին մի քանի ամիսներին Իրակլի Օքրուաշվիլին բավական քաղաքական կշիռ է ձեռք բերել եւ կարող է ազդեցիկ քաղաքական դեմք դառնալ: Նրա ձերբակալությունը համախմբեց տարանջատ քաղաքական կուսակցություններին, ինչպես նաեւ հնարավորություն տվեց երկրի անվերջանալի խնդիրներից դժգոհ բնակչությանն իր կարծիքն արտահայտել: Հետաքրքիր է, որ Մ.Սահակաշվիլու գործողություններին անմիջապես սատարեց ԱՄՆ Պետդեպարտամենտը: «Իրակլի Օքրուաշվիլու ձերբակալության մանրամասներն ինձ հայտնի չեն: Կարծում եմ, դա կապված է ինչ-որ կրիմինալի, այլ ոչ թե քաղաքականության հետ: Դա կապված է երկրում կարգուկանոնի հաստատման հետ: Վերջնական որոշումը դատարանը կկայացնի: Եթե հասարակության շրջանում կասկածներ կան, ապա հետաքննությունը պետք է անցկացվի եռակի ճշգրտությամբ ու մանրակրկիտ կերպով»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի երկրորդ տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, օրենքի, դատարանի եւ իրավապահ մարմինների գերակայությունը Վրաստանում գնալով աճում է:

Ի դեպ, ինքը Սահակաշվիլին, որը Նյու Յորք էր մեկնել մինչ իր հասցեին նախկին զինակցի կողմից կաշառակերության եւ քաղաքական սպանություններ կազմակերպելու մեղադրանքերի հնչեցումը, վերադարձել է Վրաստան: Հավանաբար, Օքրուաշվիլու ձերբակալությունը վերջինը չի լինի, չէ որ մինչ ընտրությունները դեռեւս մեկ տարի կա, որը կբավականացնի բոլոր հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու համար` հզոր աջակցություն ունենալով ի դեմս ԱՄՆ Պետդեպարտամենտի :
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---