Սահակաշվիլին հաղթանակ տարավ, ինչը եւ պահանջվում էր ապացուցել

Վրացական ընտրություններից Հայաստանը կարող է վերջին հաշվով երկու եզրահանգում անել. ընտրությունները կընդունվեն ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի կողմից, եթե հաղթանակ տանի նա, ում վրա հույս են դնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եւ շատ հավանական է, որ մեզ մոտ էլ ամեն ինչ մեկ փուլով ա

Վրաստանի նախագահական ընտրությունները ավարտվեցին, ինչպես եւ ենթադրվում էր, Միխայիլ Սահակաշվիլին վերընտրվեց: Ճիշտ է, ոչ այնպիսի հաջողությամբ, ինչպես առաջին անգամ, երբ նա հավաքեց ձայների գրեթե 90 տոկոսը: Սակայն այժմյան արդյունքը` 52 տոկոս, եւս վատ չէ: Եւ ամեն ինչ լավ է, եթե հաշվի չառնենք մեկ հանգամանք: Սահակաշվիլիի ընտրությունը ծրագրված էր ԱՄՆ-ի կողմից եւ աշխարհում ոչինչ չէր կարող փոխել վրաց պատմությունը:
PanARMENIAN.Net - «Վրաստանում ժողովրդավարությունը հաղթական քայլ է կատարել,- լրագրողներին ասել է միջազգային դիտորդների ղեկավար, ամերիկացի կոնգրեսական Էլսի Հասթինգսը: - Հաշվի առնելով նախընտրական արշավում առկա սուր պայքարը, ես գտնում եմ, որ այս ընտրությունները պետք է համարել վրաց ժողովրդի ճշմարիտ ընտրությունը»: ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ դիտորդները միակարծիք են վրաց ընտրությունների գնահատման հարցում, որոնք, նրանց կարծիքով, «իրոք մրցունակ էին»: «Չնայած ընտրությունները ըստ էության համապատասխանում էին միջազգային չափանիշների մեծամասնությանը ժողովրդավարական ընտրությունների համար, լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում»,- ասվում է ԵԱՀԿ զեկույցում:

Հայտարարությունը ավելի քան տարօրինակ է, եթե հաշվի առնենք այն, որ ընդդիմությունը կարճ ժամանակահատվածում ֆիզիկապես ի վիճակի չէր ռազմավարություն մշակել եւ ստիպված էր սահմանափակվել խախտումների մասին հայտարարություններով: «Եթե փորձագետները որոշեն, որ ընտրությունների արդյունքները չեն կեղծվել, ապա ոչ մի հիմք չկա, ինչպես նաեւ բացարձակապես անժողովրդավարական կլինի, հակառակը պնդելը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան Reuters-ին տված հարցազրույցում:

Վրաց ընտրությունների մասին ավելի անկեղծ է արտահայտվել ամերիկյան հիմնադրամ Heritage-ի փորձագետ Արիել Կոենը: «Առաջնորդները գալիս եւ գնում են, իսկ ամերիկյան շահերը Հարավային Կովկասում մշտական են, ինչպես եւ ռուսական: Այդուհանդերձ, ընդդիմությունը, ամենայն հավանականությամբ, չի կարող այդ ընտրություններից հետո հույս դնել Վաշինգթոնի աջակցության վրա»,- ասել է Կոենը:

Սակայն ի տարբերություն ԵԱՀԿ դիտորդների ամերիկացի համակարգող Էլսի Հասթինգսի, գերմանացի դիտորդները դրանց ընթացքն ու արդյունքները առավել զգոն են գնահատել: ԵԱՀԿ դիտորդների առաքելության ղեկավար Դիտեր Բոդենը գտնվում էր Վրաստանում ողջ ընտրարշավի ընթացքում, այլ ոչ թե միայն քվեարկության օրը: Նա նման եզրակացություն է կատարել. «Այս ընտրությունները փայլուն չէին: Շատ էին թերությունները»: Մի շարք դեպքերում, ըստ Բոդենի, թերի էին ընտրացուցակները, շատ վատ էր կազմակերպված ձայների հաշվարկը: Մի շարք ընտրատեղամասերում ոստիկաններ էին գտնվում, ինչը հակասում է միջազգային կանոններին, որոշ տեղամասեր գերլցված էին, մարդկանց չէին սովորեցրել օգտվել հատուկ թանաքներից, գրում է Deutsche welle-ն:

Վրաստանի քաղաքացիները հունվարի 5-ին քվեարկում էին ոչ միայն նախագահի օգտին, այլեւ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով: Անգամ եթե ընտրողների 100 տոկոսը կողմ քվեարկեր անդամակցությանը, դրանից ոչինչ չէր փոխվի, քանի որ դա չի որոշվում հանրաքվեով, այլ Դաշինքի անդամ-երկրների կողմից: Եւ եթե Դաշինքը որոշի (կամ չորոշի) ընդունել Վրաստանին, ընտրողների ձայները կապ չունեն: Միխայիլ Սահակաշվիլիի տվյալ քայլը բարդ է բացատրել, սակայն ցանկության դեպքում կարելի է, եթե հաշվի առնենք ռուս-վրացական հարաբերությունները: Ստացվում է, ինչպես փոքր երեխաների դեպքում. «Իսկ մենք դա կանենք ի հեճուկս զեզ (Ռուսաստան), կանենք սա, կանենք նա եւ այլն»: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ՌԴ-ին եւս ձեռնտու է Սահակաշվիլին. բոլորն արդեն գիտեն` նրանից ինչ սպասել:

Վրացական ընտրություններից Հայաստանը կարող է վերջին հաշվով երկու եզրահանգում անել. ընտրությունները կընդունվեն ԵԱՀԿ-ի եւ ԵԽԽՎ-ի կողմից, եթե հաղթանակ տանի նա, ում վրա հույս են դնում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, եւ շատ հավանական է, որ մեզ մոտ էլ ամեն ինչ մեկ փուլով ավարտվի: Վրաստանը կարեւոր տարանցիկ երկիր է Հարավային Կովկասում, սակայն Հայաստանը եւս կարեւոր տեղ է գրավում նոր աշխարհաքաղաքական կառուցվածքում: ԱՄՆ-ի համար միշտ ավելի լավ է լսող եւ «սեփական» նախագահ ունենալ, որը շարունակում է նույն քաղաքականությունը վարել, ինչ եւ իր նախորդները, քան անկանխատեսելի ապագան ընտրել:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---