Իրանը ձգտում է տարածաշրջանային տերություն դառնալ` մրցակցելով Թուրքիայի հետ

Հենց տարածաշրջանային տերություն դառնալու դիրքերից կարելի է գնհատել Իրանի մտադրությունը, իսկ ավելի շուտ ցանկությունը մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Վերջերս Իրանը գնալով ավելի շատ է գրավում համաշխարհային հանրության ուշադրությունը: Եվ բանը միայն ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքները չեն, ոչ էլ այն, որ Թեհրանը փորձում է դառնալ տարածաշրջանային տերություն: Իրանի իրական մրցակիցն այս հարցում Թուրքիան է, որը, սակայն, դեռ չունի արաբական երկրների աջակցությունը: Միանգամայն հավանական է, որ Արդարության եւ զարգացման կուսակցության իսլամիստական կուրսը կարող է օգնել Թուրքիային հաղթահարել դժվարությունները արաբական աշխարհի հետ:
PanARMENIAN.Net - Սակայն Իրանն այդ դժվարությունները չունի եւ առավել ինքնուրույն է, քան Թուրքիան, որ մշտապես կողմնորոշվում է ԱՄՆ-ի եւ որոշ չափով Իսրայելի դիրքորոշմամբ: Իսրայելի հայտարարությունները Թեհրանի միջուկային օբյեկտներին միջուկային հարված հասցնելու պատրաստակամության մասին Իրանում ընկալեցին որպես անհաջող կատակ: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Մոհամմեդ Ալի Հոսսեյնիի խոսքերով, Իսրայլը շատ թույլ է` Թեհրանին սպառնալու համար, սակայն, ցանկանում է դուրս գալ որոշ ներքաղաքական ճգնաժամերից եւ շեղել հանրության ուշադրությունը: «Թել Ավիվին նման միջոցառումները պետք են իսրայելյան իշխանությունների ստորացված ոգին վերականգնելու համար` 2006թ. Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ դիմակայությունում պարտություն կրելուց հետո»,-հայտարարել է նա: Իր հերթին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մոտ ապագայում չի հարձակվի Իրանի վրա: «Ջ.Բուշի նախագահության ժամկետը մոտենում է ավարտին եւ նա վնաս չի հասնցի Իրանին, նույնիսկ չնայած նրան, որ ամերիկյան զորքերը ներխուժել են սահմանակից Աֆղանստան ու Իրաք»,-ընդգծել է Ահմադինեժադը, հաղորդում է Associated Press-ը:

Հենց տարածաշրջանային տերություն դառնալու դիրքերից կարելի է գնհատել Իրանի մտադրությունը, իսկ ավելի շուտ ցանկությունը մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Իրանը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, սակայն, ցավոք, կողքի ուժերի ճնշման ներքո մեր երկիրը հեռացվեց միջնորդությունից»,-հունիսին հայտարարել է Բաքվում Իրանի փոխարտգործնախարար Ալիռեզա Շեյխ Էթթարը: Նրա խոսքերով, եթե երկու կողմերից առաջարկ լինի, իր երկիրը պատրաստ է կրկին ստանձնել միջնորդական առաքելությունը: «Թեեւ ես չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը բավարար է, Իրանը հավանություն է տալիս այդ շրջանակներում ընթացող բանակցություններին»,-ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:

Պաշտոնական Բաքվի անդրադարձը չուշացավ: «Բաքուն դեմ չէ Իրանի միջնորդությանը հակամարտության կարգավորման հարցում: Հաշվի առնելով Իրանի ռեսուրսները, պաշտոնական Թեհրանը կարող է նպաստել հակամարտության լուծմանը, եթե ճիշտ ուղերձ հղի Հայաստանին»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Թողնենք Իբրահիմին, որ ինքը պարզի, թե ինչ «ճիշտ ուղերձ» պետք է դա լինի, որը Թեհրանը հղելու է Հայաստանին: Ուղղակի հարկ է հիշեցնել մեկ ճշմարտություն, որը իր կարգի դիվանագետը չի կարող չիմանալ: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Իրանի ընդգրկումը բանակցային գործընթացում ուղղակի անհնար է: Իրանը չի անդամակցում ԵԱՀԿ ՄԽ-ին: Ավելին, նա շատ խնդրահարույց հարաբերություններ ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի` ԱՄՆ-ի հետ: Իրանի փոխարտգործնախարարի հայտարարությունը տվյալ դեպքում պետք է ընկալել այն վերապահումով, թե որ երկրում է նա դա ասել եւ ինչու»,-գտնում է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը ցանկացած գնով չեզոքացնելու Ադրբեջանի ապարդյուն փորձերը հազիվ թե կարող են Բաքվի համար ցանկալի արդյունք ունենալ: Եվ Իրանը հաստատ այդ խաղերի մեջ չի մտնի այն պարզ պատճառով, որ իր խնդիրներն էլ են բավական: Բաքվում կարծում են, հավանաբար, որ հնարավոր չի լինի կարգավորումը տեղափոխել ՄԱԿ, ուստի պետք է փորձել տարածաշրջանային մակարդակով: Առավել եւս, որ շուրջը իսլամական երկրներ են, որոնց մեծ մասը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության` ԻԿԿ անդամներ են: Սակայն Ադրբեջանում մոռանում են, որ կա նաեւ Արաբական պետությունների լիգա` ԱՊԼ, որտեղ Հայաստանը դիտորդի կարգավիճակ ունի: Ի վերջո, եթե Ադրբեջանը դիմում է ԻԿԿ-ին, ապա ինչն է խանգարում Հայաստանին դիմել ԱՊԼ-ին, թեկուզ դիտորդի իրավունքով եւ ուղղակի տեղեկացնել արաբական պետություններին կարգավորման գործընթացի իրական վիճակի մասին: Ուղղակի որքան մոտենում են Ադրբեջանի նախագահի ընտրությունները, այդքան նյարդային են դառնում պաշտոնական Բաքվի մեկնաբանությունները ինչպես հակամարտության, այնպես էլ Հայաստանի մասին:
 Ամենաընթերցվողը բաժնում
ՀՀԿ-ն «աղքատացել է», ՔՊ-ն՝ «հարստացել»
Հայաստանի բազմաթիվ կառույցներ մնացել են առանց ղեկավարի
Ով ինչպիսի աղմուկով հեռացավ և ինչու
Հայաստանը նոյեմբերի 10-ից հետո՝ թվերով
 Ուշադրության կենտրոնում
ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ

ԱԽ քարտուղար․ Համապարփակ խաղաղությունը կենթադրի նաև գերիների վերադարձ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ

 Բաժնի այլ նյութերը
«Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում
Դրագոմանների ժամանակը Դեպի արդիականացված արտաքին քաղաքականություն
---