ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Կատարվեց մի ոճրագործություն, որ մեր ժողովրդի եւ մարդկության պատմության մեջ չուներ իր նախօրինակը եւ նույնիսկ անուն չուներ: Մենք տվեցինք միլիոնավոր զոհեր եւ հազարամյակների հոգեւոր-մշակութային եւ նյութական ժառանգության անչափելի կորուստներ: 1915 թվականը դարձավ սահմանաբաժան մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագրում: Այն կտրուկ կերպով փոխեց եւ խաթարեց հայ ժողովրդի բնականոն զարգացման ուղին: Դրա ծանր հետեւանքները մինչեւ այսօր իրենց զգացնել են տալիս թե՛ հայրենաբնակ, թե՛ սփյուռքի հայության կյանքում: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ դատապարտումը միայն Հայաստանին վերաբերող խնդիր չէ: Այսօր այն պետք է դիտարկվի տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության համատեքստում: Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ հայության շարժառիթները վրեժխնդրական չեն: Մենք այսօր էլ բարձրաձայնում ենք Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ կառուցելու մեր պատրաստակամության մասին: Բայց Թուրքիայի մերժողական կեցվածքն այս հարցում, հարուցում է ոչ միայն մեր, այլեւ միջազգային հանրության տարակուսանքը: Ցեղասպան ծրագրերի իրականացումը հնարավոր եղավ բազմաթիվ նախադրյալների եւ պատճառների համադրմամբ: Դրանցից ոչ մեկը չի կարող արդարացում լինել ոճրագործների համար: Բայց հայկական պետականության բացակայությունն այն առանցքային նախադրյալն էր, որի պայմաններում հնարավոր եղան անպատկերացնելի իրադարձություններ: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հիշատակի առաջ` համակված վշտով, բայց նաեւ` համոզվածությամբ, որ Հայաստան պետությունը երաշխիքն է հայության անվտանգության ու հավերժության»:


 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---