Վ.Օսկանյանը կոչ է արել չգերագնահատել ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ լավատեսությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առկա լավատեսությունը չարժե գերագնահատել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը Հայկական երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում` կոչ անելով լինել չափավոր լավատես: Ըստ նախարարի, իրոք, 2005 թվականին առաջընթաց է գրանցվել: «Դա չի կարելի ժխտել: Նախագահների երկու հանդիպումները դրական արդյունք տվեցին, տեղի ունեցավ Պրահայի գործընթացը նախարարների միջեւ, եւ այդ գործընթացները լրացրեցին միմյանց: Կա առաջընթաց, սակայն այն ամբողջական չէ»,-հայտարարել է նախարարը` ավելացնելով, որ հարցեր են մնում, այդ թվում, «կշարունակե՞ն նախարարներն այդ գործընթացը 2006 թվականի հունվարին կամ փետրվարին կայանալիք հանդիպման ընթացքում նույն տեսանկյունից, թե Բաքուն կրկին կնահանջի»: Օսկանյանի խոսքերով, նման փորձ արդեն կա: Այդ կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը երկու օրինակ է բերել: «Առաջինը վերաբերվում է Նախիջեւանում հայկական խաչքարերի հանդեպ վանդալիզմի ակտերին: Հայկական կողմը չափազանց մտահոգված է դրանով, քանի որ ժամանակի ընտրության առումով դա հակասում է ղարաբաղյան գործընթացում առկա դրական մթնոլորտին»,-ասել է նախարարը` նշելով նաեւ Ադրբեջանում հնչող հայտարարությունները, Իլհամ Ալիեւի պատվերը իր գիտնականներին` «վերանայել տարածաշրջանում, մասնավորապես, Ղարաբաղում, հայերի ներկայությանը վերաբերող պատմությունը»:



«Այս ամենը հուշում է մեզ, որ նահանջի տեղ կա: Կշարունակի արդյո՞ք Ադրբեջանը ընտրություններից հետո եւս այն դրական միտումները, որոնք առկա էին 2005-ին»,-նկատել է նախարարը` ընդ որում հույս հայտնելով, որ նման գնահատականները չեն արդարանա: Այդ առնչությամբ,ավելացրել է նախարարը, հարկ կլինի սպասել նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումների արդյունքներին: «Սակայն հիմքը բավականին լավն է: Իսկապես, Քի-Ուեսթից հետո մենք նման վիճակում չեն եղել»,-ավելացրել է նախարարը: «Մեր տրամադրվածությունը մնում է նույնը: Մենք ցանկանում ենք, որ հարցը որքան հնարավոր է շուտ կարգավորվի: Բոլորը պետք է հասկանան, որ հարցը պետք է լուծվի միայն եւ միայն փոխզիջումների հիման վրա: Եթե, իրոք, բոլոր կողմերը պետք է իրենց ստորագրությունները դնեն այդ համաձայնության տակ, ապա դա պետք է արվի բոլորի կամքին համաձայն: Դա չի կարող լինել մեկի, մյուսի կամ երրորդի օգտին: Այդ պատճառով կողմերը պետք է պատրաստ լինեն դրան: Պետք է նախապատրաստել նաեւ հանրային կարծիքը»,-ընդգծել է նախարարը` ավելացնելով, որ այսօր դեռեւս վաղ է բացահայտել բովանդակությունը: Նրա խոսքերով, չի կարելի շիկացնել իրադրությունը, պետք է նվազագույնի հասցնել թշնամական դրսեւորումները: Ինչպես նշել է նախարարը, 2006 թվականը հնարավորությունների տարի է, քանի որ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, ոչ Ղարաբաղում չկան ընտրական գործընթացներ: Դա թույլ է տալիս նվազեցնել հարցի քաղաքականացումը: «Սակայն մյուս կողմից մենք չպետք է կարծենք, թե ստիպված ենք կարգավորել այդ հարցը 2006 թվականին: Մենք մոտենում ենք այդ հարցին շատ սառնասրտորեն, հանգիստ: Գործընթացն իր տրամաբանությունն ունի: Մեզ համար շատ հստակ է, թե ինչ ճանապարհով ենք մենք ընթանում: Եթե գործընթացը շարունակի դրական հունով ընթանալ, իսկապես, մենք կարծում ենք, որ 2006 թվականին հնարավոր կլինի հասնել հարցի լուծմանը: Սակայն լուծումը չպետք է պարտադրված լինի: Պայմանները բարենպաստ են, սակայն պետք է աշխատել այդ ուղղությամբ»,-նշել է նախարարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---