Թե Կիպրոսի, թե Լեռնային Ղարաբաղի պարագայում ազատության ձգտումները հաջողության կհասնեն

PanARMENIAN.Net - Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությանն Ազգային ժողովում ընդունեցին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ փոխնախագահներ Վահան Հավհաննիսյանն ու Իշխան Զաքարյանը, մշտական հանձնաժողովների նախագահներն ու խմբակցությունների ղեկավարները: «Հայաստանին ու Հունաստանին միացնում է բազմամյա բարեկամությունը եւ հարաբերությունների պատմությունը, որն ամփոփում է ոչ միայն քաղաքակրթական ընդհանրությունները, այլեւ հիանալի հարաբերությունները` իրենց զարգացման հեռանկարներով: Երկու երկրների կառավարություններն ու խորհրդարանները լավ համագործակցում են եւ ես հաստատում եմ Հունաստանի խորհրդարանի նախագահի Հայաստան պաշտոնական այցի հրավերը»,- նշել է Տիգրան Թորոսյանը: Իր հերթին, Հունաստանի նախագահը, որ տարիներ առաջ արդեն եղել է Հայաստանում, իր ուրախությունն արտահայտեց կատարված մեծ փոփոխությունների առիթով: «Երկու պետություններին միացնում են պատմական ու տեւական կապեր` պատմության մեջ կան որոշ իրողություններ, որ երկու ժողովուրդներն անկարող են մոռանալ: Եղելություններ, որ միշտ հիշեցնելու են մարդու իրավունքների ու արժանապատվության հարգման կարեւորությունը»,- նշել է Հունաստանի նախագահը: Նրա կարծիքով, հույն եւ հայ ժողովուրդներն այսօր պայքարում են, որ միջազգային օրենքներով լուծվեն ազգային եւ անձնական իրավունքներին վերաբերող հարցերը: «Այնուհանդերձ, կան ուժեր, որ դասեր չառնելով պատմությունից` ողբերգական նույն սխալները կրկնում են: Մեր ազատասեր ժողովուրդները չեն կարող հանդուրժել ոչ սահմանների փակումը, ոչ երկրի շրջափակումը, ոչ 40.000 զինվորականներին Կիպրոսում` երկիր, որ Եվրամիության անդամ է»,- ընդգծեց Կարոլոս Պապուլիասը` հավելելով, որ հենց այդ պատճառով երկու երկրներն էլ պայքարում են ժողովրդավարական ազատությունների եւ այնպիսի աշխարհի հաստատման համար, որտեղ հարգվում են մարդու իրավունքները եւ որտեղ խաղաղություն է տիրում:



Իր հերթին, ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հիշեցրեց, որ երկու երկրներին միավորում են ժողովրդավարական արժեքներն ու եվրաինտեգրման ուղղությամբ կատարվող քայլերը: Կարեւորելով մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանությունը` Աժ նախագահը նշեց, որ երբեմն փորձեր են արվում միմյանց հակադրելու Կիպրոսի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրները: «Բայց կա մեկ ընդհանուր հիմք` երկու ժողովուրդների այդ հատվածների ազատ ապրելու իղձը: Նա վստահություն հայտնեց, որ խնդիրները պետք է քննարկվեն մարդու իրավունքների հարգման տեսակետից եւ լուծումներն էլ այդ հարթությունում պետք է լինեն: Միջազգային բոլոր կազմակերպությունների հիմնարար փաստաթղթերում մարդկանց ազատ ապրելու եւ իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքը հիմնարար իրավունքներինց է: Թեպետ ոչ բոլորն են դա գիտակցում ու պատմությունից դասեր առնում, պարոն Թորոսյանը վստահություն հայտնեց, որ թե Կիպրոսի, թե Լեռնային Ղարաբաղի պարագայում ազատության ձգտումները հաջողության կհասնեն` մարդու ազատությունների հիմնարար իրավունքի հիմքով»,- ընդգծել է Տիգրան Թորոսյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---