Տիգրան Սարգսյան. Մենք չպետք է մոռանանք Մայիսյան հաղթանակները, որ ձեռք բերվեցին ազգային միասնության շնորհիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Տ.Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 90-րդ տարեդարձի առթիվ: 1918թ. մայիսի 28-ին` շուրջ վեցհարյուրամյա ընդմիջումից հետո, Հայոց անկախ պետականության վերականգնումն արդյունք էր այն փառավոր հերոսամարտերի, որ հայ ժողովուրդը մղեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում: Մենք երբեք չպետք է մոռանանք Մայիսյան հաղթանակները, որ ձեռք բերվեցին ազգային միասնության, բացառիկ համախմբվածության ու միակամության շնորհիվ` հետագայում հիմք դառնալով նաեւ մեր ժողովրդի ազատատենչ ոգու նոր դրսեւորումների, արցախյան ազատամարտում պատմական նոր սխրանքների համար: Ռազմի դաշտում տարած հաղթանակները`զորացնելով մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ, կամք եւ վճռականություն են հաղորդում մեզ` պահպանելու եւ զարգացնելու սերունդների համատեղ պայքարով ձեռք բերածը, հզորացնելու մեր անկախ պետականությունը` արդի մարտահրավերներին արժանիորեն դիմակայելու, մեր ժողովրդի առավել բարեկեցիկ վաղվա օրը կերտելու համար:



Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի` Հանրապետության օրվա առթիվ եւ մաղթում առողջություն, խաղաղ երկինք ու ամուր հավատ` մեր ժողովրդի եւ Հայոց անկախ պետականության ապագայի նկատմամբ»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---