ԵԱՀԿ ՄԽ-ն նախապատրաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առանձնազրույցը Նյու Յորքում

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահների այս այցը տարածաշրջան անցնում է նոր իրավիճակում, որ ստեղծվեց Հարավային Օսեթիայում «հնգօրյա պատերազմից» հետո: Ես եղա Ստեփանակերտում, որտեղ հանդիպեցի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, այսօր ես Երեւանում եմ: Վաղը կլինեմ Թբիլիսիում, իսկ ուրբաթ` Բաքվում: Այժմ մենք առանձին այցելություններ ենք կատարում, սակայն դա չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն փոխվել է, ուղղակի աշխատանքային ժամանակացույցն է այդպիսին»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն: Նրա խոսքերով, այն ամենն, ինչ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան եւ նա ինքը, համաձայնեցված է ռուս գործընկեր Յուրի Մերզլյակովի հետ:



Ֆասիեն նշել է նաեւ, որ այցի հիմնական նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների առանձնազրույցը Նյու Յորքում, որտեղ նաեւ հնարավոր է երկու նախագահների հանդիպումը: «Ինչ վերաբերում է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպմանը, ապա այս հարցը ԵԱՀԿ ՄԽ իրավասությունից դուրս է»,-ասել է Ֆասիեն:



Ֆրանսիացի դիվանագետը նշել է նաեւ, որ հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո եւս բանակցությունները կշարունակվեն Մադրիդյան առաջարկների հիման վրա: «Անցյալ տարվա ավարտին եւ այս տարվա սկզբում առաջարկությունները գրեթե հավանություն ստացան երկու կողմերից, սակայն դրան հետեւց Կոսովոյի անկախության ճանաչումը, հաճախակի դարձած փոխհրաձգությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին, նախագահական ընտրությունները Հայաստանում, ինչն էապես արգելակեց բանակցային գործընթացը: Այժմ մենք հուսով ենք, որ Ադրբեջանում կայանալիք ընտրություններից հետո բանակցությունները մադրիդյան առաջարկների հիման վրա նոր խթան կստանան»,-ասել է Ֆասիեն:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---