ԱՄՆ-ն մեծ հիասթափություն կապրի Հայ-թուրքական արձանագրությունների ձախողման դեպքում

PanARMENIAN.Net -
Եթե մինչեւ մարտի վերջն Անկարան քայլ չանի Արձանագրությունների վավերացման ուղղությամբ, գործընթացն աստիճանաբար կբարդանա: Այդ մասին Երեւանում, մեկնբանելով մինչեւ ապրիլի 24-ն Արձանագրությունները վավերացնելու հնարավորությունը, հայտարարել է 2001-2004թթ. գործող Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի TARC նախագահ, ամերիկացի փորձագետ Դեւիդ Ֆիլիպսը:



Ինչպես նշել է փորձագետը, չնայած նրան, որ Արձանագրությունների վավերացման համար փաստորեն վերջնաժամկետ չկա, կա մի սահման, որից հետո բարի կամքն անհետանում է: «Բոլորն են հասկանում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ Արձանագրությունների վավերացումը չեն կարող հավերժ շարունակվել»,-ասել է TARC-ի նախագահը:



Ըստ Դ.Ֆիլիպսի, պետք չէ կապ տեսնել Արձանագրությունների վավերացման եւ այն բանի միջեւ, թե կճանաչի արդյոք ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանությունը: «Սակայն, ինձ թվում է, եթե Արձանագրությունների վավերացումը ձախողվի, դա մեծ հիասթափություն կլինի Վաշինգտոնի համար, քանի որ ԱՄՆ-ն քիչ ջանք չի թափել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է ամերիկացի փորձագետը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն առանցքային դերակատարություն ունի այս երկխոսության մեջ եւ հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը ակտիվորեն կհամոզի Անկարային վավերացնել Արձանագրությունները: «Թեեւ թուրքերը սիրում են ասել, որ ոչ ոքի ճնշումը չեն հանդուրժի, սակայն իմ փորձից ելնելով կարող եմ ասել հակառակը»,-հայտարարել է Դ.Ֆիլիպսը:



Դեւիդ Ֆիլիպս 2001-2004 թթ. Թուրքիայում եւ Կովկասում ղեկավարել է քաղաքացիական դիվանագիտության ծրագիրը: TARC թուրք-հայկական համաձայնեցման հանձնաժողովի նախագահն է:



Հաշտեցման հանձնաժողովը գործել է 2001 թ-ի հուլիսից մինչեւ 2004 թ-ի ապրիլը: Հանձնաժողովի աշխատանքը ձախողվել է այն պատճառով, որ Թուրքիան չի ցանկացել ընդունել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում էր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավուդօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---