15  Զվարթնոց. Հին համալիրը
17  «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալը

«Զվարթնոց»-ի հին շենքը կքանդվի՞. «Արմենիա» ՓԲԸ-ն այսուհետ ռեսուրսներ չի տրամադրի (թարմացված)

«Զվարթնոց»-ի հին շենքը կքանդվի՞. «Արմենիա» ՓԲԸ-ն այսուհետ ռեսուրսներ չի տրամադրի (թարմացված)

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրը ներկայումս «շատ վտանգավոր կառույց է»: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն՝ հայտարարելով, որ այսուհետ էլ ռեսուրսներ չի տրամադրի հնացած շինության պահպանման վրա, ինչպես նաև պատասխանատվություն չի կրի որևէ վթարի դեպքում:

«Մենք մտադիր ենք և պատրաստ ենք արդիականացնել Զվարթնոց միջազգային օդանավակայանը, սակայն ռեսուրսներ և ժամանակ չենք ծախսի ռիսկային և օգտագործումից դուրս եկած շինության պահպանման վրա, որը չի համապատասխանում ժամանակակից աերոնավիգացիոն ստանդարտներին»,- ասված է ընկերության տարածած հայտարարությունում:

Օդանավակայանը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին հանձնվել է 2002թ. Հունիսին՝ ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» արգենտինական ընկերության միջև կնքված 30 տարի ժամկետով կոնցեսիոն պայմանագրով:

Ինչպես ասվում է հաղորդագրությունում, ի սկզբանե հիմնական նպատակն և պարտավորությունն է եղել ապահովել ուղևորների ու թռիչքների անվտանգությունն ու ապահովությունը:

«Այդ սկզբունքներից ելնելով էլ 2004թ Հայաստանի կառավարությունը հաստատել է մեր մաստեր պլանը, որով սահմանվում էր, որ պետք է կառուցվի նոր ուղևորային համալիր, որը կհամապատասխանի սեյսմակայունության պահանջներին, կունենա ջեռուցման և լույսի վերահսկման համակարգ, ուղևորների ապահովության համար ժամանակակից սարքավորումներ: Նոր շինությունը կառուցվել է հին շենքի հարևանությամբ, որը կառուցվել է 1982թ, սակայն այլևս չի օգտագործվում և չունի ներկայումս պահանջվող համապատասխան սեյսմակայունություն և օդանավակայանի հատակագծի վրա տեղաբաշխված է` ապահովության և անվտանգության ժամանակակից նորմատիվներին ոչ համապատասխան:

2007թ մենք գործարկեցինք առաջին համալիրը, իսկ 2011թ պաշտոնապես բացվեց նոր օդանավակայանը: Ռազմավարական առումով գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դարձել է տարածաշրջանային հաբ, որը կարող է տարեկան սպասարկել մոտ 3 միլիոն ուղևոր: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն կառուցել է ավելի քան 19,000 քմ մակերեսով մեկնման և ժամանման նոր սրահներ (ստերիլ գոտի), կոմերցիոն տարածքներ, VIP սրահներ և ուղեւորների նստեցման կամրջակներ»:

Ինչպես PanARMENIAN.Net ին ասաց Հանրային խորհրդի մամուլի քարտուղար Անի Գասպարյանը, քննարկումները դեռևս շարունակվում են: Նա տեղեկացրեց նաև, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ Հանրային խորհուրդը կկայացնի իր որոշումն ու ևս մեկ անգամ հիշեցրեց, որ սեպտեմբերի 26-ին կայացած քննարկմանը Քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչը խոստացել էր, որ իրենք հաշվի կառնեն Հանրային խորհրդի կարծիքը:

Սեպտեմբերի 26-ին ՀՀ Հանրային խորհրդում «Զվարթնոց» օդանավակայանի հին կլոր շենքը քանդելու առաջարկին նվիրված քննարկման ընթացքում Քաղավիացիայի ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը ներկայացրել էր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ բիզնես-պլանը: Դրանում ներառված գալիք տարի նախատեսված աշխատանքների թվում կա օդանավակայանի հին շենքը քանդելու մասին դրույթը:

Ըստ ՔԱԳՎ ներկայացուցչի, շենքը գտնվում է «անմխիթար վիճակում» և նրա ամրացման համար կպահանջվի 10-12 մլն դոլար: Բանն այն է նաև, որ կառավարիչը մտադիր է ընդլայնել օդանավակայանը դեպի աջ, սակայն հին շենքը խանգարում է դրան:

Քննարկմանը մասնակից ճարտարապետները դեմ էին օդանավակայանի հին շենքը քանդելու առաջարկին: Այդպես, ճարտարապետ Հրաչ Պողոսյանը նշել էր, որ ընդլայնումը կարելի է նաև դեպի ձախ կատարել: Ավելին, մի քանի տարի առաջ շենքը գործում էր և հարկավոր է եզրակացություն ներկայացնել նրա սեյսմիկ վիճակի մասին, ոչ թե հապճեպ քանդել:

Հանրային խորհրդի օդային տրանսպորտի ենթահանձնաժողովը ևս ներկայացրել էր իր դիրքորոշումը: Ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը նշել էր, որ կլոր շենքը թույլ է տալիս միաժամանակ ընդունել մի քանի խոշոր օդանավեր, իսկ նոր շենքը նման հնարավորություն չի ընձեռում:

Քննարկման արդյունքում ՔԱԳՎ ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանն ասել էր, որ իրենք հավանություն կտան այն որոշմանը, որը կընդունի Հանրային խորհուրդը:

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդն ավելի վաղ մերժել էր «Զվարթնոց» օդանավակայանի հայտը՝ «հին շենքը քանդելու թույլտվություն» ստանալու համար:

2013 թ. ապրիլի 29-ին ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մտավախություն էր հայտնել, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունը, որի կառավարմանն է հանձնված օդանավակայանը, կարող է «ավելորդ» համարել հին շենքն ու քանդել այն: Ըստ նրա, ժամանակին շենքն արժանացել է համամիութենական մրցանակի և պատմամշակութային հուշարձան է: «Պետք է հարգել շենքի հեղինակներին ու ճարտարապետներին: Անհրաժեշտ է աչքի լույսի պես պահել հուշարձան հանդիսացող շենքերը: Քանդելով դեռ ոչ ոք քաղաք չի կառուցել»,- ասել էր ճարտարապետը:

2011 թվականին բացվեց օդանավակայանի նոր տերմինալը, որը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին: 1961 թվականին բացված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մոդեռնիստական ոճի հին շենքը շահագործման էր հանձնվել 1980 թվականին ճարտարապետներ` Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Լևոն Չերքեզյանի, Ժ. Շեխլյանի և կոնստրուկտոր` Ս. Բաղդասարյանի նախագծով և համարվում էր ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---