«Հայաստան» Համահայկական հիմնադրամի գումարներով եւս մեկ գյուղական դպրոց է վերանորոգվել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հարություն Ճուղուրյանի անվան հիմնանորոգված դպրոցի բացման արարողությունը: Դպրոցի հիմնանորոգումն իրականացվել է «Հայաստանի»Համահայկական հիմնադրամի Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի տեղական մարմինների եւ Գերմանիայում գործող «Հայ գործարարների միության» համաֆինանսավորմամբ, իսկ կահավորումը ֆինանսավորել է Ավստրալիայի տեղական մարմինը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 180 միլիոն ՀՀ դրամ: Դպրոցը կառուցվել է 1973 թվականին եւ առ այսօր չէր վերանորոգվել:



Բացման արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, Գուգարաց թեմի Տավուշի մարզի փոխառաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը, համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը, Հիմնադրամի գործադիր վարչության փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը, ինչպես նաեւ միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հիմնադրամի Գերմանիայի եւ Շվեյցարիայի տեղական մարմինների ատենապետեր Ժիլբեր Մոմջյանն ու Ավետիս Կիզիրյանը, «Հայ գործարարների միության» ներկայացուցիչներ Մուրատ Սքյուզը եւ Արման Դերդերյանը, Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը եւ այլ հյուրեր արտերկրից:



Արմեն Գեւորգյանի հավաստմամբ` տարեցտարի Հայաստանում ավելանում է բարեկարգ դպրոցների թիվը. այս գործում մեծ է օտարերկրյա բարերերարների ներդրումը:



Հիմնանորոգվել են դպրոցի 3 մասնաշենքերը, այդ թվում` մարզադահլիճ, ճաշարանն ու հանդիսությունների սրահը: Դպրոցը համալրվել է նոր կահույքով` աշակերտական սեղան, աթոռ, գրապահարան, զգեստապահարան, գրատախտակ, ինչպես նաեւ քիմիայի լաբորատորիայի համար նախատեսված գույք: Նորաստեղծ համակարգչային դասասենյակը համալրվել է համապատասխան համակարգիչներով ու գույքով: Ծրագիրը հովանավորել են ազգությամբ գերմանացի Տեր եւ Տիկին Վայդեմանները: Բարեկարգվել է նաեւ դպրոցի հարակից տարածքը:

Խաշթառակ, Լուսահովիտ եւ Լուսաձոր համայնքների շուրջ 350 աշակերտ ուսումնական տարին սկսել են նոր պայուսակներով եւ այլ գրենական պիտույքներով: Սա էլ Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի նվերն էր դպրոցականներին:



«Յուրաքանչյուր ծնող երազում է, որ իր զավակը սովորի լուսավոր, գեղեցիկ դպրոցում: Ամեն անգամ, երբ մենք դպրոց ենք շահագործման հանձնում, հպարտանում ենք, որ հազարավոր ծնողների երազանքն ենք իրականություն դարձնում», - լրագրողի հետ հարցազրույցում նշեց Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը:



Ժիլբեր Մոմջյանը շնորհավորեց խաշթառակցիներին հիմնանորոգված դպրոցի կապակցությամբ,- «Խնդրում եմ խնամքով վերաբերվեք այս դպրոցին, որն այսօր հանձնում ենք ձեզ»:

Ավետիս Կիզիրյանն էլ երախտիքի խոսք ուղղեց Հիմնադրամի ղեկավարությանը, շինարարներին, մարզի եւ համայնքի պատասխանատուներին:



Նշենք, որ ընթացիկ տարում Հիմնադրամը Խաշթառակում կառուցել է գազատար, որի շնորհիվ համայնքի եւս 122 տնտեսություն այսօր ապահովված է գազով, հիմնանորոգել է գյուղի բուժկետը:



Այսօր արդեն ընթանում են Խաշթառակ-Լուսահովիտ-Դիտավան ոռոգման համակարգի վերանորոգման աշխատանքները, որի շնորհիվ հաջորդ տարի շուրջ 600 հա հողատարածք եւս կապահովվի շուրջօրյա ջրամատակարարմամբ:
 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---