«Popok» գովազդի առաջին միջազգային փառատոնը ամփոփել է արդյունքները

«Popok» գովազդի առաջին միջազգային փառատոնը ամփոփել է արդյունքները

PanARMENIAN.Net - «Popok» գովազդի առաջին միջազգային փառատոնի գրան պրիին արժանացավ Adventa LOWE ուկրաինական գովազդային գործակալության «Թվերի պոեզիան» աշխատանքը: Այդ նույն աշխատանքը ստացավ նաև ոսկե պարգև ու լավագույնը ճանաչվեց «Հեռուստատեսային առևտրային գովազդ» անվանակարգում: Սոցիալական գովազդի ոլորտում մրցանակի արժանացավ Mooz ընկերությունը Լատվիայից Speed աշխատանքի համար:

Հանձնելով պարգևները, «Մարքեթինգային արդյունավետություն» անվանակարգում ժյուրիի նախագահ Իգոր Գանժան նշեց, որ հաճելիորեն զարմացած է ներկայացված աշխատանքների մակարդակով: Այդ անվանակարգում լավագույնը ճանաչվեցին ուկրաինական Leo Burnett գործակալության Street Children և Kinograf ընկերության Crash աշխատանքները: Առաջինը նաև պարգևներ ստացավ սոցիալական աշխատանքների շարքում՝ «Տպագիր և արտաքին գովազդ» անվանակարգում: Այդ անվանակարգում առևտրային աշխատանքների թվում առաջատարը կրկին Ուկրաինան է՝ Saatchi&Saatchi ընկերությունը ոսկի նվաճեց Squares աշխատանքների շարքի համար, իսկ Kaffeine Communications ընկերության Moon աշխատանքը ճանաչվեց լավագույնն այս անվանակարգում:

«Գծապատկերային դիզայն» անվանակարգում ներկայացվել էր շուրջ 100 աշխատանք, որոնց թվում լավագույնը ճանաչվեց հայկական PrintInfo ընկերության 365 Wine աշխատանքների շարքը, որը երկու ոսկե մրցանակ նվաճեց այդ անվանակարգում (365 Wine, «Հայաստանի էլեկտրացանցեր»): Այդ անվանակարգում ոսկե մեդալներ ստացան նաև Kinograf, Adventa LOWE և Leo Burnett ընկերությունների աշխատանքներն Ուկրաինայից:

Ոչ այնքան լավ էին ներկայացված «Ինտերակտիվ գովազդն» ու «Ռադիոգովազդը Ինչպես ասել է ժյուրիի նախագահ Անժե Յերեբը «Ինտերակտիվ գովազդ» անվանակարգում, այդ անվանակարգում ներկայացվել է շուրջ 20 աշխատանք: Նա նաև նշել է, որ ինտերակտիվ գովազդը ապագայի գովազդ է, ուստի այն հարկավոր է զարգացնել: Այդ անվանակարգում միանգամից երկու ոսկե մրցանական ստացավ Kinograf ընկերությունը Crash աշխատանքի համար: «Ռադիոգովազդ» անվանակարգում առևտրային ու սոցիալական գովազդ անվանակարգերում լավագույնը ճանաչվեցին «Ռադիո Վանի» Visit Condoms, Smoking աշխատանքները: Նույն ռադիոընկերությունը ստացավ փառատոնի ոսկե մրցանակը Mirolla Circus աշխատանքի համար: Ինչպես նշել է Համաուկրաինական գովազդային կոալիցիայի գործադիր տնօրեն, փառատոնի ժյուրիի անդամ Մաքսիմ Լազեբնիկն, Ուկրաինայի հաջողությունը փառատոնում բացատրվում է ինչպես ներկայացված աշխատանքների քանակով (180), այնպես էլ նրանով, որ դրանցից շատերը արդեն հաղթող էին ճանաչվել գովազդի տարբեր մրցույթներում:

«Popok» գովազդի առաջին միջազգային փառատոնը տեղի ունեցավ Երևանում հոկտեմբերի 28-30-ը: Մրցույթին ներկայցվել էր շուրջ 400 աշխատանք աշխարհի 57 երկրներից:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---