Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպման արդյունքում զիջեց Վրաստանի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ընկերական հանդիպման արդյունքում զիջեց Վրաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին ՖԻՖԱ-ի վարկանիշում 62-րդ տեղը զբաղեցնող Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր ուժերը չափեց հարևան Վրաստանի ֆուտբոլիստների հետ, որը վարկանիշով 71-րդն է և 2010 թվականին ոչ մի հանդիպում չի պարտվել:

Հայաստանի հավաքականի կազմում հանդիպումը բաց թողեց պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը մարզումների ժամանակ վնասվածք է ստացել, պաշտպանության կենտրոնում խաղացին Արարատ Առաքելյանն ու Հրայր Մկոյանը: Հանդիպումը բաց թողեց նաև հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Խաղի սկզբում թիմերը փոխանակվեցին մի քանի հարվածներով, սակայն աստիճանաբար Վրաստանի հավաքականն իր ձեռքը վերցրեց խաղը` հայ ֆուտբոլիստներին հարկադրելով սխալներ թույլ տալ: 22-րդ րոպեին ալեքսանդր Իաշվիլիի շնորհիվ Վրաստանի հավաքականն առավելություն ստացավ, իսկ 12 րոպե հաշիվը կրկնապատկեց Դավիթ Սիրաձեն:

Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները փորձեցին ավելի շատ հարձակվել և որոշակի առավելության հասան: Հեռակա հարվածներով աչքի ընկան Էդգար Մալաքյանն ու Մարկոս Պիզելլին, սակայն հաշիվը կրճատել հաջողվեց միայն 67-րդ րոպեին: Հենրիկ Մխիթարյանը պենալտի վաստակեց, որը հաջողությամբ իրացրեց Էդգար Մանուչարյանը: Այս գոլը վստահություն հաղորդեց հայ ֆուտբոլիստների գործողություններին, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց հավասարեցնել հաշիվը: Հանդիպումն ավարտվեց Վրաստանի հաղթանակով` 1:2:

Սա Հայաստանի ու Վրաստանի հավաքականների 5-րդ հանդիպումն էր, և առայժմ առաջատար են վրացիները, նրանք իրենց հաշվում ունեն երեք հաղթանակ, մեկ ոչ ոքի և մեկ պարտություն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---