![]() Լրագրող և պատգամավոր. Համատեղել անհամատեղելինԻ՞նչ է պահանջում լրագրողական էթիկան, և, ի վերջո, ի՞նչ են մտածում հենց իրենք՝ առաջադրվող լրագրողները Լրագրող և պատգամավոր. որքանո՞վ են այս երկուսը համատեղելի, հնարավոր է լիարժեքորեն ներկայացնել 1-ին ու 4-րդ իշխանությունները միաժամանակ: Գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց ուժերն են ուզում փորձել նաև լրագրողները: Մի քանի գործող լրագրողներ արդեն իսկ դարձան կուսակցական և ընդգրկվեցին համամասնական ցուցակներում, մյուսները` առաջադրվեցին մեծամասնական ընտրակարգով: PanARMENIAN.Net - ՀՀ Սահմանադրությունը կարծես թե չի արգելում պատգամավորներին զբաղվել լրագրությամբ. 65-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորը կարող է կատարել միայն գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք: Իսկ լրագրողական էթիկա՞ն. ի՞նչ են պահանջում լրագրողական չափորոշիչներն ու նորմերը, և, ի վերջո, ի՞նչ են մտածում հենց իրենք՝ առաջադրվող լրագրողները: «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ եթե լրագրողը մտնում է կուսակցություն և, առավել ևս, կուսակցական նախընտրական համամասնական ցուցակ, եթե նույնիսկ ամենամեծ պրոֆեսիոնալ հատկությունները ցուցաբերի, նրա ամեն մի բառը, ամեն մի հարցը դիտարկվելու, ընկալվելու է ոչ թե որպես այդ լրատվամիջոցի, այլ կուսակցության տեսակետ, կուսակցության դիրքորոշում. «Ընթերցողն անընդհատ տողատակ է փնտրելու, փորձելու է գտնել կուսակցական թաքնված շարժառիթները, թե ինչու է տվյալ լրագրողը այս կամ այն բանն ասում կամ գրում»: Օրաթերթի արդեն նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու հենց նույն օրը հրաժարվեց լրագրողի իր աշխատանքից: «Այլևս չեմ աշխատում «Առավոտում», այլապես բախումն անխուսափելի է: Այս 2 մասնագիտությունները նույն ճանապարհով, նույն ուղիով չեն կարող գնալ: Իրավունք չունի լրագրողը զբաղվել լրագրությամբ, եթե ընտրում է քաղաքականությունը: Շահերի բախում է առաջանում, իսկ մենք իրավունք չունենք, մեր հասարակությանը, ընթերցողին խաբել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարգարիտ Եսայանը: «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանն էլ էր պատգամավոր առաջադրվելու ցանկություն հայտնել: Սակայն օրերս հայտարարեց, որ նախընտրում է լրագրությունը. «Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղել լրագրողական աշխատանքի հետ: Սակայն, ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող»: Պետրոս Ղազարյանի հետ համակարծիք է նաև Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի լրատվական և վերլուծական ծրագրերի ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ընտրվելու դեպքում կդադարեցնի լրագրողական գործունեությունը: Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի կարծիքով լրագրողը պետք է հստակ ընտրություն կատարի՝ կամ մեկը, կամ մյուսը: «Այն պահից սկած, երբ լրագրողն ընդգրկվում է որևէ կուսակցության մեջ, պետք է դադարեցնի լրագրողական գործունեությունը: Այլապես, երեկոյան հաղորդում են վարում, ցերեկը՝ քաղաքական գովազդով զբաղվում: Տվյալ դեպքերում հարցը ոչ այնքան կուսակցության անդամ լինել-չլինելուն է վերաբերում, այլ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելուն՝ պատգամավոր լինելուն: Լրագրողը պետք է ազնիվ լինի ընթերցողների հետ, իսկ այս պարագայում շահերի բախումն անխուսափելի է, և սա անընդունելի է լրագրողական էթիկայի տեսանկյունից»: Սակայն, ոչ բոլոր լրագրողներն են այն կարծիքին, թե կուսակցական լինելը դեմ է լրագրողական էթիկայի կանոններին: «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի Բյուրոյի տնօրեն Աղասի Ենոքյանն, օրինակ, կարծում է, որ լրագրողական էթիկայի տեսանկյունից այս մասնագիտությունները համատեղելի են: PanARMENIAN.Net ի հետ զրույցում նա նշեց, որ «մեզանում ընդունված է կուսակցական լրագրող լինելը կամ լրագրող, որն ունի հստակ արտահայտված քաղաքական դիրքորոշում: Սա հայկական իրականության համար սովորական երևույթ է: Նույնը և միջազգային լրագրության մեջ է. շատ երկրներում կան լրագրողներ, որոնք ներկայացնում են այս կամ այն քաղաքական ուժը, այդ ուժի շահերը»: Ենոքյանը սակայն նշեց, որ իր կարծիքով, կուսակցական լրագրողը կամ պատգամավոր լրագրողն այլևս չի կարող ընկալվել որպես զուտ լրագրող և դադարում է անաչառ լինելուց: «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր Գագիկ Մկրտչյանը, ով վերջերս դարձավ ՀՀԿ անդամ, համոզված է, թե իր կուսակցական լինելը չի կարող ազդել հեռուստաընկերության գործունեության վրա: «Առավոտին» տված հարցազրույցում նա նշում է, որ «խմբագիրը նաև լրագրող է, իսկ լրագրողն անգամ կուսակցական վիճակում շարունակում է մնալ լրագրող, ամենակարևորը օբյեկտիվությունն է»: «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանն էլ է ժամանակին կանգնել այս խնդրի առջև: Արդյունքում նա հրաժարվել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնից, սակայն ղեկավարել է և շարունակում է ղեկավարել խմբագրական խորհուրդը: «Եթե խոսքը կոնկրետ լրագրողի կամ խմբագրի մասին չէ, այլ խմբագրական խորհրդի անդամ կամ ղեկավար լինելուն է վերաբերում, պատգամավորը կարող է միայն հարստացնել տվյալ խմբագրության աշխատանքը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում անձնական փորձով կիսվեց Բաբուխանյանը: Ընդունված է, որ լրագրողը պետք է լինի քաղաքական դիրքորոշումներից և ազդեցություններից անկախ, ներկայացնի հանրության շահերը, բարձրաձայնի խնդիրները: Չորրորդ իշխանությանն ընդունված է դիտարկել որպես Օրենսդրի, Գործադրի ու Դատականի զսպաշապիկ: Սակայն, մեր համոզմամբ, լրագրող-կուսակցական- պատգամավորը չի կարող զսպել ու օբյեկտիվորեն քննադատել իր «կուսակից գործընկերներին»: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Յոթ որդու Բավական քույրը |