22  "Հրազդան" մարզադաշտի նախագծումը, կառուցումը և առաջին խաղը
Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 3-րդ

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 3-րդ

«Հրազդանի» տարածքում առևտրի կենտրոնի կառուցումը կքննարկվի ԱԺ ընտրություններից հետո

PanARMENIAN.Net- ը «Հրազդանի» մասին պատմող հոդվածաշարի 3-րդ մասում կներկայացնի ստադիոնի այսօրվա վիճակը. ի՞նչ խնդիրներ կան լուծելու, ինչպե՞ս է նախապատրաստվում Իտալիայի դեմ խաղին և վերջապես, կկառուցվի՞ ստադիոնի տարհանման գոտում առևտրի կենտրոն: Այս հարցերի պատասխաններն իմանալու համար PanARMENIAN.Net-ը զրուցել է ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի և շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարի հետ:

PanARMENIAN.Net - Հայաստան-Թուրքիա խաղից առաջ «Հրազդանի» վերանորոգման համար ծախսվել է 2,5 մլն դոլար.

«Հրազդան» ստադիոնը մասնավորեցվել է 2005 թվականին Աշոտ Աղաբաբյանի կողմից: Մասնավորեցման պայմանագրով նախատեսված էր, որ մինչև 2010 թվականը ստադիոնի սեփականատերը պետք է կատարի 2 մլն դոլարի ներդրում: «Կար հստակ ժամանակացույց, թե ամեն տարի որքան գումար պետք է ծախսվեր: Սակայն 2008 թվականի Հայաստան-Թուրքիա խաղն առիթ դարձավ, որ ստադիոնի վերանորոգման համար ծախսվի 2,5 մլն դոլար: Ամեն ինչ արվեց, որ մինչև հանդիպումը «Հրազդանը» պատրաստ լինի»,- ասում է «Հրազդան» հոլդինգի մամուլի ծառայության ղեկավար Թամարա Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ ժամանակ վերանորոգվել են հանդերձարանները և յարուսը, բուժկետը, դոպինգ ստուգման սենյակը, մամուլի ասուլիսի սրահը, որն ունի 80 տեղ, ասֆալտապատվել է հանդիսատեսի և խոտածածկի միջև ընկած հատվածը:

«Նստարանների թիվը պակասել է` դառնալով 55 հազար, քանի որ տեղադրվել են անհատական նստարաններ: Արժե նշել, որ Հայաստանի և Թուրքիայի երիտասարդական հավաքականների խաղի ժամանակ երկրպագուները կոտրել էին նոր նստարանները, և ազգային հավաքականի խաղից առաջն բոլոր աթոռները կրկին փոխվել են: Ողջ գումարը տրամադրվել է տոնավաճառի շահույթից»,- շարունակում է Սարգսյանը:

«Հրազդանի» տարհանման գոտին հնարավոր է վերածվի առևտրի կենտրոնի.

Այս խաղից հետո անցել է չորս տարի, և այսօր «Հրազդան» ստադիոնը կանգնած է մեկ այլ խնդրի առջև: 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի որոշմամբ, մարզադաշտի տարհանման գոտում պետք է կառուցվի 20 մետր բարձրությամբ առևտրի կենտրոն: Ճարտարապետ, «Հրազդան» ստադիոնի նախագծի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի խոսքով, նման կենտրոնի կառուցումը վտանգավոր է և անհամատեղելի սպորտային համալիրի հետ:

«Հրազդան» ստադիոնի այսօրվա տոնավաճառի տարածքում մարդիկ էին հավաքվում, և մուտքերի կտրվածքն արված է նրա համար, որ մարզադաշտը դատարկվի 8-10 րոպեի ընթացքում: Այսօր բաց է միայն Աթենքի փողոցը: Երբ խաղից հետո 60 000 երկրպագու դուրս գա մարզադաշտից, ինչպե՞ս են այդքան քիչ ժամանակի ընթացքում հասցնելու ազատել տարածքը: Ու, Աստված չանի, եթե ինչ-որ արտակարգ իրավիճակ առաջանա այդ ժամանակ, ընդհանրապես հնարավոր չի լինի իրականացնել տարհանում»,- ասում է Մուշեղյանը:

«Ստադիոնը ընդգրկում է 35 հա տարածություն, և յուրաքանչյուր 1000 մարդու անվտանգ շարժվելու համար հարկավոր է 0,7-0,10 հա տարածություն, սակայն այս շինությունը կառուցելու դեպքում այդ ամենը անհնար կլինի իրականացնել»,- շարունակում է ճարտարապետը:

Խորհրդային Միության փլուզումից հետո հետխորհրդային երկրներում թույլատրվել է ստադիոնների տարածքում առևտրով զբաղվել, որպեսզի ստացված եկամտով կարողանան պահել և հոգալ ստադիոնի ծախսերը: Այսօր արդեն ստադիոնների տարածքում նմանատիպ առևտրի կրպակներ արդեն չկան: Բացառություն է կազմում Երևանի «Հրազդան» մարզադաշտը: Ավելին, Մուշեղյանի խոսքով, 2011 թվականին առևտրի ապօրինի կրպակները օրինականացվել են, և այդ տարածքը սպորտայինից վերածվել է խառը գոտու:

«Տարհանման ժամանակ փողոցների կտրվածքները չեն բավականացնի այդքան հանդիսականների հեռացման համար: Արտակարգ իրավիճակների համար պետք է լինեն չկառուցապատված տարածքներ, որպեսզի մարդիկ այդտեղ կուտակվեն այնքան ժամանակ, մինչև որ կարողանան հեռանալ: Եվ հիմա այդ ազատ գոտում ցանկանում են առևտրի կենտրոն կառուցել, ինչը պարզապես անհեթեթություն է»,- ավելացնում է ճարտարապետը:

Ստադիոնի «հարցը» քննարկման կդրվի մայիսին` ԱԺ ընտրություններից հետո

2011 թվականի հոկտեմբերի 19-ի Արտակարգ իրավիճակների վարչության որոշմամբ, «Հրազդան» մարզադաշտի տարածքում անթույլատրելի է համարվում կատարել նման շինարարություն:

Ճարտարապետների միությունը դիմել է տարբեր գերատեսչությունների, այդ թվում` նաև Երևանի քաղաքապետարան, որպեսզի այդ առևտրի կենտրոնը չկառուցվի: Սակայն մինչ օրս ոչ մի հստակ պատասխան չկա, թե Հայաստանի ամենամեծ ստադիոնի տարածքում ի վերջո կկառուցվի՞ առևտրի համալիր թե ոչ:

Երևանի քաղաքապետարանի Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ «կառուցապատողի կողմից ներկայացվել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում առևտրի կենտրոնի կառուցման էսքիզային նախագիծ, որը, սակայն, Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության չի արժանացել»։

Քաղաքապետարանից տեղեկացնում են նաև, որ այս հարցի քննարկմանը իրենք կարող են անդրադառնալ՝ «Հրաղդան» մարզադաշտի և դրան հարակից տարածքի կարգավիճակի վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման առկայության դեպքում։

«Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը նշում է, որ ստադիոնի տարհանման գոտում առևտրի կենտրոնի կառուցման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի մայիսին, ավելի ստույգ` ԱԺ ընտրություններից հետո: «Անգամ եթե այդ շինությունը կառուցվի, կանենք այնպես, որ ստադիոնի անվտանգության հետ կապված նորմերը պահպանվեն»,- ասել է Աղաբաբյանը:

Ըստ նրա, «Հրազդան» մարզադաշտի տերը ժողովուրդն է, իրենք ընդամենը ղեկավարում են այն և որոշակի իրավունքներ ունեն, և ինքը շատ ուրախ կլինի, որ ստադիոնը կրկին ծառայի իր բուն նպատակին:

ՈւԵՖԱ. Եթե նման շինություն կառուցվի, ապա կարգելվի «Հրազդանում» որևէ հանդիպում անցկացնել.

«Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտում շինության կառուցումն առաջ բերեց նաև ֆուտբոլային երկրպագուների զայրույթը: Նրանք կազմակերպեցին բողոքի ակցիա` ի պաշտպանություն մարզադաշտի:

Սակայն այդ բողոքի ակցիան շարունակական բնույթ չկրեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հավաստիացրեց, որ ինքը զրուցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, և նա նշել է, որ նման որոշում քաղաքապետարանը չի կայացրել:

«Եվ ես չեմ կարծում, որ կլինի նման որոշում: Ուղղակի օգոստոսին եղել է նախագիծ, և ՈւԵՖԱ-ից մենք նամակ ենք ստացել, համաձայն որի, եթե «Հրազդանի» տարհանման գոտում նման շինություն կառուցվի, ապա կարգելվի այնտեղ որևէ հանդիպում անցկացնել»,- նշել է Հայրապետյանը:

Երևանի քաղաքապետը հանդիպել է երկրպագուների ՖԱՖ շարժման ներկայացուցիչներին, ովքեր քաղաքապետին են փոխանցել «Հրազդան» մարզադաշտի տարհանման գոտուն կից հատվածում առևտրային համալիր կառուցելու վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Տարոն Մարգարյանը նկատել է, որ բարձրացվող խնդիրը, ըստ էության, առարկայական հիմնավորում չունի, քանի որ մինչև այսօր վերոնշյալ տարածքում շինություն կառուցելու որևէ նախագիծ ներկայացված չէ:

Անկախ ամեն ինչից, «Հրազդանը» վերանորոգվում է` պատրաստվելով Հայաստան-Իտալիա խաղին.

ՀՖՖ նախագահի կարծիքով, Հայաստանը հնարավորություն չունի կառուցել 500-600 մլն դոլարանոց ստադիոն, մինչդեռ 15-20 միլիոնով կարող է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին. «Կարևոր չէ, թե ստադիոնն ումն է, կարևորը, որ այն ծառայի իր նպատակին: Այսօր արդեն սկսվել են ստադիոնի վերանորոգման աշխատանքները, և շատ է մեծ ցանկությունը, որ այն ընդունի Հայաստան-Իտալիա հանդիպումը»:

Հայրապետյանը ստույգ չի կարողացել նշել, թե ինչքան գումար կծախսվի շինարարութան վրա, քանի որ վերանորոգումը աստիճանաբար է արվում, և երբեմն չնախատեսված աշխատանքներ են առաջանում: Արժե նշել, որ արդեն 2013-ից կառուցվելու է ստադիոնի ծածկը, և մոտավորապես կծախսվի 10-15 մլն դոլար:

Ստադիոնի վերակառուցման համար գումար է ներդրել նաև «Հրազդանի» ղեկավարությունը: Աղաբաբյանի խոսքով, դա շատ քիչ գումար է ՀՖՖ տրամադրած գումարի համեմատ. «Ստադիոնում իրականացվող բոլոր աշխատանքները վերահսկում է ֆուտբոլի ֆեդերացիան: Մեր նպատակն է «Հրազդանը» համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, որպեսզի հավաքականն իր հանդիպումներն անցկացնի այստեղ: Վերանորոգումից հետո հնարավորություն կստեղծենք, որ ստադիոնում անցկացվեն նաև ատլետիկայի մրցումներ»,- ասել է նա:

Վերանորոգումն ընթանում է մի քանի փուլերով.

«Հրազդանի» վերանորոգումը ընթանում է մի քանի փուլերով. նախ վերանորոգվում են հանդերձարաններն ու սանհանգույցները, իսկ մայիսից կփոխվեն խոտածածկն ու բոլոր լույսերը:

Ըստ մարզադաշտի շինարարության պատասխանատու Վահագն Դավթյանի, այս պահին իրականացվում են ապամոնտաժման աշխատանքներ: «Մի քանի օրից կսկսնեք աշխատել հանդերձարաններում, կվերակառուցենք ջերմամեկուսացման, օդափոխության համակարգերը: Այս ներքին հարդարման աշխատանքները պլանավորում ենք ավարտել մայիսի 1-ին, ու սրանից հետո կսկենք հողային աշխատանքները, ապա կանցնեք տրիբունաների ու լուսատախտակի փոփոխությանը»,- ասում է Դավթյանը:

Շինարարները կոնկրետ աշխատանքային ժամեր չունեն, աշխատում են և առանց հանգստյան օրերի: Բոլորի մոտ էլ մեծ է ցանկությունը «Հրազդանը» վերանորոգել ժամանակին:

«Հրազդանը» կհարմարեցվի նաև ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար.

«Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» միությունը ՀՖՖ-ին առաջարկում է ստադիոնի մուտքերը, նստատեղերը, սանհանգույցները, ինչպես նաև ավտոկայանատեղերը հարմարեցնել տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար: Սա կնպաստի նաև, որ վերջիններս կարողանան օգտվել մարզադաշտի բոլոր ծառայություններից այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի:

ՀՖՖ նախագահը նշել է, որ ֆեդերացիան միշտ խրախուսել է հաշմանդամություն ունեցող ֆուտբոլասերների մուտքը մարզադաշտ և, որ նրանց համար սովորաբար հատկացվել են տեղեր դաշտին կից վազքուղու վրա կամ առաջին շարքում: Նա առաջարկել է մինչև մայիսի 8-ը ներկայացնել կոնկրետ քայլեր և հստակ պահանջներ կապված հարմարեցումների հետ և հայտնել է իր պատրաստակամությունը դրանք ապահովելու համար:

Ի՞նչ սպասումներ ունի մարզադաշտից մեր հավաքականը, կպատմենք հոդվածաշարի վերջին` 4-րդ մասում:

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 1-ին

Մեր «Հրազդանի» պատմությունը. Մաս 2-րդ

12  05.04.12 - "Հրազդան" մարզադաշտի վերանորոգումը
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---