PanARMENIAN.Net-ի բնապահպանական 2012-ը. «Սիրուն չի, Տարոն ջան»-ից մինչև բեզոարյան այծի որս, հանքեր ու ՀԷԿ-եր

PanARMENIAN.Net-ի բնապահպանական 2012-ը. «Սիրուն չի, Տարոն ջան»-ից մինչև բեզոարյան այծի որս, հանքեր ու ՀԷԿ-եր

Ինչքան էլ բնապահպաններն ակտիվ լինեն ու նրանց շարքերն ավելանան, բնապահպանական խնդիրներն ավելին են

Քանի որ բնապահպանական աղետներն ու իրադարձությունները շատ էին 1 տարվա համար, առանց նախաբանի անցնենք դրանց ամփոփմանը: Մաշտոցի պուրակ-ը 2012-ին դարձավ բնապահպանների Ազատության հրապարակը: Մեծ հաղթանակի տեղում նրանք արդեն հավաքվում են առաջիկա հաղթանակները պլանավորելու, իսկ պատմությունը սկսվեց Աբովյան փողոցից: Ապամոնտաժվող կրպակները տեղափոխվում էին պուրակ, բնապահպանները` պայքարում: Հետո նախագահն ասաց հայտնի` «Սիրուն չի, Տարոն ջան»-ն ու խնդիրը լուծվեց: Մնացին մյուսները:

PanARMENIAN.Net - Հանքարդյունաբերություն

2012-ի հենց սկզբին «Վալլեքս Գրուպ»-ը տեղեկություն տարածեց` բնապահպանների մուտքը Թեղուտ կարգելվի։ Ակտիվիստները որոշեցին, որ «Վալեքս-մալեքս չգիտեն, Թեղուտը ետ կուզեն» ու հենց հաջորդ օրը 200 հոգով արշավեցին դեպի արգելված գոտի: Բնապահպանների դեմ աշխատանքը պահպանող թեղուտցիները պայքարեցին. «Ես իմ ընտանիքը սրանով եմ պահում: Պարա՞պ եք մնացել, որ եկել եք: Գիտեի՞ք` որտեղ էր Թեղուտը»: Տարվա վերջին տվյալներով Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց`ավելի քան 2 տարի հանքավայրը շահագործվում է առանց թույլտվության ու առանց փորձաքննության ենթարկվելու:

Քաջարանում հանքարդյունաբերողների դեմ բոլորից առաջ գյուղապետ Ռաֆիկ Աթայանը էր պայքարում: Նրա խոսքով՝ ամռան ամիսներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությունը Քաջարան գյուղը շրջափակման մեջ է պահել: «Բնությունը փչացնում են, աշխատավարձը` քչացնում: Կոմբինատի դիրեկտորը ասում է՝ հանք չկա: Որ հանք չկա, ինչպես ա՞ հարստացել հինգ ախպերով: Եկեք, տեսեք` հանք կա՞, թե՝ չէ»,- ասել է գյուղապետը: Կառավարությունը որոշել է Քաջարանի և հարակից 5 գյուղերի հողերն օգտագործել Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանն ընդլայնելու համար: Բանը հասել է նախագահին բաց նամակ գրելուն: Եվ ոչ միայն այս դեպքում: Նախագահի փոստն այս տարի բնապահպաններից ու գյուղացիներից բաց նամակներով առատ է եղել:

Գյուղացիներին այլ ելք չի մնում. հատկապես, երբ գյուղապետն էլ հանքարդյունաբերողների կողմն է բռնում: Այդպես էր մեղրաձորցիների դեպքում: Այս տարի ոսկու հանքարդյունաբերությամբ զբաղվողները նախատեսում են Մեղրաձոր գյուղում ոսկու կորզման ցիանային արտադրամաս կառուցել: Մեղրաձորցիները բողոքեցին`հասարակական լսումներն ուղեկցվել են անձնական պայմանավորվածություններով, տեղի բնակչության վրա ճնշումների գործադրմամբ, կոռուպցիոն ռիսկերով ու օրենքի խախտումներով: Սրանից բացի բնապահպանները հայտարարեցին, որ վաղուց Մեղրաձորի ոսկու հանքավայրի փակ շահագործումից անցել են բաց շահագործման:

2006-ին է Արագածոտնի մարզի Մելիք գյուղը լցվել գեղեցիկ մեքենաների ազդանշաններով, ամերիկյան դրոշներով. բացվեց «Թուխմանուկ» կոչվող ոսկու հանքը: Գյուղի աշխատուժը հացի խնդիրը լուծեց, բայց ուրախությունը երկար չտևեց. մի ուժեղ անձրև էլ՝ խմելու ջրագիծը կարող է մնալ հանքավայրի ջրամբարի տակ: Աշխատաքնից զրկվելու վտանգը չխանգարեց. այս տարի նրանք պայքարեցին նաև հանքը շահագործող «ՄեգոԳոլդ» ՍՊԸ նոր`3-րդ պոչամբարը կառուցելու նախագծի դեմ: 2 փոքր պոչամբարներն արդեն լցված են: Գյուղից` 800 մ, ֆաբրիկայից 1600 մ հեռավորության վրա` համայնքի արևելյան մասում նախագծված նոր պոչամբարի ընդհանուր մակերեսը 6-7 հա է լինելու, ծավալը` 90 հազ. խմ` երկու անգամ ավելի, քան նախորդ երկու պոչամբարները միասին վերցրած: Բնապահպանները հայտարարեցին հերթական հանցագործ ծրագրի ու Գետիկ գետ հնարավոր արտահոսքերի մասին:

Ինչքան էլ պոչամբար կառուցողները բացառում են արտահոսքի հնարավորությունը, 2012-ին պոչամբարներից արտահոսքի, պոչատարների վնասվելու մասին բազմաթիվ ահազանգեր եղան: Գեղանուշի պոչատար խողովակաշարից արտահոսքը վերջիններից էր: Շահագործող ընկերությունն ուսումնասիրեց ու հայտարարեց` սաբոտաժ էր: 2012 թվականի ընթացքում սա միայն Գեղանուշի պոչամբարի խողովակաշարի 3-րդ վթարն էր:

Հատուկ պահպանվող տարածքներ

Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 14%-ը: 2012թ. բնապահպանները հայտարարեցին` արգելավայրերն ու բնության հուշարձանները ոչ մեկի կողմից չեն պահպանվում, սահմանները հաստատված և քարտեզագրված չեն, կառավարման պլանները մեծամասամբ բացակայում են, անձնագրեր չկան:

Ի դեպ, «Թռչկանի ջրվեժի փրկության համար պայքարի արդյունքում, հաղթանակից մեկ տարի հետո ՀՀ բնապահպանության նախարարը 09.11.2012թ. հ. 293-Ն հրամանով վերջապես հաստատեց Թռչկանի ջրվեժ բնության հուշարձանի անձնագիրը: Շնորհավորում ենք պայքարի բոլոր մասնակիցներին և աջակիցներին» - հայտարարեց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը:

Տարվա ընթացքում ամենամեծ աղմուկը «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ բարձրացավ: Ապօրինի շինության պատճառով սկսված բնապահպանական շարժումը վերածվեց որսագողության դեմ պայքարի: Անտառում հայտնաբերվեցին Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի, կովկասյան գորշ արջի, նապաստակի մնացորդներ: Որսագողը հայտնաբերվեց, բնապահպաններն էլ հայտնաբերեցին, որ ինքը չի. արգելոցի տնօրենն ազատվեց աշխատանքից, նոր տնօրենի համար մրցույթ հայտարարվեց` անհաջող արդյունքով: Հիմա արգելոցը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի: Բնապահպանները բողոքեցին` «մենք տարիներով յոլա չենք գնա ժամանակավոր պաշտոնակատարով», նախարարը խոստացավ` տոներից հետո նոր մրցույթ կհայտարարվի:

Ո՞վ է Գառնու քարերի սիմֆոնիան վերածում Ջուղայի գերեզմանոցի: Բնապահպանները նկարեցին ու տարածեցին հուշարձանի ոչնչացման տեսարաններ: Ոստիկանությունը ձերբակալեց Գառնի գյուղի բնակիչներից մի քանիսին: Նրանցից մեկը խոստովանեց, որ սալիկներով պապի գերեզմանատեղում պարիսպ է կառուցել: Բնապահպանները համոզված են, որ այդ նույն բազալտից Գառնիում և այլ վայրերում կան այլ շենք-շինություններ, մի քանի առանձնատներ, որոնց կառուցման համար օգտագործվել է նույն քարը: Այս հուշարձանը ևս այս տարի մնաց առանց անձնագրի:

Փոքր ՀԷԿ-եր

Կառավարության որոշմամբ նախատեսվում է 300 փոքր ՀԷԿ կառուցել, որից 145-ն արդեն կառուցվել է: Բնապահպանների խոսքով ՝ ռազմավարություն կա, կարգ կա, բայց դրանք գրեթե չեն կիրառվում, ՀԷԿ-երի գործունեությունը չի վերահսկվում: «10 % էներգիայի դիմաց, որը պիտի ստացվի փոքր ՀԷԿ-երից, արդյո՞ք արժի այսքան բարձր գին վճարել»,- 2012-ին հարցրեցին բնապահպանական նախաձեռնությունների անդամները:

Բնապահպաններից բացի նաև «Խաչաղբյուր-1» ՀԷԿ-ի հետևանքները տեսած գետահովիտցիները «Խաչաղբյուր-2»-ի մասին լսել չեն ուզում: Նրանց էլ առանձնապես ոչ ոք չի ուզում լսում: ՀԷԿ-ը կառուցում է «Մեգաէներջի» ՍՊԸ-ն Տավուշի մարզում: Հասարակական նախնական լսումների ժամանակ Գետահովիտի բնակիչները հայտնեցին`վտանգի տակ են հայտնվելու համայնքի խմելու ջրի և Պաղջուր գետի ձկնային պաշարները, Իջևանի և Արջատխլենու արգելավայրերը: Ավելի վաղ բնապահպանության նախարարն էր ընդունել ակտիվիստներին և գետահովիտցիներին: Արամ Հարությունյանն ասել է. «Կարծում եմ` անհրաժեշտ է դադարեցնել ՓՀԷԿ-ի շինարարակական աշխատանքները»: Բնապահպաններն ասում են` 100 ծառ արդեն կտրվել է:

«Խաչաղբյուր 2»-ից քիչ վերև` Լաստիվերի ջրվեժն է: Ամռանը բնապահպանները տեղեկություն տարածեցին ցամաքելու վտանգի մասին, բայց ոչ այն պատճառով, որ ամառ էր: Ջրվեժի վրա պատրաստվում են ՀԷԿ կառուցել, ջրօգտագործման թույլտվությունը բնապահպանների որակմամբ «բնավիրման» նախարարությունն արդեն տվել էր: Ջրվեժին շատ մոտ է նաև Լաստիվերի երկհարկ քարանձավը: Պայքարելու հերթը հասավ Ենոքավան գյուղի բնակիչներին: «Եթե ևս մի ՀԷԿ կառուցեն, ոչ միայն գյուղի կեսից ավելին կզրկվի ոռոգման ջրից, այև աշխատանքից», - պատմել են Երևան եկած ենոքավանցիներն ու ավելացրել` ոչ մի փորձագետ չի այցելել` գետն ու դրա շրջապատն ուսումնասիրելու, մի քանի գյուղացու մասնակցությամբ անց են կացվել հանրային լսումներ, որոնց մասին գյուղում համարյա ոչ ոք տեղյակ չէր:

Հանրային լսումների ընթացքում խախտումների մասին ոչ միայն ենոքավանցիներն են խոսել: Պարզվել է՝ նշանակված տեղն ամայի տարածք է /Ջերմուկ/ կամ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչն ասել է` ծանուցում ենք ուղարկել, համարել մեկ հանրային լսում /Ստեփանավան/: Ստեփանավանի ՀԷԿ-ի շուրջ մի այլ խնդիր էլ կա: Տնօրենը վստահեցնում է` երկրորդը կառուցել չեն նախատեսում, բայց եթե «Ստեփանավան 2» չի լինելու, ինչու է «Ստեփանավան 1»-ը համարակալված: Տնօրենն ասում է, որ մինչև իր պաշտոնավարումն է եղել, ինքը տեղյակ չէ: Բնապահպանները տարվա ընթացքում նաև ՀԷԿ-երի, հանքերի մեծ մասի փաստաթղթերում սխալներ, կեղծ տեղեկություններ են գտել ու հրապարակել: Ահազանգերում կարմիր թելի պես անցնում է այն մտահոգությունը, որ ՀԷԿ-երը, զարգացնելով վերականգնվող էներգետիկայի ճյուղը, միաժամանակ անդարձ ոչնչացնում են բնությունը`անխնա շահագործելով:

Սևանա լիճ

Սևանը շարունակում է մնալ բնապահպանական թեժ կետերից մեկը: Լիճ լցվող գետերի աղտոտումները` կենցաղային աղբով և հանքային թափոններով, մոտակա բնակավայրերի կոյուղաջրերը շարունակում են սպառնալ էկոհամակարգին: 2012թ. Կառավարությունը գյուղատնտեսական նպատակներով հավելյալ ջուր օգտագործելու որոշում կայացրեց, ինչը միանշանակ չընդունվեց: Շարունակում է նվազել է ձկնապաշարը, որը 2010թ. տվյալներով կազմում է մոտ 326 տոննա: Համեմատության համար`1983թ-ին` 11 հազար տոննա էր: Բնապահպանների խոսքով՝ ամեն տարի պետական միջոցներով բաց թողնվող ձկնազանգվածը չի կարող լուծել վերականգնման խնդիրը, քանի դեռ չեն վերացվել այն ծնող պատճառները: Իսկ նախարար Արամ Հարությունյանը, տարվա բացթողումը նշելիս , դեռ կատակում է` «Այս տարվա բացթողումը 366.667 հազար մանրաձկան բացթողումն է Սևանա լիճ»: Ի դեպ, նախարարի հրաժարականն այս տարի 48 ՀԿ պահանջեց և ոչ միայն:

Ինչքան էլ բնապահպաններն ակտիվ լինեն ու նրանց շարքերն ավելանան, բնապահպանական խնդիրներն ավելին են: Հետևաբար 2013-ին էլ պայքար կլինի: Ու երբ բնապահպան ակտիվիստն արդեն կոչում է ու կարգավիճակ, բնապահպանությունը հասարակական կյանքի նկատելի ու կարևոր մասն է: Նրանք համախմբվում են, պայքարում, այլ անկյունից ցույց տալիս խնդիրն ու ազդեցություն ունեն: Որպես այս ամենի արդյունք`

2013-ի ամփոփիչ հոդվածում ավելի շատ հաղթանակների սպասումով՝ Անի Ավետյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---