![]() Անկինոթատրոն. «Հայրենիք»Հարևան շենքի բնակիչները բոլորին չէ, բայց աշխատակիցների մի մասին հիշում են «Մոսկվա», «Նաիրի»: Կինո գնալու համար կամ Աբովյան փողոց 18, կամ Մաշտոցի պողոտա 50: Սա մեր ընտրությունն է: Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ այս նույն ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կիոթատրոն: Ձեզնից ոմանք աշխատանքի, դասի գնալիս ամեն օր անցնում են այդ կինոթատրոնների կողքով: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: Շենքեր, որոնք մեզ գուցե ոչինչ չեն ասում: Բայց ժամանակին դրանք այն մեծ մշակույթի մի մասն էին, որ կոչվում էր կինոթատրոն: PanARMENIAN.Net-ն այսօրվանից սկսում է այդ մշակույթին ու այդ երկու տասնյակ չգործող կինոթատրոններին նվիրված շարք: Փաստեր, մարդիկ, հիշողություններ: Այն ամենը ինչ մենք՝ այդ կինոթատրոնները երբևէ ներսից չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչներս, կարողացել ենք լսել, հավաքել ու գրառել: ![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայրենիք» արտադրական կոպերատիվ, ավելի հայտնի որպես «Հայրենիք» կինոթատրոն: Հասցե՝ Արշակունյաց 38: Գործունեությունը՝ կինոֆիլմերի ցուցադրում, պարենային ապրանքների մանրածախ և մեծածախ առևտուր, պլաստմասե իրերի արտադրություն, կենցաղային և տնտեսական ապրանքների մանրածախ և մեծածախ առևտուր, հագուստի և կոշիկի մանրածախ և մեծածախ առևտուր: Տարածքի ընդհանուր մակերեսը 1261.4 քմ: Տարածքի գնահատված արժեքը 164 312 555 դրամ: Հիմնական միջոցների ընդհանուր արժեքը 123 600 900 դրամ: Շահագործման է հանձնվել 1951 թվականին: 1951 թվականի «Սովետական Հյաաստանի» մայիսի 1-ի համարում, որն ամբողջությամբ նվիրված է Աշխատավորների օրվան, վերջին էջի այն հատվածում, որտեղ սովորաբար տեղ էին գտնում թատրոնների ու կինոթատրոննրի այդ օրվա խաղացանկերը, մի փոքրիկ անկյունում գրված է. «Երևան քաղաքի Ստալինյան ռայոնում բացվում է նոր կինոթատրոն «Հայրենիք»: Ցուցադրվելու է գունավոր գեղարվեստական ֆիլմ «Բեռլինի անկումը»: Այդ օրվանից 62 տարի անց Արշակունյաց 42/1 շենքի ամենատարեց բնակիչները կինոթատրոնի հետնամուտքի մոտ նստած հիշում են, որ «առաջին սեանսին ասեղ գցելու տեղ չկար»: «Խաղաղ օրերին», «Երկնային դադնաղ ընթացք», «Ոտքի կելնեն նոր մարտիկներ», «Հետախույզի սխրագործությունը»: Ահա այն ֆիլմերը, որոնք ցուցադրվում էին կինոթատրոնում շահագործման հանձնվելու առաջին շրջանում: Հետո եկան ուրիշ ժամանակներ: «Սկեցին առաջին հնդկական ֆիլմերի սեանսները ու այդ ժամանակ տոմսերի համար իսկական պատերազմ էր լինում»,-պատմում են Արշակունյաց 42/1-ի բնակիչները: Հիշում են, որ ոստիկանությունը միշտ հսկում էր տարածքը, բայց մի անգամ հնդկական «Թափառաշրջիկի» ցուցադրությունից առաջ հարցը դանակին հասավ: Հարևան շենքի բնակիչները բոլորին չէ, բայց աշխատակիցների մի մասին հիշում են: Հիշեցին սաքսոֆոնահար Նշանին, ով կինոթատրոնի նվագախմբում էր նվագում: Նվագախումբը 7 հոգուց էր բաղկացած, տղաները նվագում էին սեանսից առաջ կամ հետո, իսկ ազգությամբ եզդի երգչուհին՝ երգում: Շատերը նաև տոմսավաճառ Քնարին, «բուֆետչիկ» Խաչիկին ու նկարիչ Ռուբոյին հիշեցին, ով աֆիշաներն էր գրում: Նկարիչ Ռուբոյին նաև կինոթատրոնի 9 ամսվա կինոմեխանիկը հիշեց: Վանիկ Ալեքսանյանը «Հայրենիքում» աշխատել է 1985 թվականին: Պատմում է, որ ժողովներին Ռուբոն բողոքում էր, որ իրեն ներկ չեն տալիս, որ աֆիշաները գրի: Ռուբոն մի առաքելություն էլ ուներ. ձայնագրում էր ինքնապատասխանիչի տեքստը.«Մի կիսամութ սենյակատիպ անկյուն ունեինք: Այն ծառայում էր որպես սինքրոն թարգմանիչների խցիկ։ Մի երկու անգամ պատահել է, որ փառատոների շրջանակում չթարգմանված ֆիլմեր ենք ցուցադրել, ֆիլմը կենդանի ձայնով էր կրկնօրինակվում: Ունեինք ինքնապատասխանիչով հեռախոս. ցանկացած մարդ կարող էր զանգահարել տրված համարով, և ինքնապատասխանիչը կասեր, թե տվյալ օրը ինչ կինոնկար է ցուցադրվում։ Այն ժամանակ դա բավականին լուրջ տեխնիկական առաջընթաց էր համարվում։ Հիմնականում նկարիչ Ռուբոն էր տեքստը ձայնագրում։ Նրա բացակայության ժամանակ՝ ես: Նշեմ նաև, որ կինոնկարները ցուցադրում էինք 23 ԿՊԿ կինոպրոյեկցիոն ապարատով»։ Կինոմեխանիկը հիշում է նաև կինոթատրոնի մանր ու մեծ «մախինացիաները», տոմսերի վաճառքից մինչև այդպես էլ չստացած հոնորարներ, թեև մի անգամ, այնուամենայնիվ, հոնորար ստացան. «Կոմս Մոնտե Քրիստոյի» ցուցադրության ժամանակ էր, մեկ շաբաթից ավել դահլիճը լեփ-լեցուն էր»: Ասում են՝ «Հայրենիք» հիմնականում աղջիկներն էին գնում: Սա էլ է բացատրվում նրանով, որ հիմանակնում հնդկական կինոներ ցուցադրող կինոթատրոնը, բնական է՝ նախընտրում էին զգացմունքային աղջիկները. «Մենք Փարաքարում էինք ապրում ու 1 ռուբլով գալիս էինք Երևան` դասի, հետո էլ կինո: 15 կոպեկով օդանավակայանի ավտոբուսով գալիս էինք Երևան, 4 կոպեկով հասնում Չարբախ: 15 կոպեկով խաչապուրի էինք ուտում, 50 կոպեկ էլ կինոյի տոմսն արժեր: «Հայրենիք» կինոթատրոնում հիմնականում հնդկական ֆիլմեր էին ցուցադրում: Մենք էլ երիտասարդ աղջիկներ էինք, ռոմատիկ էինք: Երևի հենց դրա համար էինք հենց այդ կինոթատրոն գնում»: Անահիտ Եղիազարյանն ամուսնու` Սոկրատ Եղիազարյանի հետ վերջին անգամ «Հայրենիք» կինոթատրոն գնացել է, երբ դեռ ամուսնացած չէին` 1984թ. աշնանը: Միանգամից նշեցին, որ վերջին շարքերում չեն նստել. զրույցը նաև նրանց դուստրն էր լսում: Այդ անգամ էլ հնդկական ֆիլմ են դիտել ու դա եղել է առաջին ու վերջին անգամը, որ պարոն Սոկրատը համաձայնել է տիկնոջ ընտրած ֆիլմը դիտել: «Մենք ընկերներով սովորաբար «Մոսկվա» կամ «Նաիրի» կինոթատրոն էինք գնում: «Հայրենիք» գնալն ու հնդկական ֆիլմ դիտելն այնքան էլ ընդունված չէր մեր շրջապատում», - պատմում է Սոկրատ Եղիազարյանը: «Այն ժամանակ կինո գնալը թատրոն գնալուն գրեթե հավասար էր: Ձմեռը թատրոն գնալիս կանայք երկարաճիտ կոշիկներով էին գալիս, բայց իրենց հետ կոշիկներ էին բերում ու դահլիճ միայն դրանք հագնելուց հետո էին մտնում: Այդպես կինո «Մոսկվայում» է եղել», - ասաց Սոկրատ Եղիազարյանը: Սոկրատ Եղիազարյանը անգամ տոմսերը վերավաճառողներ տղաներին է հիշում՝ Քաջիկն ու Ալիկը. «Իրենք էին մեզ տոմս հասցնում պետք եղած ժամանակ»: Մի օր կինոթատրոնը փակվեց, տղաներին էլ այլևս չտեսան: Մեր զրուցակիցները դժվարացան հիշել՝ վերջին անգամ ինչ ֆիլմ են դիտել «Հայրենիքում»: Արշակունյաց 42/1 շենքի բնակիչ Կամո պապը միայն սրտնեղեց, որ մի քանի տարի առաջ երկար ընդմիջումից հետո մտել է շենք ու տեսել, որ նախկին «Հայրենիքը» միայն դրսից է պահպանվել. «Օթյակները չկան, կինոթատրոնը հիշեցնող ոչինչ չկա, ոչ գույքը, ոչ դահլիճը: Սեփականաշնորհված տարածք է, նախասրահը գրասենյակ են սարքել, ով գիտի՝ ինչ են արել, իսկ վերևում կիսաքանդ վիճակ է»: 1996 թվականի մայիսի 22-ին ՀՀ պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման և վարձակալած գույքի գնման թույլտվության մասին կառավարության 156 որոշման 13.1 կետում նշված է. «Թույլատրել «Հայրենիք» կինոթատրոն արտադրական կոպերատիվին գնել ՀՀ մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարությունից վարձակալած գույքը» 1996 թվականի հուլիսի 16-ին կնքվել է սեփականաշնորհման պայմանագիր: Գինը համաձայն կառավարության 1996 թվականի մասիսի 22-ի 156 որոշման կազմել է 165.641.955 դրամ: Այն այժմ պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանին: «Հայրենիք» կինոթատրոնի արխիվային գործի վերջին էջերից մեկում փակցված տեղեկանք 18 մարտի 1991 թվական –տեղեկանք թաքցված շահույթի վերաբերյալ Հայրենիք Վ/Կ արտադրական կոպերատիվի գործունեությունը հարկային վարչության կողմից չի ստուգվել, կինոթատրոնը ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ: Հ.Գ Թեև սեփականատիրոջ հետ զրուցել չհաջողվեց, մեզ փոխանցեցին, որ «Հայրենիքը» վերանորոգելու մտադրություն կա: Ասում են՝ այն մշակութային հաստատություն է լինելու: Իսկ շենքի նախասրահն այժմ էլ նման նպատակների է ծառայում, երբեմն այնտեղ շնորհանդեսներ ու հանդիպումներ են անցկացնում: Աստղիկ Հակոբյան, Անի Ավետյան / PanARMENIAN News ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |