«Հիշողություններ ֆրոնտից» - Մնացական Վարդանյան. Երկրորդ Համաշխարհայինում ողջ մնալը հրաշքի էր նման

«Հիշողություններ ֆրոնտից» - Մնացական Վարդանյան. Երկրորդ Համաշխարհայինում ողջ մնալը հրաշքի էր նման

Ստալինից 14 հատ շնորհակալագիր եմ ստացել: Միայն նախանցած տարին եմ իմացել այդ մասին, երբ փաստաթղթերս հավաքում էի, իմ անձնական գործին էին կցված

Մնացական Վարդանյան (05.02.1923 թ.) - կապիտան, դասակի հրամանատար, 28-րդ բանակի հրաձգային 130-րդ դիվիզիա, Հարավային բանակի դասակի հրամանատար, Ուկրաինական և Բելառուսական ճակատի քիմիական ծառայության պետ:

PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ. 17 տարեկանում կամավոր եմ գնացել բանակ

1940 թվականին ընդունվել եմ Պոլիտեխնիկական ինստիտուտ` ինժեներ- մեխանիկ դառնալու համար: 1941 թվականին, երբ պատերազմն արդեն երկու տարի է ինչ սկսվել էր, ես 17 տարեկան էի: Իմ նախաձեռնությամբ եմ գնացել բանակ, ինստիտուտից պահանջել էին երկու հոգի, և ես որոշել էի կամավոր լինել:

1941-ի սեպտեմբերի 27-ին ինձ մի քանի հայ տղաների հետ տարել են Մոսկվա: Երևանից գնացքով չորսով ենք գնացել` երկուական հոգի Պոլիտեխնիկից և ԵՊՀ-ից: Ինձ ընդունել են Վորոնինի անվան ռազմա-քիմիական ուսումնարանին կից սպայական կուրսերի, որոնց պատրաստում էին Սովետական բանակում ծառայելու համար:

Ընդունվելու ժամանակ 18-ս դեռ չէր լրացել, և ընդունող հանձնաժողովը փոխեց ծննդյանս օրը, 1923-ի հոկտեմբերի 5-ի փոխարեն` նշելով փետրվարի 5: Այդպես փաստաթղթերս կեղծեցին, իմ զինվորական գրքույկում և մնացած փաստաթղթերում մինչ այսօր հենց այդ ամսաթիվն է գրանցած:

Սպայական կուրսերում սովորելու ընթացքում գնացել ենք Տաշքենդ, այնուհետև` Աշխաբադ: Այնտեղ մենք սովորել ենք և մնացել մինչև 1942 թվականի ամառը, այնուհետև կրկին վերադարձել ենք Մոսկվա: Այդ օրերին Մոսկվան իր ամենածանր օրերն էր ապրում, փողոցներով մարդիկ փախչում էին, քաղաքը անհանգիստ էր: Մեզ` զինվորներիս, բոլոր հերթերում բաց էին թողնում:

Ռազմաճակատում. Քյոնիկսբերգը գրավելու համար մեդալ եմ ստացել

1942 թվականին ինձ որպես սպա ուղարկեցին Ստալինինգրադ: Հետո եղել եմ Աստրախանում, Կալմիկիայով էլ ենք անցել: Ուկրաինայի հարավով գնացել ենք Նիկոլաև, տեղափոխվել ենք Բելառուս` ազատագրելով հասել Բրեստ-Լիտովսկ, Լեհաստան, Արևելյան Պրուսիա, գնացել ենք Քյոնիկսբերգ, այն գրավելու համար մեդալ եմ ստացել: Հենց այդ պահից էլ մեզ սկսեցին մեդալներ տալ: Մինչ այդ ոչ մեկի ձեռքը չէր բարձրանում մեդալ տալ քաղաքը ազատագրելու համար, որովհետև քաղաքների մեծ մասը շարունակում էին մնալ գերմանացիների հսկողության տակ: Ես կարծում եմ, որ Ստալինը մեծ զորավար էր և ստրատեգ, ու հենց նրա հնարամտության շնորհիվ է նաև, որ մենք կարողացանք հաղթանակ տանել այդ պատերազմում:

Հիշողություններ ռազմադաշտից. Մահացած ընկերոջս մեդալները հանձնել եմ հարազատներին

Բայց պատերազմական տարիներից ամենաշատը իմ մեջ տպավորվել է այս պատմությունը: Ես սպա էի, ինձ 2 զինվոր էին տվել, որ Բրեստի միջով հոսող գետով անցնենք ու հանձնարարություն կատարենք, սակայն այդ պահին գետը հանկարծակի բարձրացավ, ու ձիերը սկսեցին խեղդվել, մենք էլ լողալ չգիտեինք, մի կերպ կարողացանք հասնել մյուս ափ: Դրանից հետո ես երդվեցի, որ անպայման պետք է լողալ սովորեմ: Մինչև հիմա էլ, երբ 89 տարեկան եմ, որ հիշում եմ, զարմանում եմ, թե ինչպես մեզ հաջողվեց փրկվել: Ես ասացի, որ երկու անգամ եմ մահից փրկվել, բայց իրականում ստացվում է, որ այդ դեպքերն ավելի շատ են եղել:

Իսկ մի անգամ էլ Բեռլինի տակ մահացած եմ տեսել իմ ընկերներից մեկին` հետախուզական խմբի հրամանատարին: Նա թիֆլիսահայ էր, ողջ ռազմաճակատով անցել էր ու այդտեղ զոհվել: Թիֆլիսում նա երևանյան հրապարակի մոտ էր ապրում: Պատկերացրեք իմ վիճակը, հիմա այդ ամենը չէի անի, բայց այն ժամանակ երիտասարդ էի ու ոչնչից չէի վախենում, վերցրի նրա շքանշաններն ու հետո հանձնեցի հարազատներին: Դա 1945-ի ապրիլին էր, դրանից հետո եկավ Ստալինի հրամանը, մեզ հանձնարարված էր գնալ Պրահա: Բեռլինի հարցն այդ ժամանակ գրեթե լուծված էր, և մենք այնտեղ անելիք չունեինք:

Մահվան եզրին. Երկու անգամ 99 տոկոսով մահից հազիվ եմ պրծել

Պատերազմի ժամանակ 2 անգամ 99 տոկոսով մահից հազիվ եմ պրծել: Մի անգամ Ռոստովի ազատագրման համար էինք կռվում, ականը ընկավ կողքիս, սակայն չպայթեց: Իսկ այնուհետև գլխի վնասվածք ստացա, մեկ ամիս բուժվեցի Ռոստովի հիվանդանոցում ու կրկին միացա մեր գնդին:

Մի անգամ էլ քիչ էր մնում գերի ընկնեինք գերմանացիներին: Դա Հյուսիսային Կովկասում էր առավոտյան ժամը 6-ին: Օդում գերմանական ինքնաթիռ տեսանք, այնուհետև երևաց նաև տանկերով մոտեցող թշնամին: Մենք անմիջապես պառկեցինք սարալանջին: Հեռավորությունը մոտ 150 մետր էր կազմում: Բոլոր կողմերից կրակում էին, ահավոր տեսարան էր, բախտներս բերեց, որ ողջ մնացինք: Մեզ օգնության էր եկել մի բատալյոն, որի ղեկավարը հայ էր Մադոյան ազգանունով, նա պատերազմում մի ոտքը կորցրել էր, հետո Հայաստանում առողջապահության նախարար նշանակվեց: Եթե նրանք մեզ օգնության չգային, մեր վերջը վատ կլիներ:

Հետո իմացանք, որ գերմանացիները շրջապատման միջից էին դուրս պրծել, մենք էլ գնում էինք առաջադրանք կատարելու, ու ճանապարհին այդպես հանկարծակի հանդիպել էինք:

Հաղթանակին սպասելիս. Մայիսի 8-ին մեր հրետանային գունդն արդեն նշում էր հաղթանակը

Մայիսի 8-ի երեկոյան մենք հրաման ստացանք չկրակել: Մեր հրետանային գունդը խմում էր և իրար շնորհավորում: Մենք չգիտեինք, որ հաջորդ օրը հաղթելու ենք պատերազմում, պարզապես մենք ողջ էինք մնացել, իսկ դրանից լավ առիթ չէր կարող լինել միմյանց շնորհավորելու: Մինչև առավոտ չկրակեցինք, սակայն գերմանացիներն էին կրակ բացել, նրանք չէին ցանկանում հանձնվել և մինչև մայիսի 14-ը կռվել են մեր դեմ: Նրանք ցանկանում էին ավելի մեծ քանակությամբ զորք տանել դեպի Արևմուտք և փրկել:

Մենք ևս մի 15 օր մնացինք Պրահայում, այնուհետև հրաման ստացանք վերադառնալ:

Ստալինից 14 հատ շնորհակալագիր եմ ստացել: Միայն նախանցած տարին եմ իմացել այդ մասին, երբ փաստաթղթերս հավաքում էի, իմ անձնական գործին էին կցված: Շատ ուրախացա ու հպարտացա:

Պատերազմից հետո. Շնորհակալ էինք Աստծուն, որ կենդանի ենք մնացել

Պատերազմի ավարտից հետո շնորհակալություն հայտնեցինք Աստծուն, որ կենդանի ենք մնացել: Մեր բանակի 50 տոկոսը գրեթե չի վերադարձել, ու նման պատերազմում ողջ մնալը հրաշքի էր նման:

Ուզում եմ նաև մի քիչ ընտանիքիս մասին պատմել, որ ինձ ավելի լավ ճանաչեք: Հայրս պատերազմի տարիներին քաղսովետի նախագահն էր, ու նա հանգիստ կերպով կարող էր այնպես անել, որ ես բանակ չգնամ: Բայց ես պնդեցի, որ մեկնեմ ռազմաճակատ: Մայրիկս և տատիկս են ինձ ճանապարհել: Մենք մշեցի ենք: Ընտանիքս 1915-ին է գաղթել, պապիկս ֆիդայի է եղել, տատիկս ու հայրիկս կարողացել են փրկվել, քանի որ հարևանը զգուշացրել է, որ հայերին կոտորելու են: Տատիկս հայրիկիս աղջկա շորեր է հագցրել ու նրանք կարողացել են հասնել Հայաստան:

Պատերազմի ավարտից հետո ես վերականգնվել եմ ինստիտուտում, երկրորդ կուրսից շարունակել եմ սովորել, որն ավարտել եմ 1950 թվականին: Այնուհետև ընդունվել եմ ասպիրանտուրա և շարունակել եմ աշխատել ինստիտուտում: Մեքենաշինության տեխնոլոգիա եմ ուսումնասիրել: Այդ թվականին էլ ամուսնացել եմ: Կնոջս հետ մինչև պատերազմ մեկնելն էինք ծանոթ, ես 1941-ին նրան իմ լուսանկարն էի նվիրել, ու միայն այս վերջերս, նրա մահից հետո, գտա այդ նկարը, իր դարակում էր պահել: Մենք 3 որդի ենք ունեցել:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
| Նախագծի գործընկեր
«Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ

Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ:

Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր զորատեսակներում՝ հետևակ, զրահատանկային զորքեր, ավիացիա, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանային զորքեր, թիկունքի և սանիտարական ստորաբաժանումներ: 107 հայ զինվոր ու սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, որից 38-ը՝ հետմահու: 27 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, ինչը հավասարազոր է հերոսի կոչման:

Հայաստանը տվել է բազում գեներլաներ, 60 զորահրամանատարներ: Նրանցից շատերի անունները բոլորը գիտեն՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան (1897-1982 թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանֆերյանց) (1902-1950 թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան (1906-1977 թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան) (1894-1967 թթ.):

Այն մայիսի 9-ից 68 տարի է անցել: Գնալով պակասում է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվը: Ամեն տարվա հետ հայ զինվորների պատմությունը անցյալ է դառնում:

Արդեն երկու տարի շարունակ PanARMENIAN.Net-ն աշխատում է «Հիշողություններ ֆրոնտից» նախագծի վրա: Այդ ընթացքում Վետերանների միությունը համաձայնել է մեզ տրամադրել հայ վետերանների իր ամբողջական ցանկը: PanARMENIAN Photo-ն արդեն լուսանկարել է Հայրենական մեծ պատերազմի ավելի քան 100 մասնակցի: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները:

«Հիշողություններ ֆրոնտից» շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: Այն ամենի, ինչը մեր ընդհանուր պատմության էջերն են:«Հիշողությունները ֆրոնտից»-ը շարունակական է լինելու:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք

Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---