«Հիշողություններ ֆրոնտից» - Գրիգոր Ասրյան. Պատերազմի ժամանակ զինվորը հրամանատարին չէր ասում հրամանը չեմ կատարի

«Հիշողություններ ֆրոնտից» - Գրիգոր Ասրյան. Պատերազմի ժամանակ զինվորը հրամանատարին չէր ասում հրամանը չեմ կատարի

Արցախի պատերազմն ու Հայրենականը նման էին, անհավանական հաղթանակներ էին

Գրիգոր Ասրյան (1922 թ) -Ավարտել է Բարձրագայուն ռազմաքաղաքական ուսումնարանը: Ավագ սպա: 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի (Թամանյան) կոմսոմոլի քարտուղար: Դիվիզիայի կազմում հասել է մինչև Նովորոսիյսկ: Դիվիզիան անցել է հետևյալ ուղին՝ Երևան –Բաքու-Մախաչկալա-Գրոզնի-Մինվոդի, Նովորոսիյսկ- Կերչ-Սևաստոպոլ-Բրեստ- Լուբլին-Վարշավա- Ֆրանկֆուրտ- Բեռլին:

PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ. Բոլորի պես ես էլ մեկնեցի

Ռազմաճակատ մեկնել եմ 19 տարեկանում: Ուսումնարանում էի սովորել, ուզում էի շարունակել, մասնագիտանալ, բայց սկսվեց պատերազմը: Շատ մանրամասներ չեմ հիշում այդ օրվանից, բոլորի պես ես էլ մեկնեցի, մեր դիվիզիայում իմ ընկերներից էլ կային, հետո շատ ուրիշ տղաների հետ մտերմացա: Շատերի հետ մինչև վերջին տարիները կապ ունեի, նամակներ էինք գրում, վրացի ընկերներ ունեի, ուկրաինացի շատ լավ տղաներ կային:

Ռազմաճակատում. Զարմանալի էր, թե մենք ոնց հաղթեցինք, մինչև հիմա զարմանում եմ

Շատ բան չեմ հիշում: Մարդ կա՝ գլուխ է գովում: Ես չեմ սիրում գլուխ գովել, քանի տարի է անցել, տանն էլ չեմ պատմել, շատ բան տան անդամներն էլ չգիտեն, չեմ ասել: Հիմա որ տեսնում եմ ինչեր կան: Կռիվ էինք գնում, զենք չունեինք: Հիմիկվա զենքը, որ ունենայինք մի շաբաթում գերմանացու հերը կանիծեինք, բայց զենք չունեինք: Չկար: Հրացանն էնքան երկար էր, կարճահասակ տղերք ունեինք, ուսին էին գցում, գետնին էր կպչում ու կրակում էր ընդամենը մի անգամ, իսկ գերմանացին ավտոմատից էր կրակում: Զամանալի էր, թե մենք ոնց հաղթեցինք, մինչև հիմա զարմանում եմ:

Շատ բան կա, որ հիմա տեսնում՝ զարմանում եմ, այն ժամանակ ոչ մի տեղ չէիք տեսնի, որ զինվորը հրամանատարին ասեր, այս բանը չեմ անի, կամ հրամանը չեմ կատարի: Պատերազմ էր, իրավիճակը երբեմն անվերահսկելի, բայց ներքին կոնֆլիկտ հազարից մեկ էր լինում: Հիմա խաղաղ պայմաններում զինվորը վերադասին հակադարձում է, հրամանը չի կատարում, կամ զինվորն է զինվորին նեղացնում: Մեկ-մեկ, երբ լուրեով լսում եմ նման բաներ, տխրում եմ, բարկանում, մենք եղբայրներ էինք, զինվորը զինվորի եղբայրն է: Հիմա ինչ-որ բան սխալ է, փոխվել է:

Իմ բոլոր մարտական ընկերները այն ժամանակ և հիմա էլ իմ եղբայրներն են, ինձ մինչև հիմա կոմսոմոլի Գրիշա են ասում:

Հիշողություններ ռազմադաշտից. Վրացի Գիվին բոլորին խնդրեց, որ հայկական դիվիզիայում մնա

Մի հետաքրքիր դեպք հիշեցի մեր Գիվիի մասին: Դե գիտեք, որ մեր դիվիզիայում հիմնականում հայեր էին, շատ քիչ վրացիներ կային: Հրաման եղավ, որ մեր դիվիզիայի վրացիներն անցնեն ուրիշ դիվիզիա: Գիվին էնքան խնդրեց-աղաչեց, էնքան «լեզու թափեց», որ իրեն մեզ մոտից չտանեն: Հետո ասում էինք՝ այ տղա, ինչի ձերոնց հետ չգնացիր, ասում էր՝ տղերք, ես հայերի կողքից տեղ չեմ գնա, ուրիշ դիվիզիայում ես վաղուց զոհված կլինեի, ինչ էլ լինի ես հայերի դիվիզիայից չեմ գնա:

Մի բան էլ կա պատերազմի հետ կապված, որ ինձ միշտ զարամացրել է: Ուրիշ ժամանակ մի փոքր քամուց հիվանդանում էինք, օրերով բուժվում: Այդ երեք տարիներին, որ ես պատերազմի դաշտում եմ եղել, բոլոր ձմեռները սաստիկ էին, անտանելի ցուրտ ու ընդհանարապես այդ տարիներին ձմեռներն առանձնակի դաժան էին, զարմանալի բան՝ մենք ոչ հիվանադանում էինք, ոչ հազում, ցրտից կարկամում էինք, բայց շարունակում էինք կռվել: Մեկ-մեկ մեկի ջերմությունն էր բարձրանում, մի երկու օր «տիրություն» էինք անում, մինչև անցներ ու վերջ: Այդքան ժամանակ ես մի անգամ չեմ հիվանադացել:

Դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի մասին. Հային նվիրված հայ էր

Հրաշալի մարդ էր, հային նվիրված հայ: Հասարակ ու ազնիվ մարդ էր: Սաֆարյանը փոքրամարմին էր, հաճախ երկար բաճկոն էր հագնում: Շատ ժամանակ զինվորների զգոնությունը ստուգելու համար գաղտնի շրջում էր զորքի մեջ՝ գլխարկով, զինվորի նման հագնված, որ ուշադրություն չգրավի: Դանիելյան ազգանունով մի ընկեր ունեինք, հումորով տղա էր, մի քիչ էլ տաքարյուն, միշտ ինչ-որ տարօրինակ պատմությունների մեջ էր ընկնում: Մի անգամ երեկոյան Սաֆարյանը մեր Դանիելյանին բռնում է ինչ-որ բան քանդելուց, չեմ էլ հիշում, թե ինչ էր անցել Դանիելյանի մտքով, հետևից մոտենում է հարցնում, թե ինչ ես անում, սա էլ առանց շրջվելու պատասխանում է, թե՝ «քեզ ինչ, գնա, թող գործս անեմ», Սաֆարյանը ծիծաղում է, սա շրջվում է ու ինքն էլ է սկսում ծիծաղել, եկանք, տեսանք երկուսով ծիծաղում են:

Ուժեղ մարդ էր, աննկարագրելի համառ: Ամեն մի թիզ հողի համար «քյալլա» էր տալիս մինչև վերջ: Սաֆարյանի տեղը ուրիշը լիներ մի 5 անգամ հերոսի կոչում կտային:

Մահվան եզրին. Արկը պայթեց ինձնից մի քանի մետր այն կողմ

1944-ին վիրավորվեցի: Արկը պայթեց ինձնից մի քանի մետր այն կողմ, մնացի հողի տակ ու այլևս ոչինչ չեմ հիշում: Հոսպիտալում տղաները պատմեցին, որ պայթյունից ուշքի գալով փնտրել են տղաներին, հետո հասկացել են, որ ես չկամ, բարեբախտաբար արագ գտել են ինձ ու հանել հողի տակից: Եթե մի քիչ էլ ուշանային, կարող էի զոհվել: Ինձ տեղափոխեցին Թիֆլիս: Լուրջ վնասվածքներ ունեի: Մնացի բուժվելու: Տղաները շարունակեցին ընթացքն առանց ինձ:

Հաղթանակին սպասելիս. Անհավանական էր թվում ամեն ինչ

Հաղթանակի մասին իմացա հոսպիտալում, ես արդեն ապաքինվում էի: Թիֆլիսում իմացա, որ հաղթել ենք: Անհավանական էր թվում ամեն ինչ: Երևան եկա նույն թվականին՝ 45-ին արդեն այստեղ էի: Մենք մի ամիս հանգստանալու, կազդուրվելու հնարավորություն ունեինք, բայց մի քանի օր հետո աշխատանքի անցա, հետո ամուսնացա, ընտանիք, երեխաներ: Կնոջս հետ Թիֆլիսում էի ծանոթացել, նախքան իմ Երևան գալը, նրանք տեղափոխվեցին Երևան, ես հետո եկա և խնդրեցի նրա ձեռքը:

Պատերազմից հետո. Շահումյանը չպիտի տայինք

Այն մեդալները, որ հիմա տեսնում եք (ցույց է տալիս աթոռը, որի վրա կախած է մեդալներով բաճկոնը-հեղ.), միայն մի մասն է: Սրանք այն մեդալներն են, որոնք պատերազմից հետո եմ ստացել: Այն շնորհակալագրերն ու մեդալները, որ ստացել էի պատերազմի տարիներին, մնացին իմ հայրական տանը՝ Շահումյանում: Ես Արցախում եմ ծնվել, այնտեղ են ապրել իմ ծնողները:

92-ին կորցրեցինք մեր տունը, այստեղ հաստատվելուց հետո, ես ամեն ինչ այնտեղ էի թողել՝ իմ թղթերը, հուշանվերները, մեդալները: 92-ին ամեն ինչ կորցրինք: Շահումյանը տվեցինք թուրքին: Շահումյանը չպիտի տայինք:

Բայց տղաները կեցցեն: Արցախի պատերազմն ու Հայրենականը նման էին: Անհավանական հաղթանակներ էին: Արցախի համար կռված բոլոր տղաները հերոսներ են, բոլորը:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
| Նախագծի գործընկեր
«Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ

Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ:

Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր զորատեսակներում՝ հետևակ, զրահատանկային զորքեր, ավիացիա, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանային զորքեր, թիկունքի և սանիտարական ստորաբաժանումներ: 107 հայ զինվոր ու սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, որից 38-ը՝ հետմահու: 27 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, ինչը հավասարազոր է հերոսի կոչման:

Հայաստանը տվել է բազում գեներլաներ, 60 զորահրամանատարներ: Նրանցից շատերի անունները բոլորը գիտեն՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան (1897-1982 թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանֆերյանց) (1902-1950 թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան (1906-1977 թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան) (1894-1967 թթ.):

Այն մայիսի 9-ից 68 տարի է անցել: Գնալով պակասում է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվը: Ամեն տարվա հետ հայ զինվորների պատմությունը անցյալ է դառնում:

Արդեն երկու տարի շարունակ PanARMENIAN.Net-ն աշխատում է «Հիշողություններ ֆրոնտից» նախագծի վրա: Այդ ընթացքում Վետերանների միությունը համաձայնել է մեզ տրամադրել հայ վետերանների իր ամբողջական ցանկը: PanARMENIAN Photo-ն արդեն լուսանկարել է Հայրենական մեծ պատերազմի ավելի քան 100 մասնակցի: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները:

«Հիշողություններ ֆրոնտից» շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: Այն ամենի, ինչը մեր ընդհանուր պատմության էջերն են:«Հիշողությունները ֆրոնտից»-ը շարունակական է լինելու:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք

Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---