«Հիշողություններ ֆրոնտից» - Լևոն Բուդլոյան. Մեծ Հայրենականի տարիներին կարևոր էր ապահովել նաև Հայաստանի անվտանգությունը

«Հիշողություններ ֆրոնտից» - Լևոն Բուդլոյան. Մեծ Հայրենականի տարիներին կարևոր էր ապահովել նաև Հայաստանի անվտանգությունը

Ժամանակ էի գտնում համերգներ գնալու, քանի որ երաժշտությունն իմ կայնքում շատ յուրահատուկ տեղ է գրավում

Լևոն Բուդլոյանը ծնվել է 1917 թվականին Բաթումիում: Գնդապետ Բուդլոյանին լուսանկարելուց որոշ ժամանակ անց մենք ցավոք իմացանք, որ նա մահացել է: Սակայն նրա մասին նյութ պատրաստելուն մեզ օգնեց նրա բարեկամը` տրամադրելով Բուդլոյանի տեսագրություններն ու նրա հեղինակած գրքերը:

PanARMENIAN.Net - Դեպի պատերազմ. 1938 թվականին ես զորակոչվեցի Կարմիր Բանակ

14 տարեկանում ես ստիպված էի թողնել ուսումս ու աշխատել որպես բանվոր: Ես տան մեծ երեխան էի ու պետք է օգնեի ծնողներիս: Իսկ ազատ ժամանակս ամբողջովին տրամադրում էի դասական երաժշտության ուսումնասիրությանը: Բայց ես կարծում էի, որ տղամարդը չի կարող երաժիշտ լինելով գումար վաստակել և պահպանել իր գոյությունը: Կարծում էի, որ նա պետք է գործ ունենա հողի, քարի կամ էլ երկաթի հետ:

1938 թվականին ես զորակոչվեցի Կարմիր Բանակ: Ես ուղևորվեցի դեպի Սիբիր, որտեղից մեր սիբիրյան հատուկ դիվիզիան ճանապարհ ընկավ դեպի Ֆինլանդիայի ռազմաճակատ: Այսպիսիով, ես մասնակցեցի ֆիննական պատերազմին:

Ռազմաճակատում. Ֆինների պաշտպանությունը շատ կազմակերպված էր, բայց մենք գրավեցինք Վիբորգը

Խորհրդային Միությունն, իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի անվտանգությունն ապահովելու պատրվակով, 1939 թվականի նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ։

Հաջորդ տարի մարտի 13- ին ստորագրվեց խորհրդա-ֆիննական հաշտության պայմանագիրը, ըստ որի Խորհրդային Միությանն անցավ Կարելական պարանոցը` հարակից տարածքներով։ Բացի այդ, Խորհրդային Միությունը 30 տարի ժամկետով վարձակալելու էր Խանկո թերակղզին և հարակից կղզիները` ռազմական հենակայան կառուցելու համար:

Խորհրդային Միությունն այնտեղ ուղարկել էր մեծ քանակությամբ զինամթերք, տեխնիկա, զորք: Չնայած ֆինների պաշտպանությունը շատ կազմակերպված էր գործում, բայց մեզ հաջողվեց ճեղքել այն ու գրավել Վիբորգ քաղաքը: Բայց մեր դիվիզիան շատ- շատ զոհ տվեց, ու մեզ ոչ մեդալներով և ոչ էլ պատվոգրերով չպարգևատրեցին:

Մահվան եզրին. Չգիտեի, որ հակահետախուզությունը տեղնուտեղը բացել է նամակս

Շատ դաժան էր իրականում ֆիննական պատերազմը մեզ համար: Պատերազմի ավարտից հետո ես վերադարձա Սիրբիր և նամակ գրեցի Սովետական Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, որտեղ տեղեկացրի այն թերությունների մասին, որոնք կային ֆիննական պատերազմի կազմակերպման հարցում:

Նամակս դրեցի եռանկյուն սովորական ծրարի մեջ և ուղարկեցի, սակայն չգիտեի, որ հակահետախուզությունը տեղնուտեղը բացել է նամակս:

Ինձ կանչեցին հարցաքննության. ում հետ եմ գրել այդ նամակը, ով է ինձ ուղղորդել, ինչու: Ասում եմ ոչ ոք ինձ ոչինչ չի ասել, ես եմ գրել ամեն ինչ: Ես եղել եմ այդ պատերազմում, ապրել եմ այդ դաժան օրերը, կորցրել շատ ընկերներ: Ես կոմունիստ եմ ու բացեիբաց ասում եմ այն ամենն, ինչ եղել է:

Ինձ մի կերպ հաջողվեց նրանց համոզել, որ սա վատ մտայնություններով գրված նամակ չէ ու ինձ բաց թողեցին:

Հաղթանակին սպասելիս. Հայրենական պատերազմի տարիներին ես աշխատում էի որպես հետախույզ

Այս դեպքից հետո էլ վերադարձա Բաթումի ու հասկացա, որ իմ տեղը Հայաստանում է: Եթե ես ինչ-որ բան եմ ուզում անել իմ ազգի համար, ապա դա պետք է տեղի ունենա Հայաստանում: Երևանում դարձա պետական անվտանգության աշխատակից և աշխատում էի որպես հետախույզ:

Ապա եկավ 1941 թվականն ու սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Շատ դժվար, ծանր էր վիճակը ոչ միայն ռազմաճակատում, այլև թիկունքում: Ինձ պահեցին Հայաստանում, որտեղ ես շարունակում էի իմ հետախուզական աշխատանքները: Շատ կարևոր էր ճիշտ կազմակերպել նաև Հայաստանի անվտանգությունը:

Փառք Աստծո, պատերազմում Խորհրդային բանակը հաղթանակի հասավ, և մենք էլ` հետախույզներս, մեզ հանձնարարված գործը կարողացանք լավ կատարել ու մեր ներդրումն ունենալ խաղաղության կերտման հարցում: Բոլորս էինք ուրախ, որ վերջապես ավարտվեց պատերազմը:

Պարգևատրվել եմ 16 մեդալներով, այդ թվում` մարտական: Ես շատ ուրախ եմ, որ ստացել եմ այսքան մեդալներ, որոնք տրվել են հայրենիքին նվիրված ծառայելու համար:

Պատերազմից հետո. Ես շարունակեցի աշխատել ազգային անվտանգությունում և ոստիկանությունում

Պատերազմից հետո ես շարունակեցի աշխատել ազգային անվտանգությունում, ապա նաև ոստիկանությունում: Գլխավորել եմ վիզաների և գրանցման բաժինը: Մի դեպք պատմեմ, ես Վահրամ Փափազյանի հետ շատ մտերիմ էի: Գալիս էր մեզ մոտ, որպեսզի Մեծ Բրիտանիայի վիզա ստանա, նա այնտեղ պետք է ներկայացում ունենար` խաղալու էր «Օթելլո»: Բայց նրան վիզա ստանալ չէր հաջողվում: Սա, իհարկե, տխուր էր, բայց մենք այդ ընթացքում իրար հետ ծիծաղում էինք, կատակներ անում և փորձում մեղմել այդ տխուր վիճակը:

Բացի այդ, ժամանակ էի գտնում համերգներ գնալու, քանի որ երաժշտությունն իմ կայնքում շատ յուրահատուկ տեղ է գրավում: Իմ խորհուրդներով շատ երաժիշտների եմ օգնել, որպեսզի նրանք տարբեր միջազգային փառատոններում լավ ներկայանան:

90 տարեկանում ես սկսեցի գրքեր գրել, և երեք գրքի հեղինակ եմ:

Տիգրան Մեհրաբյան / PanARMENIAN Photo, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
| Նախագծի գործընկեր
«Հիշողություններ ֆրոնտից» նախագիծ

Արդեն 20 տարի է մայիսի 9-ը հայերի համար եռատոն է՝ Շուշիի ազատագրման օրը, Արցախի Պաշտպանության բանակի օրը, և, իհարկե, Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի օրն է: Այս տարի մայիսի 9-ին ողջ աշխարհը կնշի Հաղթանակի 68-րդ տարեդարձը: Խորհրդային բանակի շարքերում Հայերնական Մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ Հայաստանից: Թե որքան հայ մասնակիցներ են եղել Սփյուռքից, մինչ օրս ստույգ հայտնի չէ: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ:

Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր զորատեսակներում՝ հետևակ, զրահատանկային զորքեր, ավիացիա, հրետանի, ռազմածովային նավատորմ, սահմանային զորքեր, թիկունքի և սանիտարական ստորաբաժանումներ: 107 հայ զինվոր ու սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, որից 38-ը՝ հետմահու: 27 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, ինչը հավասարազոր է հերոսի կոչման:

Հայաստանը տվել է բազում գեներլաներ, 60 զորահրամանատարներ: Նրանցից շատերի անունները բոլորը գիտեն՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան (1897-1982 թթ.), ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանֆերյանց) (1902-1950 թթ.), զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան (1906-1977 թթ.), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակով (Հովհաննես Իսահակյան) (1894-1967 թթ.):

Այն մայիսի 9-ից 68 տարի է անցել: Գնալով պակասում է Հայրենական Մեծ պատերազմի վետերանների թիվը: Ամեն տարվա հետ հայ զինվորների պատմությունը անցյալ է դառնում:

Արդեն երկու տարի շարունակ PanARMENIAN.Net-ն աշխատում է «Հիշողություններ ֆրոնտից» նախագծի վրա: Այդ ընթացքում Վետերանների միությունը համաձայնել է մեզ տրամադրել հայ վետերանների իր ամբողջական ցանկը: PanARMENIAN Photo-ն արդեն լուսանկարել է Հայրենական մեծ պատերազմի ավելի քան 100 մասնակցի: Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է վետերանների ներկան, նրանց արխիվային լուսանկարները՝ անցյալը, իսկ ձայնագրիչը՝ ֆրոնտային հիշողությունները:

«Հիշողություններ ֆրոնտից» շարքի շրջանակում վետերանները հիշում են ամբողջ աշխարհի համար սարսափելի տարիների, 1945թ. մայիսի 9-ի լուսավոր օրվա, հետպատերազմյան կյանքի մասին: Այն ամենի, ինչը մեր ընդհանուր պատմության էջերն են:«Հիշողությունները ֆրոնտից»-ը շարունակական է լինելու:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք

Բագրատ սրբազան․ Ժամը 18։00-ին կշարժվենք դեպի Սարդարապատ՝ գիշերն այնտեղ կանցկացնենք «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---