![]() Անկինոթատրոն. «Ռոսիա». Շուկայից` կինոթատրոն, ու դարձյալ շուկա. Մոտ կես դարումԱռևտրամշակութային համալիրն այսօր իրականացնում է մի գործառույթ՝ առևտուր Կինոթատրոն «Ռոսիա», հետագայում «Այրարատ»: Հասցեն՝ Տիգրան Մեծի պողոտա 14: Շահագործման է հանձնվել 1974 թվականին: Ճարտարապետներ՝ Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչ Պողոսյան: Սեփականաշնորհվել է 2004 թվականին: Գնորդ՝ «Նարեկ» ընկերություն («Սիլ կոնցեռն»): Գինը` 500.000 ԱՄՆ դոլար: ![]() ![]() PanARMENIAN.Net - Ի տարբերություն Երևանի մյուս չգործող կինոթատրոնների` «Ռոսիայի» մասին հաճախ է խոսվել: Այս կինոթատրոնի մասին երևանցիները համեմատաբար ավելին գիտեն, քան մյուսների: Վերջին տարիներին շատերն են անդրադարձել հատկապես «Ռոսիայի» շուկայից շուկա փոխակերպմանը: Սեփականաշնորհումից հետո խոստումներ եղան, որ այն համալրելու է մայրաքաղաքի մշակութաառևտրային կառույցների շարքը, բայց «Ռոսիան» դեռ միայն առևտրային համալիր է, մշակութայինին հերթը, ասում են, կհասնի: Կինոթատրոնի պատմությունն այնպես, ինչպես եղել է: Ինչպես նախագծվեց ու կառուցվեց Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկն այն ժամանակ, երբ Երևանում 3 մեծ կինոթատրոն կար և 1000 մարդուն բաժին էր ընկնում 5 տեղ` կինոթատրոնների դահլիճներում: Ինչում մեղադրեցին հեղինակներին, ու ինչով պարգևատրեցին: Ի վերջո՝ որն էր այս կինոթատրոնի գլխավոր առանձնակատկությունը ու ինչ հաղթահարվեց հայկական ճարտարապետության մեջ «Ռոսիայի» կառուցմամբ: Այս անգամ ավելի շատ գնահատականներ ու ճարտարապետական մանրամասներ, քան հիշողություններ ու մարդիկ: ««Ռոսիա» կինոթատրոնի կառուցումը կարևոր փուլ էր: Առաջին անգամ մենք կարողացանք կատարել մեր առջև դրված խնդիրը` միաժամանակ դեմ չգնալով մեր ստեղծագործական սկզբունքներին: Մենք չգնացինք որևէ փոխզիջման: Կարծում ենք, որ մեզ հաջողվեց կյանքի կոչել մեր մտածածը առանց որևէ բացառության: Նույնը մեզ հաջողվեց նաև Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշակոթողի դեպքում, արդեն Քալաշյանի հետ: Պարզապես վերջինի դեպքում հոգևոր սկիզբ կար»: Սա հատված է Արթուր Թարխանյանի հետ զրույցից, որը տպագրվել է 1985 թվականին «Կոմունիստում»: 60-ականներին այնտեղ, որտեղ «Ռոսիան» է, սև շուկա էր: Որոշվեց, որ շուկայի տեղում պետք է կինոթատրոն կառուցվի: Ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանն ու Հրաչ Պողոսյանը որոշեցին ներկայացնել իրենց նախագիծը: Կինոթատրոնի համար տասնյակ էսքիզներ արվեցին ու առանձնացվեցին երկու հիմնական տարբերակներ: Սկզբում առաջինը՝ պանորամային կինոթատրոն: Այն պետք է մեծ լիներ, նախատեսված 2600 հանդիսատեսի համար և պետք է երկու դահլիճ ունենար` էկրանով միմիանցից բաժանված: 1964 թվականին Հայաստանի Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ կինոթատրոնի նախագծի բուռն քննարկումը: Այստեղ սկիզբ առավ մի վեճ, որը շարունակվեց երկար, անգամ այն ժամանակ, երբ ավարտվել էր «Ռոսիայի» շինարարությունը: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի 1966 թվականի նոյեմբերի 29-ի համարում տպագրված հոդվածն անդրադառնում է այս վեճին: Հոդվածի հեղինակը Ա.Կակոսյանն է: Այն արտացոլում է ամենը, ինչ տեղի է ունեցել նախագծի քննարկման ժամանակ: Ըստ հոդվածի հեղինակի` Սպարտակ Խաչիկյանին անգամ հարցնում են.«Այդ ինչ եք կախել կինոթատրոնի ճակատին, սպիտակեղեն է, ինչ է»: «Չգիտեմ` ինչպիսին էին ուզում տեսնել կինոթատրոնը, բայց ես հակված եմ մտածելու, որ բոլորին վախեցնում էին կառույցի վառ արտահայտված օրիգինալությունն ու ժամանակակից լուծումները: Հակառակ դեպքում՝ ինչպես բացատրել դիտողությունը, թե «նախագծում վատ են արտահայտված ազգային միջավայրին առնչվող հարցերը» կամ «նախագիծը պետք է համապատասխանի Երևանի ճարտարապետական դիմագծին»: «Նոր ճարտարապետությունը պետք է կառուցվի հնի հիմքի վրա» թեզը նոր չէր և, կարելի է ասել, արդարացված էր: Բայց Խաչիկյանն էլ իր հերթին էր ճիշտ, երբ ասում էր, որ ազգայինը պետք է փնտրել նոր մտքի, տեխնիկայի մեջ»,- գրում է Կակոսյանը: Պանորամային կինոթատրոնի գաղափարը չընդունվեց: 1970-ականների սկզբին Ճարտարապետների միություն ներկայացվեց այժմյան «Ռոսիայի» նախագիծը: Նախագիծը քննարկվեց ու հաստատվեց Երևանի Քաղխորհրդի կողմից: Սկսվեց շինարարությունը: Այն նախատեսվեց 2600 հանդիսատեսի համար, ինչպես և մտածել էին հեղինակները: Դահլիճներից մեկը 1600, մյուսը՝ 1000 տեղանոց: «Ռոսիա» կինոթատրոնի կախովի ծածկը առաջինն էր Հայաստանում: Նման լուծում երբևէ չէր կիրառվել: Կինոթատրոնը վերածվեց բազմաֆունկցիոնալ համալիրի, որը բաղկացած էր երեք հիմնական մասից. չափսերով տարբեր, բայց միևնույն կաղապարով երկու դահլիճներ` եզրերից վերև ձգվող, իսկ դահլիճների տակ բաց տարածք, որտեղ տեղակայված են ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր: Այս տարածքով կարելի էր անցնել ինչպես փողոցով` առանց կինոթատրոն մտնելու: Հենց այս` դրսի ու ներսի կապն էլ համարվում է ամենահետքրքիր լուծումներից մեկը: Իսկ երբ պարզ դարձավ, որ տեխնիկական պատճառներով երկու դահլիճները միավորել հնարավոր չի լինի, նաև ինտերֆեյսի հետ կապված բարդություն առաջացավ: Բայց սա չխանգարեց մտահղացմանը. հեղինակները հիշեցին Մարմարաշենի եկեղեցին. երկու կառույցներ են կողք կողքի ու դրանց միջև «աշխատող» տարածություն կա, նույնը Հաղպատում: Երկու դահլիճների միջև եղած տարածությունը դարձավ ամբողջ համալիրի կենտրոնը: Եզրերից ձգվող և կենտրոնում դեմ դիմաց բարձրացող դահլիճները տեսողական տարբեր զգացողություններ են առաջացնում: Եվ ամենից հաճախ մարդիկ այն նմանեցնում են Արարատ սարին, այստեղից էլ կինո «Ռոսիային» հետագայում տրված երկրորդ անունը՝ Այրարատ: Կինոթատրոնը բացվեց 1974 թվականի դեկտեմբերին: Բոլորովին վերջերս լույս տեսավ ճարտարապետ Կարեն Բալյանի «Արթուր Թարխանյան, Սպարտակ Խաչիկյան, Հրաչյա Պողոսյան» գիրքը, որտեղ Բալյանն անդրադարձել է «Ռոսսիա» կինոթատրոնին. «1960-ականների ու 1970-ականների սկզբի Երևանը այն հետաքրքիր ճարտարապետական հարթակներից մեկն էր, որտեղ շատ էին էքսպերիմենտները: Քաղաքի միջավայրը՝ նույն զբոսայգին, որի վերջին հատվածում կառուցված է կինոթատրոնը, շատ հաջողված քաղաքաշինական և ծավալական լուծումների օրինակ է: Թարխանյանը, Խաչիկյանն ու Պողոսյանը գտնվում էին իրադարձությունների կիզակետում: Անշուշտ, նման ռադիկալ նախագծի իրականացման փաստը ստեղծագործական որոնման համար խթան էր: Ինչ ճարտարապետական մեղքերի համար ասես չեն մեղադրել կինոթատրոնի հեղինակներին: Նույնիսկ ֆունկցիոնալ հարցերը չլուծելու մեջ: Թեև նույն հաջողությամբ կարելի էր մեղադրել ավելորդ ֆունկցիոնալության մեջ: Ակնհայտ է, որ կինոթատրոնի ճարտարապետական լեզուն՝ այն կարելի է կոնստրուկտիվ անվանել, զարգացավ նաև հետագա նշանակալի աշխատանքներում, և առաջին հերթին բազմաֆունկցիոնալ համալիրներում: Այդ քննադատության ամենամեծ սխալն այն էր, որ դրա հեղինակները փորձում էին կինոթատրոնի ճարտարապետությունը հարմարեցնել սեփական հայեցակարգին՝ չգնահատելով գաղափարն ամբողջությամբ: Այդ տեսակետից գլխավոր մեղադրանքը, որ ներկայացվում էր, այն էր, որ ճարտարապետությունն ազգային չէր: Այդ ասպեկտը կարևորագույններից մեկն է ճարտարապետների համար: Կիոնթատրոնն աչքի է ընկնում ձևերի, կոնստրուկցիաների ու տարածության պարզ ու մաքուր ուրվագծով, որոնք բնորոշ են դասական հայկական ճարտարպետությանը: Սակայն այստեղ էլ գտնվում է որոնման ամենաբարդ պահը: «Ռոսիա» կինոթատրոնը ամենաառաջինն է Թարխանյանի, Խաչիկյանի ու Պողոսյանի հեղինակած բազմաֆունկցիոնալ համալիների շարքում: «Հատակի» կեսոնային կառուցվածքը պահում է հարթ վերին ծավալները, որոնք երեսպատված են օխրայի գույնի տուֆով: Կիրառված լուծման շնորհիվ հաջողվել է հասնել տարածքային ու տեկտոնիկ մաքրության: Դա արդեն հայեցակարգի հաջորդ կետերի իրականացումն է՝ հիշել ոչ միայն գեղեցիկ տեսքի, այլ նաև օգտակարության ու ամրության մասին: Մինչդեռ բարդ կոնստրուկցիան ամենևին էլ տառացիորեն չի մարմնավորվել: Դահլիճների կողային պատերի հարթությունների միջանկյալ խորշերում թաքցված են պահաճոպաններով (կայմապարաններով) ամրացված բազում տեխնիկական տարրեր, պրոեկցիոն սենյակներ, ջրահավաք խողովակներ: Իսկ բուն ազատ տարածությունը պատերի միջև ու կրկնակի հատակը ձայնամեկուսիչ շերտերի դեր են կատարում, ինչը կարևոր է, քանի որ կինոթատրոնը գտնվում է քաղաքի աղմկոտ մայրուղիներով շրջապատված տարածքում: Դահլիճներից յուրաքանչյուրը, անկախ մյուսից, կանգնեցված է չորս պիլոնների վրա, որոնք մխրճված են հիմքի մեջ: Ամբողջ համալիրը կառուցված է միաձույլ երկաթբետոնից՝ 9-բալանոց հատվածում սա առաջին նման կառույցն է Հայաստանում: Առաջին անգամ ԽՍՀՄ-ում դահլիճների կախովի ծածկերում օգտագործվել են կոշտ պահաճոպաններ: Հենց կինոթատրոնի ճարտարապետության մեջ առաջին անգամ որոշակիորեն արտահայտվեց ճարտարապետներ Թարխանյանի, Խաչիկյանի ու Պողոսյանի ձգտումը՝ հասնել արտահայատչականության բարդ, ժամանակակից, կոնստրուկտիվ լուծումների միջոցով: Դրան նպաստեց նաև գործակցությունը տաղանդավոր ինժեներներ Գ.Գևորգյանի ու Ի.Ծատուրյանի հետ: Ոչ շահեկան եղավ կինոթատրոնի քաղաքաշինական դիրքը: Նրա ձևերը, որ նվազ չափով են միտված շրջակա միջավայրի կոնտեքստուալ իմաստավորմանը, ուղղված են ենթարկելու միջավայրը ծավալների ակտիվ կոմպոզիցիոն գործառույթին, ինչը միանգամայն տարածված մոդեռնիստական մոտեցում է: Թվում է, թե ավելի լավ կլիներ կառույցը շրջել 90 աստիճանով, որպեսզի նրա առավել շահեկան ուրվագիծը տեսանելի լինի զբոսայգու բաց տարածքներից: Թարխանյանը այդ դիտողությանը հակադարձեց, թե` ըստ մտահղացման, զբոսայգին պետք է «սահեր» կինոթատրոնի վեր խոյացած ծավալների տակ, իսկ ներքին կորություն ունեցող մեծ դահլիճի տանիքը պետք է դառնար զբոսայգու հարթության վիզուալ շարունակությունը: Սակայն զբոսայգին կինոթատրոնի կղզյակից անջատված է լայն պողոտայով, որն այդ հատվածում մի փոքր բարձր է, որի արդյունքում կինոթատրոնը զբոսայգու վերին կետերից «կորչում է»: Արդյունքում, զբոսայգին իր շարունակությունը չի ստանում կինոթատրոնի թևերի տակ և չի «խտանում» դահլիճների արանքի ներքին տարածքում: Իսկ դահլիճի տանիքի կորության վրայով սահող հայացքը միանգամայն իներտ մի պատկերի է հանդիպում, որտեղ բավականաչափ հստակ չի արտացոլվում կինոթատրոնի ծավալն ու նրա երկրաչափական ձևերը: Բարդ ու տևական ստացվեց բանավեճը կինոթատրոնի ֆորմալ լեզվի, նրա կոմպոզիցիոն կառուցվածքի առաջնայնության մասին, որը շարունակվեց նաև կինոթատրոնի կառուցումից հետո… 60-ականները ակնհայտորեն դրսևորում էին այն մեկուսացումը, որ առկա էր առաջադեմ համաշխարհային փորձից: Հասարակության բացարձակ գաղափարականացման պայմաններում նման վիճակը ներկայացվում էր որպես երկու համակարգերի մշակույթի դիմակայություն: Կինոթատրոնի ճարտարապետությունը, կարծես, ուղղված էր մշակութային մեկուսացման հաղթահարմանը, առնվազն, ճարտարապետության լեզվի առումով կարելի է ասել, որ տեղի էր ունենում «կոնվերգենցիայի»՝ արևմտյան ճարտարապետության հետ մերձեցման գործընթաց: Հետագա տարիներին դա չստացավ իր շարունակությունը»: 1979թ. «Ռոսիա» կինոթատրոնի ճարտարապետության համար նրա հեղինակներն արժանացան ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի մրցանակի: Սակայն բարձր պարգևից շատ առաջ կինոթատրոնն արդեն ճանաչում էր բերել հեղինակներին՝ «Ռոսիայի» հաջողությունն անկասկած էր: Հստակ ձևերը, վեր սլացած կոնստրուկցիաները միաձուլվեցին՝ ստեղծելով հայ ճարտարապետության միանգամայն նոր մի կերպար: Կինոթատրոնը դարձավ նորի այն որոնումների մարմնացումը, որոնք միշտ ճանապարհ են բացում մի ողջ ուղղության զարգացման համար: Շուրջ երկու տասնամյակ «Ռոսիան» «ծառայեց» երևանցիներին: Այստեղ ֆիլմ նայելը իսկական արարողակարգի էր վերածվում, քանի որ այն միայն կինոթատրոն չէր: Երևանցիները քայլում էին ցուցասրահում, դիտում նկարները, քանդակները, զրուցում միմյանց հետ, սեանսից հետո սրճում, քննարկում ֆիլմը: Բայց եկան 90-ականները ու «Ռոսիան» էլ մյուս կինոթատրոնների պես դադարեց գործել: Իսկ 2004-ին սեփականաշնորհվեց: 2006-ին կառույցի մի հատվածում բացվեց «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը, որը հետագայում պետք է ընդլայնվեր: Առևտրամշակութային համալիրն այսօր իրականացնում է մի գործառույթ՝ առևտուր: 40 տարում շուկան դարձավ կինոթատրոն, հետո՝ նորից շուկա: Մնացին այս փոխակերպման հիշողությունները ու շենքը, որ գուցե դեռ կդառնա մշակութային կենտրոն: Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News ![]() ![]() «Անկինոթատրոն» նախագիծ «Մոսկվա», «Նաիրի»: Կինո գնալու համար կամ Աբովյան փողոց 18, կամ Մաշտոցի պողոտա 50: Սա մեր ընտրությունն է: Դժվար է պատկերացնել, որ 3-4 տասնամյակ առաջ այս նույն ընտրության համար Երևանում ավելի քան 2 տասնյակ հասցե կար, այսինքն այդքան կիոթատրոն: Ձեզնից ոմանք աշխատանքի, դասի գնալիս ամեն օր անցնում են այդ կինոթատրոնների կողքով: Հիմա դրանք ինչ-որ մեկի սեփականությունն են, գրասենյակ, խանութ, անգամ կուսակցության շտաբ: Շենքեր, որոնք մեզ գուցե ոչինչ չեն ասում: Բայց ժամանակին դրանք այն մեծ մշակույթի մի մասն էին, որ կոչվում էր կինոթատրոն: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է այդ մշակույթին ու այդ երկու տասնյակ չգործող կինոթատրոններին նվիրված շարք: Փաստեր, մարդիկ, հիշողություններ: Այն ամենը ինչ մենք՝ այդ կինոթատրոնները երբևէ ներսից չտեսած անկախության սերնդի ներկայացուցիչներս, կարողացել ենք լսել, հավաքել ու գրառել: ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |