«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Մեխանիկ կդառնամ, ոչ թե գործազուրկ տնտեսագետ

«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը». Մեխանիկ կդառնամ, ոչ թե գործազուրկ տնտեսագետ

Այս անգամ դպրոց չգնացող Գոռի պատմությունը դասարանում նրա ամենամոտ ընկերը` Սոնան է ներկայացնում

«Գոռը էսօր էլ չկար», - դպրոցական պայուսակը մի կողմ գցեց ու հայտարարեց, որ սոված չի` դասարանում Գոռի ամենամոտ ընկերը` Սոնան: 12-րդ դասարանում են սովորում: Սովորում էին: Հիմա Սոնան ասում է` մենակ է սովորում: Դասարանը դատարկվել է` առաջվա ուրախ, աղմկոտ դասամիջոցներն ու միասին քեֆերը չկան: «Գոռը չկա, որ կազմակերպի: Երևի վերջին զանգն էլ անիմաստ անցնի: Եթե Գոռը դասի գար, ամենահետաքրքիր, ամենաուրախ սցենարը կգրեր», - ասում է աղջիկն ու պատմում`այս տարի ընդամենը առաջին կիսամյակի մի քանի օրն է դասի եկել ու վերջ, որովհետև Գոռի կյանքում մեծ փոփոխություն է եղել` նրա հայրն է մահացել:

PanARMENIAN.Net - «Մի օրում փոխվեց: Առաջվա ուրախ, ասող-խոսող Գոռից բան չի մնացել: Առաջ ուր ընկներ, թեկուզ անծանոթ շրջապատ, միանգամից բոլորի ուշադրության կենտրոնում էր լինում: Հիմա լուրջ է, միշտ ինչ-որ բանի մասին է մտածում, հազիվ է ժպտում», - պատմում է Սոնան ու բացատրում, որ Գոռը շատ պատասխանատու է` այնպես չի, որ իրենց ընտանիքը կարիքի մեջ է, բայց մի անգամ ասաց, որ չի կարող իր ու քրոջ հոգսը մոր վրա թողնել` կգնա, կաշխատի: Ու գնաց:

Ավտոմեխանիկի աշխատանք է գտել` հենց իրենց գյուղի ճանապարհին: Մի քանի օր սովորել է, հիմա արդեն վարձատրվում է: Սոնային պատմել է, որ ծանր գործ չի, բայց ուշադրություն ու գիտելիքներ են պետք` եթե մի պտուտակ թույլ ամրացնի`վթար կլինի: «Առավոտից մինչև ուշ երեկո աշխատում է, բայց այնպես չի, որ ստիպված է: Արհեստանոցի տերերն իր հոր ընկերներն են: Գիտեմ, հաստատ իրեն էլ է հետաքրքիր: Միշտ էլ սիրել է նոր բաներ սովորել», - Սոնայի դեմքը վերջապես պայծառացավ:

«Շատ խելացի է: Դասարանում ամենախելացին` ֆիզիկա, մաթեմատիկա, պատմություն… իր պես ոչ մեկս չի կարող սովորել: Նույնիսկ մեր դասարանի մյուս գերազանցիկները նույնը կասեն: Մի անգամ կարդաց, վերջ՝ գիտի», - ասում է աղջիկն ու պատմում`մի քանի օր առաջ Գոռն իրեն ասել է, որ համալսարան չի դիմելու: «Զարմացա, բայց հետո, որ բացատրեց, հասկացա: Ասում է` չի գնալու իրավաբան կամ տնտեսագետ դառնա, որովհետև բարձրագույն կրթությամբ մարդկանց մեծ մասն աշխատանք չունի կամ դժվարությամբ է գտնում: Մտածում է համալսարանում կամ լավ պիտի սովորի, կամ չսովորի: Լավ չի կարողանա սովորել, եթե նաև աշխատելու է ու որոշել է, որ ճիշտ կլինի այնպիսի մասնագիտություն ընտրի, որ միաժամանակ կարողանա սովորել ու աշխատել, մորն օգնել», - ասում է Սոնան:

Նա միաժամանակ հպարտանում է, որ Գոռի պես ընկեր ունի ու «ափսոսում նրա ուղեղը»: «Կարող էր լավագույն մասնագետներից մեկը դառնալ: Բայց լավ մեխանիկն էլ վատ չէ», - փորձում է ընկերոջը հասկանալ:

Գոռի մայրը բուժքույր է, հիվանդանոցում է աշխատում: Սոնայի մայրն էլ նրա ընկերուհին է: Ասում է`խելացի, համեստ կին է: Անհանգստանում էր, որ տղան նորմալ դպրոց չի գնում ու որոշել է աշխատել, պահանջում էր, որ երեխայություններին վերջ տա: Բայց մի օր Գոռը մոր հեըթական բողոքը լսել է, վերջում նայել նրա աչքերին ու ասել, որ հիմա ինքն է տան տղամարդը` բոլոր պարտավորություններով:

Այդ օրը մայրը շատ է մտածել, Սոնայի մոր հետ քննարկել իրավիճակը, հաշվի առել, որ հարևանի տղան արդեմ 1 տարի կլինի բանակից եկել է, բայց դեռ աշխատելու միտք էլ չունի, իսկ իր տղան… ու որոշել է` այդ օրվանից ամեն անգամ, երբ տղան հոգնած, սևացած ձեռքերով տուն գա, նրա խնդիրներին իր բողոքներն էլ չի ավելացնելու: Դպրոցում ուսուցչուհիներին խնդրել է, որ Գոռի բացակայություններին խիստ չվերաբերեն, պատմել, որ գիշերը գիրքը, տետրն ու գրիչը ձեռքին է քնում:

Սոնան նաև մեզ պատմեց, որ Գոռը սիրած աղջիկ ունի, բայց նա չգիտի ու երևի դեռ երկար ժամանակ չի էլ իմանա, որ Գոռն իրեն է սիրում:

Գոռի պատմությունը «Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը» նախագծի աշխատանքների ընթացքում, մեզ հանդիպած ամենահակասականն է: Բայց մի բան հստակ է` այս շրջանում, երբ ավարտական դասարանի աշակերտները մասնագիտություն ընտրելու հարցում վերջնական որոշում են կայացնում, կարող են Գոռից առնվազն իրատեսություն սովորել:

Անի Ավետյան / PanARMENIAN News
«Երբ չի գալիս սեպտեմբերի 1-ը» նախագիծ

Դպրոցի սեպտեմբերի 1, դասարան, սեղանին խզբզել, դասից «թռնել», բուֆետ, 45 րոպե, դասարանցիներ ու դասամիջոց, ստուգողական, վերջին զանգ: Իսկ գիտե՞ք՝ քանի երեխա կա Հայաստանում, որ այս հիշողությունները չի ունենա: Ու նրանց հետ զրուցելիս պարզվում է, որ սա նվազագույն կորուստն է:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թվականին դպրոց չէր գնում 5914 երեխա, 2012-ին` 758: Կտրուկ նվազումը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ոչ մի կերպ չմեկնաբանեց, նշեց, որ չի տիրապետում այդ տեղեկությանը, ինքն իր թիվն ունի` ստացված բոլոր մարզպետարաններից ու Երևանի համայնքապետարաններից` 157 երեխա: Մի խնդիր էլ կա. մենք էլ ենք դիմել բոլոր մարզպետարաններ ու Երևանի համայնքապետարաններ (պատասխանատու կառույցներին)` երեխաների մասին տեղեկություն գտնելու համար, բայց դրանց մեծամասնության կրթության բաժնի պետերը կամ մասնագետները վստահեցրին, որ իրենց տարածքում այդպիսի երեխա չկա: Միայն մի քանի դեպքում ընդահնուր հաշվարկով 20-ից էլ պակաս երեխաների մասին նշվեց: PanARMENIAN.Net -ն այնուամենայնիվ գտել է և շարունակելու է փնտրել երեխաներին, զրուցել նրանց, նրանց ծնողների ու ընկերների հետ և առաջիկայում կներկայացնի դպրոց չգնացող երեխաների պատմություններն ու նրանցը, որ հիմա արդեն չգնալու հետևանքներին են բախվել:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը

Qatar Airways-ը չեղարկել է դեպի Հայաստան չվերթերը Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---