Դանիա- Հայաստան. Սպասված հաղթանակ տասն ամիս անց

Դանիա- Հայաստան. Սպասված հաղթանակ տասն ամիս անց

Մեր ընտրանին շատ բան ապացուցեց ոչ միայն երկրպագուներին, այլև հենց իրեն

Ոչինչ չի կարող համեմատվել այն զգացողության հետ, երբ առավոտյան արթնանում ես և հիշում, որ երեկոյան քո երկրի ազգային հավաքականը հաղթանակ է տոնել, այն էլ շատ տպավորիչ ու գեղեցիկ:

PanARMENIAN.Net - Իսկ երեքշաբթիի հաղթանակը վաղուց սպասված էր մեզ համար: Գրեթե 10 ամիս պահանջվեց Վարդան Մինասյանի սաներից աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում վերջապես հաղթանակ տանելու համար:

Այս խաղով մեր ընտրանին շատ բան ապացուցեց ոչ միայն երկրպագուներին, այլև հենց իրեն:

Մալթայի խաղի համեմատ Մինասյանը կատարեց մի քանի փոփոխություններ, որոնք իրենց պտուղները տվեցին: Կենտրոնական պաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս եկած Վարազդատ Հարոյանը վատ չկատարեց իր առաջադրանքը: Երիտասարդ պաշտպանը, որը մի քանի օր առաջ հիանալի խաղաց նաև Իսլանդիայի երիտասարդական հավաքականի դեմ, իրեն չխնայեց մարզիչների վստահությունն արդարացնելու համար: Հիմնական կազմում էին նաև Մալթայի հետ հանդիպմանը պահեստայիններին հայտնված Յուրա Մովսիսյանը և Արթուր Եդիգարյանը, ինչպես նաև մի քանի խաղով որակազրկված Գևորգ Ղազարյանը, որոնց հաջողվեց աշխուժություն մտցնել հենց մեկնարկային րոպեներից:

Մենք խաղադաշտում տեսանք 11 այնպիսի ֆուտբոլիստների, որոնց վաղուց էինք ցանկանում տեսնել, մենք կարոտել էինք նրանց մտածված, գեղեցիկ ու ամենակարևորն արդյունավետ խաղը: Դարպասապահի հուսալի, պաշտպանների փոխհամաձայնեցված, կիսապաշտպանների միասնական գործողություններն ու հարձակվողների սուր գրոհները երեկվա հաղթանակի գրավականը դարձան: Սա չի նշանակում, թե սխալներ չկային, սակայն այս պարագայում կարևորը երեք միավոր վաստակելն էր:

«Պարկեն» ստադիոնը, որտեղ հանդիպել էին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում իրարից 69 հորիզոնական հեռու դիրքեր զբաղեցնող թիմերը, լսվեց տաքարյուն կովկասցիների «թնդանոթների ձայնը»: Դրանք հնչեցին Յուրա Մովսիսյանի դուբլի, Արաս Օզբիլիսի ու Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ: Եվ, երբ մեր հարձակման գիծը խոսեց ողջ ուժով, մրցակցի պաշտպանները լուրջ խնդիրներ ունեցան:

Այս խփված 4 գնդակները շատ կարևոր էին նաև գոլերի հավասարակշռությունը վերականգնելու համար: Այս հանդիպումից առաջ Հայաստանի ընտրանին «անատամ» խաղ էր ցույց տալիս. 5 խաղում խփել էր ընդամենը 2 գնդակ: Իսկ այս խաղով այդ ցուցանիշը զգալիորեն բարելավվեց` լավացնելով նաև թիմի դիրքը ընտրական B խմբում: Այժմ մեր ֆուտբոլիստները 6 միավորով 4-րդ տեղում են:

4:0 հաշիվն այնքան բան է նշանակում հայ երկրպագուների համար: Ժիլինայից հետո այս հաշվով մեր ֆուտբոլիստները «նվաճեցին» նաև Կոպենհագենը:

Ընդամենը չորս օր առաջ բոլորս սգում էինք Մալթայից կրած անակնկալ ու ցավալի պարտության համար, բայց այդ օրերի ընթացքում հայ ֆուտբոլիստները կարողացան կերպարանափոխվել ու ուժ գտնել պայքարելու համար: Որքան որ այս հաղթանակը կարևոր է, նույնքան էլ խոսուն է, քանի որ վկայում է այն մասին, որ մեր թիմը դեռ կայացման ճանապարհին է, և վայրիվերումներն ու տատանումները դեռ չեն ավարտվել:

Չնայած խմբից դուրս գալու շանսերը Հայաստանի համար գրեթե զրոյական են, սակայն կարևոր է այնպիսի խաղը, որը տեսանք Դանիայի հետ: Իսկ այդպիսի հաղթանակները ստիպում են անսահման ուրախանալ ու բարևելուց առաջ շնորհավորել միմյանց:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր

Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---