![]() Հայկական մետաղադրամների պատմությունից.Կիլիկյան դրամները բնորոշվում են խաչի պատկերով 14-րդ դարի վերջին քառորդից, երբ Կիլիկյան թագավորությունը նվաճեցին եգիպտացի մամլուքները, հայկական դրամների հատումը երկարատև ժամանակով ընդհատվեց ![]() ![]() PanARMENIAN.Net - 11-րդ դարի վերջում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին կազմավորվեց Կիլիկիայի Հայկական անկախ թագավորությունը, սկզբում դա իշխանապետություն էր (1080-1198 թթ.), որը հետո վերածվեց թագավորության (1198-1375 թթ.): Կիլիկյան իշխանապետության հիմնադիրն էր իշխան Ռուբեն Առաջինը (1080-1095 թթ.): Կիլիկիայի Լևոն Երկրորդ իշխանը (1187-1198 թթ.) թագադրվեց և որպես Կիլիկիայի Հայկական թագավորության առաջին արքա (1198-1219 թթ.) սկիզբ դրեց Ռուբինյանների կիլիկյան արքայատոհմին և դարձավ Լևոն Առաջին: Հզորանալով՝ Կիլիկիայի Հայկական թագավորությունը մահմեդական Արևելքի և քրիստոնեական Արևմուտքի միջև կամուրջի վերածվեց: Կիլիկիայի Հայկական թագավորության մետաղադրամների առաջին դրվագումները հետաքրքիր են ու բազմազան: Հայտնի են առանձին իշխանների հատած պղնձե դրամները, մասնավորապես իշխաններ Ռուբենի, Թորոսի, Լևոնի օրոք: Մետաղադրամների նկարագրությունը Իշխանապետության շրջանի մետաղադրամների վրա բացակայում է տիրակալի պատկերը, բոլոր մետաղադրամների վրա կան քրիստոնեական խորհրդանշաններ տարբեր մեկնաբանությամբ: Մասնագետները նշում են, որ մետաղադրամներին հանդիպում են նաև հայկական լատինական խաչի պատկերներ: Դարձերեսին հանդիպում են տարբեր խորհրդանշական պատկերներ, այդ թվում ամրոցների պատկերներ, ռազմական խորհրդանիշներ: Կիլիկիայի թագավորության շրջանում դրվագվում էին մեծ քանակությամբ պղնձե ու արծաթե մետաղադրամներ: Եղել են նաև բիլոնե դրամների թողարկումներ (արծաթի համեմատաբար ցածր պարունակությամբ): Արծաթե մետաղադրամների թողարկումները շատ տարածված էին: Սկզբնական շրջանում դրանք դրվագվում էին բարձր հարգի արծաթից և տարբեր արժեք ունեին՝ երկդրամ, դրամ, կես դրամ: Լևոն Երկրորդի (1271-1289 թթ.) գահակալության ավարտից հետո տնտեսական ու քաղաքական պատճառների հետևանքով սկսեցին թողարկվել ցածր հարգի արծաթե դրամներ, որոնք կոչվում էին թագվորիներ: Կիլիկիայի Հայկական թագավորության մետաղադրամների հետ միաժամանակ շրջանառության մեջ էին նաև հարևան երկրների դրամները՝ սելջուկներինը, մամլուքներինը և այլն: Մետաղադրամների նկարագրությունը Որպես կանոն մետաղադրամների դիմերեսին պատկերված էր արքան: Ընդ որում պատկերները տարբեր էին՝ արքան ամբողջ հասակով էր, գահին նստած, ձիուն հեծած, միայն դիմապատկերը: Ընդ որում արքայի ձեռքին իշխանության խորհրդանիշներ էին՝ գայիսոն, շուշան կամ սուր և այլն: Դարձերեսին, որպես կանոն, պատկերված են առյուծ և խաչ: Արքա Լևոն Առաջինի արծաթե մետաղադրամի դիմերեսն ու դարձերեսը Հետաքրքիր առանձին խումբ են կազմում արքա Հեթում Առաջինի այսպես կոչված արծաթե «երկլեզու մետաղադրամները»: Այդպիսի մետաղադրամներ չեն հանդիպել մյուս կիլիկյան տիրակալների օրոք: Մետաղադրամների նկարագրությունը Մետաղադրամների դիմերեսին պատկերված է ձիավոր արքան, իսկ շրջանաձև հայերեն գրությունը նշում է նրա անունը: Դարձերեսին կա միայն արաբերեն գրություն՝ սելջուկ Քեյղուբադ և Քեյխոսրով սուլթանների անունները, նշված են նաև հատման տարեթիվն ու դրվագման վայրը: Կիլիկյան մետաղադրամների բոլոր թողարկումներից «երկլեզու» մետաղադրամները միակ թվագրված մետաղադրամներն են, որոնցով կարելի է հստակ թվագրել մետաղադրամի թողարկման տարին: Այդ մետաղադրամները թողարկվել են կարճ ժամանակահատվածում՝ XIII դարի 30-ականների վերջում և 40-ականների սկզբին: Շատ հետաքրքիր են Հեթում Առաջինի օրոք տարածված սովորական (Հեթում-Զաբել) արծաթե մետաղադրամները: Մետաղադրամի վրա ամբողջ հասակով պատկերված են Հեթում արքան ու նրա գահակից Զաբել թագուհին, որն առաջին կիլիկյան արքա Լևոն Առաջինի դուստրն էր: Սա միակ կիլիկյան մետաղադրամն է, որի վրա թագուհի է պատկերված, ընդ որում այդ մետաղադրամը բավականին տևական ժամանակ հատվել է նաև Զաբել թագուհու մահից հետո: Արքա Հեթում Առաջինի արծաթե մետաղադրամի դիմերեսը Պղնձե մետաղադրամները տարբեր չափերի էին ու տարբեր արժեք ունեին: Ամենախոշոր պղնձե մետաղադրամը կոչվում էր դանգ (հունական օբոլից), այն թողարկվել է միայն Լևոն Առաջինի ու Հեթումի Առաջինի ժամանակ: Իսկ Լևոն Երկրորդի և նրան հաջորդած արքաների օրոք հատվում էին միջին չափի պղնձե մետաղադրամներ՝ քարտեզներ (լատիներեն քարտեզ՝ դրվագել բառից): Կիլիկյան վերջին արքայատոհմի՝ Լուսինյանների կառավարման ժամանակ ստիպված էին դրվագել ամենափոքր պղնձե դրամները, որոնք կոչվում էին փող (բյուզանդական ֆոլիսից): Արքաներ Լևոն Առաջինի ու Հեթում Առաջինի պղնձե դանգերի դարձերեսները Բարձր հարգի արծաթե դրամները, որոնք դրամահատվել են Լևոն Առաջինի, Հեթում Առաջինի ու Լևոն Երկրորդի օրոք, կոչվում էին դրամ՝ հունական դրահմից: Հաջորդ արքաների օրոք հատվում էին արծաթե ցածր պարունակությամբ դրամներ, որոնք կոչվում էին թագվորին՝ իտալական մետաղադրամի անվանումից: Հայտնի են բիլոնային մետաղադրամների առանձին թողարկումներ լատինատառ գրություններով: Մասնավորապես, հայտնի է Լևոն Առաջինի բիլոնե մետաղադրամը, որը հատվել է Կիպրոսի նվաճման պատվին: Հետաքրքիր են նաև որոշ արքաների արծաթե դրամները, որ թողարկվել են օծման ժամանակ: Հարկ է նշել, որ Լևոն Առաջինը սկսեց հատել օծման մետաղադրամներ. մեզ են հասել նաև Օշին արքայի հատած արծաթե օծման մետաղադրամները: Որոշ տեղեկություններ կան նաև դահեկանների՝ առանձին արքաների, այդ թվում Լևոն Առաջինի, Հեթում Առաջինի, Լևոն Երկրորդի ու Կոստանդին Առաջինի օրոք, հատված ոսկե մետաղադրամների մասին: Հավանաբար դրանք թողարկվել են սահմանափակ քանակությամբ և հուշանվերների դեր են կատարել: Այդ դրամները շատ հազվագյուտ են, մեզ հասած ոսկե մետաղադրամների ընդհանուր քանակը չի գերազանցում երկու տասնյակը: Այստեղ շատ են հարցականները, որոնք պարզաբանելու համար հարկավոր է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել այդ ոսկե մետաղադրամները: Կիլիկյան Հայկական թագավորության բնորոշ առանձնահատկությունն այն է, որ մետաղադրամների եզրագծային գրությունները, եզակի բացառությամբ, հայերեն են, ինչպես նաև այն, որ որպես կանոն, բոլոր մետաղադրամների վրա կա քրիստոնեական հավատի խորհրդանիշը՝ խաչը: Կիլիկյան Հայկական թագավորության մետաղադրամների մեծ մասի վրա նշված է այն քաղաքի անվանումը, որտեղ հատվել է դրամը: Հիմնական դրամահատարանը մայրաքաղաքային արքունական փողերանոցն էր մայրաքաղաք Սիսում: Մետաղադրամների մի փորք մասի վրա կան նաև Այասի և Տարսոնի դրամահատարանների անվանումները: Պետք է նշել, որ պատկերագրությունը շատ նմանություններ ունի եվրոպական մետաղադրամների հետ: Առաջին հայացքից, կիլիկյան մետաղադրամների որոշ տեսակներ հեշտ է շփոթել Վենետիկի արծաթե մատապանների հետ: Վերջին կիլիկյան արքաների մետաղադրամները ձևավորմամբ նման են Կիպրոսի մետաղադրամներին, քանի որ կառավարիչները սերտ բարեկամական կապեր ունեին Կիպրոսի տիրակալների հետ: 14-րդ դարի վերջին քառորդից, երբ Կիլիկյան թագավորությունը նվաճեցին եգիպտացի մամլուքները, հայկական դրամների հատումը երկարատև ժամանակով ընդհատվեց: Նյութը նախապատրաստվել է Հայաստանի Կենտրոնական բանկի հետ համատեղ, ՀՀ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանի մասնակցությամբ Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN.Net , Վարո Ռաֆայելյան / PanARMENIAN Photo | Նախագծի գործընկեր ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |