ԱՊՀ միանգամից մի քանի երկիր ցանկանում է դատապարտել փախուստի դիմած ղազախ օլիգարխին

ԱՊՀ միանգամից մի քանի երկիր ցանկանում է դատապարտել փախուստի դիմած ղազախ օլիգարխին

Այնուամենայնիվ, խոսքը դեռ Աբլյազովի հնարավոր արտահանձնման մասին է Ուկրաինային

Ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի դատարանը հերթական անգամ հետաձգել է ԲՏԱ բանկի նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովին Ուկրաինային արտահանձնելու վերաբերյալ հարցման քննությունը: Դեռևս դատարանը հայտի քննարկումը հետաձգել է մինչև դեկտեմբերի 12-ը: Նույն օրը քաղաքի Վերաքննիչ դատարանում կքննարկվի նմանատիպ հարցումն արդեն Ռուսաստանի կողմից:

PanARMENIAN.Net - Աբլյազովի արտահանձնման հետ կապված պատմությունը սկսվեց դեռ նրա ձերբակալությունից առաջ: ԱՊՀ միանգամից մի քանի երկիր էր ցանկանում դատապարտել փախուստի դիմած ղազախ օլիգարխին: Լոնդոնի Գերագույն դատարանն արդեն հեռակա կերպով դատավճիռ կայացրել է Աբլյազովի գործով՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար՝ 22 ամիս: Հայրենիքում՝ Ղազախստանում, ԲՏԱ բանկի նախկին ղեկավարին առնվազն 13 տարվա ազատազրկում է սպասում «հանցավոր խմբի ստեղծման ու ղեկավարման, թալանի, հանցավոր ուղիներով ստացած դրամական միջոցների օրինականացման, բանկի միջոցների ապօրինի օգտագործման» և շատ այլ բաների համար: Ուկրաինայում նրան 12 տարի է սպառնում: Նույն ժամկետը նրան սպառնում է նաև Ռուսաստանում, որտեղ նրան մեղադրում են բանկին պատկանող շուրջ 5 մլրդ դոլար գողանալու, խարդախության, փողերի լվացման ու մի շարք այլ հանցագործությունների համար:

Այնուամենայնիվ, դեռ խոսքը գնում է Աբլյազովին Ուկրաինային արտահանձնելու մասին: Հենց այդ երկրի հարցման հիման վրա է փախուստի դիմած բանկիրը ձերբակալվել հուլիսի 31-ին Ֆրանսիայի հարավում: Արդեն նրա ձերբակալությունից հետո համապատասխան միջնորդություն Ֆրանսիային ներկայացրեց նաև Ղազախստանի Գլխավոր դատախազությունը: Սակայն, Փարիզի ու Աստանայի միջև բացակայում է հանցագործներին արտահանձնելու մասին համաձայնագիրը, ուստի ղազախական կողմը կարող էր միայն հուսալ, որ Աբլյազովին կարտահանձնեն: Այն էլ հարցումների ներկայացման հերթականությամբ: Ամեն դեպքում, ֆրանսիական Էքս ան Պրովանսի դատարանը դեռ քննում է ուկրաինական հարցապնդումը: Ի դեպ, այդ հարցի քննարկումը պետք է դեռ սեպտեմբերին տեղի ունենար, սակայն հետաձգվեց: Դա կապված էր այն հանգամանքի հետ, որ Ուկրաինան, որին արտահանձնելու հարցն առաջինն է քննարկվում, բոլոր համապատասխան փաստաթղթերը ներկայացրել էր ուկրաիներեն և ֆրանսերեն լեզուներով, որոնց Աբլյազովը չի տիրապետում:

Հարցի քննության հերթական հետաձգումը, ինչպես հայտարարել է դատարանի ներկայացուցիչ Սոլանժ Լեգրան, պայմանավորված է այն հանգամանքով, որ ուկրաինական կողմը ուշ է ներկայացրել փաստաթղթերը: «Միայն երեկ ենք մենք ստացել (ուկրաինական կողմից) փաստաթղթերի զգալի մասը (Աբլյազովի գործով), այդ թվում 2012 թ. թույլտվությունը, որի հիման վրա նա ձերբակալվել է»,-պարզաբանել է գործի քննության ժամկետի փոփոխությունը դատարանի ներկայացուցիչը:

Ի դեպ, այդ իրավաբանական նրբությունները թեև հետաձգում են Աբլյազովի արտահանձնումն Ուկրաինային, հազիվ թե կարող են նպաստել, որ այն չեղյալ հայտարարվի:

Միլիարդանոց հավակնությունների իրավաչափությունը, որոնք ներկայացվում են Աբլյազովին ԱՊՀ երեք երկրներում, հաստատված են Մեծ Բրիտանիայի իրավաբանների կողմից: Լոնդոնի դատարանն Աբլյազովի բացակայությամբ դեռ կես տարի առաջ Աստանայի հարցումով որոշել էր նրանից շուրջ 3,7 մլրդ դոլար գանձել: Բացի այդ, նոյեմբերին Անգլիայի Բարձր դատարանն որոշեց բավարարել ԲՏԱ բանկի խնդրանքն Աբլյազովից շուրջ 400 մլն դոլար գանձելու մասին որպես վնասի հատուցում, որ հասցրել է փախուստի դիմած բանկիրը: Դատարանը նրան ճանաչեց խարդախության սխեմայի կազմակերպիչ, որի արդյունքում 2009 թվականին բանկը զրկվեց այդ գումարի արժեթղթերից: Հետո դրանք հայտնվեցին Աբլյազովի կողմից վերահսկվող օֆշորային ընկերություններում:

Դատավոր Լանսելոտ Հենդերսոնը հիմնավորված համարեց բանկի դիրքորոշումը, որը պնդում է, որ խարդախության հետևանքով ապօրինաբար զրկվել է շուրջ 300 մլն դոլարի արժեթղթերից: Եվս 100 մլն դոլար են կազմում տոկոսները, որոնք պետք է ստանար հայցվորը 2009 թ. հունվարից, երբ նա զրկվեց պետական պարտատոմսերից ու եվրոպական բանկերի պարտատոմսերից:

Արժեթղթերը բանկը գնել էր հինգ տարի առաջ, սակայն ազգայնացումից քիչ առաջ վարչության նախագահ Ռոման Սոլոդչենկոյի կարգադրությամբ դրանք փոխանցվել էին բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված օֆշորային չորս ընկերությունների հաշվեհամարներին: Մեքենայությունը բացահայտվեց 2009 թվականի մարտին և, ինչպես պարզվեց հետագա դատավարությունների ժամանակ, այդ օֆշորային ընկերությունները ղեկավարում էր ոմն Սիրիմ Շալաբաևը, Աբլյազովի կնոջ եղբայրը: Նշենք, որ ԲՏԱ բանկի նախկին ղեկավարի բարեկամը նույնպես դատապարտվեց անգլիական դատարանի կողմից անհարգալից վերաբերմունքի համար, որից հետո էլ նա հեռացավ Մեծ Բրիտանիայից:

Օգտագործելով նախորդ դատավարությունների նյութերը՝ Լոնդոնի դատարանը քննարկեց բանկի բողոքը հատուկ կարգով՝ ճանաչելով պարոն Աբլյազովին խարդախության սխեմայի կազմակերպիչ, իսկ նրա բացատրությունները համարելով անհավաստի ու անիրական:

«Աբլյազովն անձամբ է պատասխանատու ներդրումների ապօրինի յուրացման համար, նա նաև մեղսակից է այն փաստաթղթերի հայտնվելուն, որոնք կոչված են «ետին ամսաթվով» հիմնավորելու կատարված գործարքները»,-ասվում է դատարանի որոշման մեջ: Դատարանը չի ընդունել Աբլյազովի պաշտպանության հիմնավորումները և որոշում է կայացրել հօգուտ ԲՏԱ բանկի՝ պարտավորեցնելով փախուստի դիմած բանկիրին հատուցել վնասը:

Հոկտեմբերին Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրաժային տրիբունալը որոշում կայացրեց Ղազախստանում և Նիդերլանդներում գրանցված Asia Investment Group B.V. (KT Asia) ընկերության հայցի օգտին: Արբիտրաժային դատավարությունը նախաձեռնվեց 2009 թվականին և ֆինանսավորվում էր Աբլյազովի կողմից: Հայցերով պահանջների գումարը կազմում էր 1,5 մլրդ դոլար:

Հայցվորը հայտարարել է «ԲՏԱ բանկ» ԲԸ բաժնետոմսերի մինորիտար փաթեթի ենթադրյալ ազգայնացման մասին, որոնք ձևականորեն պատկանում են KT Asia-ին: Ղազախստանին հաջողվեց ապացուցել, որ KT Asia Աբլյազովի ընկերությունների շարքին էր դասվում, որոնք օգտագործվել են որպես «գրպաններ» ակտիվները մի ընկերությունից մյուսը փոխանցելու համար:

Տրիբունալը նշել է, որ անգլիական դատարանի դատավճիռը Աբլյազովի դեմ հայցով ԲՏԱ բանկի ակտիվների սառեցման վերաբերյալ, որտեղ թվարկված են Աբլյազովի հարյուրավոր ընկերություններ, պատկերացում է տալիս այդ պրակտիկայի իրական մասշտաբների մասին: Ղազախստանը նաև ցույց տվեց, որ KT Asia-ն գնել է ԲՏԱ բանկի բաժնետոմսերը շուկայականից յոթ անգամ ցածր գնով՝ երկու վաճառող ընկերություններից փոխառության շնորհիվ, որոնք նույնպես պատկանում էին Աբլյազովին: Փոխառության գումարը, ինչպես նաև տոկոսները, հետագայում այդպես էլ չհատուցվեցին: Փոխարենն այդ պարտքը չեղյալ համարվեց ու Աբլյազովը լիկվիդացրեց այդ երկու ընկերությունները՝ նպատակ ունենալով պարտքից ազատել KT Asia ընկերությանը:

Ընդհանուր վնասը, որն Աբլյազովը հասցրել է իր կառավարած ԲՏԱ բանկին, կազմում է մոտ վեց միլիարդ դոլար: Ընդ որում 800 միլիոն դոլարը վնասն է, որ կրել են օտարերկրյա բանկերը: Ամենից շատ տուժել են բրիտանական բանկերը՝ HSBC, Standart Chartered, RBS և Barclays-ը (500 մլն դոլար): 250 միլիոն դոլարի վնաս է հասցվել ութ իտալական բանկերի, այդ թվում Unicredit, Banca Monte dei Paschi di Siena և Mediobanca բանկերին, ֆրանսիական BNP Paribas, Societe Generale, Credit Agricole և BPCE-ին: Նրանք Աբլյազովի խարդախություններից ունեցած վնասը գնահատել են 50 միլիոն դոլար: Վնաս է հասցվել նաև Credit Suisse, Commerzbank և Wells Fargo բանկերին:

Դրանով էլ բացատրվում է եվրոպական պետությունների բարձր ակտիվությունն Աբլյազովի որոնման ու նրան դատի տալու հարցում: Ինչպես նաև հավանաբար և ֆրանսիական դատարանի որոշումը փախուստի դիմած բանկիրին չբացակայելու ստորագրության դիմաց կալանքից ազատ չարձակելու վերաբերյալ: Ի դեպ, մինչ այդ ԲՏԱ բանկի նախկին ղեկավար Աբլյազովը բողոքարկել էր որոշումը՝ պահանջելով կարճել նրա արտահանձնման մասին գործը: Նրա փաստաբանները պնդում էին, որ իրենց պաշտպանյալի մեղքի ապացույցները հավաքվել են օրենքի խախտումներով, ինչպես նաև կարող է տեղի ունեցած լինել Աբլյազովի դեմ քննության նյութերով էլեկտրոնային կրիչների կոտրում:

Չնայած նրան, որ Աբլյազովի փաստաբանները փորձում են գործարկել դատավարությանը հակազդելու բոլոր մեխանիզմները (ներառյալ քաղաքական լծակները), դեռ ոչ մի արդյունքի չի հաջողվել հասնել: Մի քանի երկրների դատախազներ ոչ միայն պահանջում են եվրոպական արդարադատությունից արդարացի գնահատական տալ խարդախություններով զբաղվող բանկիրի գործունեությանն, այլ նաև բերում են նրա մեղավոր լինելու ապացույցներ: Ապացույցներ ոչ միայն իր, այլ նաև մեղսակիցների վերաբերյալ: Այդպես, հոկտեմբերի սկզբին Իսպանիայի Ազգային դատարանը հաստատեց իր որոշումը Աբլյազովի թիկնազորի պետ՝ Ալեքսանդր Պավլովի արտահանձնման մասին: Ահաբեկչության և ԲՏԱ բանկում խաբեության միջոցով 22,5 մլն եվրոյի վարկ վերցնելու համար մեղադրվող Պավլովը հայտնի է որպես Աբլյազովի վստահված անձ, որը թաքնվում է Ղազախստանի իրավապահ մարմիններից արտերկրում: Աբլյազովի իրավաբան Ելենա Տիշչենկոյին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը պատրաստ է ազատ արձակել, եթե նա հատուցի իր հասցրած վնասը ԲՏԱ բանկում յուրացումների մասին աղմկահարույց գործի շրջանակում, որը կազմում է 439 մլն դոլար: Ընդ որում բանկն ինքը 94,4 մլն դոլարի հայց է ներկայացրել նրա դեմ:

Հաշվի առնելով տիրող իրավիճակը՝ կա մեծ հավանականություն, որ «աշխարհն Աբլյազովի դեմ» գործը կհասցվի տրամաբանական ավարտին: Այսինքն մինչև փախուստի դիմած ղազախստանցի խարդախ բանկիր Մուխտար Աբլյազովի բանտարկությունը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի

Թուրքիան դասագրքերում Միջին Ասիան անվանափոխում է Թուրքիստանի «Արտաքսման մասին օրենքի» փոխարեն կիրառվելու է «Տեղափոխման և վերաբնակեցման մասին օրենք» տերմինը

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---