Եզակի դիտարանը հետևում է սեյսմիկ ակտիվությանը Հայաստանում

Եզակի դիտարանը հետևում է սեյսմիկ ակտիվությանը Հայաստանում

Մարդը չպետք է և չի ցանկանում հաշտվել Բնության անկանխատեսելիության հետ` աստիճանաբար ավելի ու ավելի հասկանալի դարձնելով այն

Յուրաքանչյուր աղետալի երկրաշարժ ստիպում է գիտնականներին մտածել, որ եթե հնարավոր լիներ կանխել աղետը գոնե առաջին ցնցումից մեկ ժամ առաջ, հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել: Նախորդ դարավերջին, երկար բանավեճերից հետո, գիտնականները միանշանակ ու տհաճ եզրակացության եկան. տարհանման բավարար պլանավորման համար երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումն անիրական է: Նույնիսկ եթե անհրաժեշտ ճշգրտությամբ որոշենք երկրակեղևի ուժգին ցնցումների վայրն ու ժամը, մագնիտուդը միևնույն է անհայտ կմնա: Երկրաշարժի ժամանակ տարածվող ալիքի ճակատը մոտենում է բարձր ամրության հատվածին. երկրաշարժի մագնիտուդը կախված է նրանից, թե կփլուզվի այդ հատվածը, թե ոչ: Եթե ճակատը քանդի հատվածն ու առաջ անցնի, ապա մագնիտուդը մեծ կլինի: Հակառակ դեպքում ցնցումը կգրանցեն միայն սեյսմագրերը: Իսկ դա, իր հերթին, հիշեցնում է քաոսի տեսության հիմնական օրենքը` «թիթեռնիկի էֆեկտը», քանի որ արդյունքը կախված է հատվածի ամրությունից: Ամրության և լարումի չնչին տարբերությունները մակրոսկոպիկ հետևանքներ կունենան: Այդ տարբերությունը ցանկացած ճշգրտության չափումներից փոքր է:

PanARMENIAN.Net - Նույնիսկ գիտենալով երկրաշարժի վայրն ու ժամը, ոչ ոք չի իմանա, թե ինչ ուժգնության այն կլինի: Ուստի գիտնականներն առաջին հերթին պարզում են մագնիտուդը, տարբեր հզորությունների տատանումների ժամանակացույց կազմելով` հասկանալու համար գործընթացների օրինաչափությունները: Սեյսմոլոգի աշխատանքը հիմնված է վիճակագրության վրա: Լավ սեյսմոլոգն, ուսումնասիրելով այն, ունակ է կանխատեսելու ուժեղ երկրաշարժի միջին հավանականությունը, իսկ սեյսմիկ մեծ ակտիվությամբ մեր տարածաշրջանի համար դա արդեն մեծ բան է:

Հայաստանում գործում է սեյսմիկ ակտիվությանը հետևող տարածաշրջանում եզակի դիտարան` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը, որը տարիների անգործությունից հետո երկրորդ կյանքը ստացավ: 2012-ին կառավարության որոշմամբ այն անժամկետ փոխանցվեց արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությանը: Դիտարանի աշխատանքի և նպատակների մասին PanARMENIAN.Net ը զրուցել է երկրաբանական գիտությունների թեկնածու, «Սեյսմիկ պաշտպանության վարչություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ:

Դիտարանը գտնվում է ակտիվ սեյսմոլոգիական խզվածքի գոտում, ինչը թույլ է տալիս վերահսկել Երևանին սպառնացող ամենավտանգավոր օջախային գոտին: Հատուկ թունելում կլոր տարին պահպանվում է կայուն 17 աստիճանն ըստ Ցելսիուսի, իսկ սեյսմիկ և այլ շեղումների մակարդակը շատ ցածր է: Թունելի երկարությունը 375 մետր է, այստեղ է գտնվում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր ուժեղ երկրաշարժի անմիջական նախանշան:

«Դիտարանում անցկացվող համալիր հետազոտությունների նպատակն առաջին հերթին Հայաստանում և մերձակա տարածքներում սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկումն է, սեյսմիկ վտանգի գնահատումը, ինչն իր հերթին սեյսմիկ ռիսկի գնահատման ու նվազեցման գլխավոր բաղադրիչն է: Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը դառնալու է տարածաշրջանային նշանակության գիտակիրառական միջազգային կենտրոն»,-ասել է մասնագետը:

Այսօրվա դրությամբ Երկրաֆիզիկական դիտարանն ամբողջությամբ վերանորոգված է ու պատրաստ է գործարկման: Ամերիկյան երկրաբանական վարչության մասնագետների հետ համատեղ արդիականացվել է միջազգային սեյսմոլոգիական ցանցի տարածաշրջանի միակ IRIS/GNI Գառնի կայանը: Կայանի օգնությամբ անցկացվում է մոլորակի սեյսմիկ ակտիվության շուրջօրյա մշտադիտարկում` Միջուկային փորձարկումների արգելման համալիր համաձայնագրի (CTBTO) շրջանակում: Հավաքագրված տեղեկատվությունն արբանյակային կապով փոխանցվում է Վիեննայի միջազգային կենտրոն և Ալբուքերկի (ԱՄՆ) Սեյսմոլոգիական լաբորատորիա:

«Անցյալ տարի չեխ-հայկական գործակցության շրջանակում թունելում տեղադրվեց նորագույն թվային թեքաչափ, որի միջոցով չափում են երկրակեղևի դեֆորմացիաները: Բոլոր տվյալները հավաքագրվում և վերծանվում են հատուկ տեղեկատվական կենտրոնում, որը տեխնիկապես լիովին պատրաստ է հետևել տեկտոնական սալերի ամենաչնչին շարժին»,-ասել է նա:

Երկրաշարժերը հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել, սակայն անուղղակի մեթոդները բավականին արդյունավետ են, որպեսզի կարողանանք ասել, որ այսօրվա դրությամբ ոչ մի նախանշան չկա, որ մոտ ապագայում երկրում կարող է ուժեղ երկրաշարժ տեղի ունենալ: Մարդը չպետք է և չի ցանկանում հաշտվել Բնության անկանխատեսելիության հետ` աստիճանաբար ավելի ու ավելի ըմբռնելի դարձնելով այն:

Նշենք, որ չինացի գիտնականներն, այնուամենայնիվ, կարծես թե հսկայական հաջողությունների են հասել երկրաշարժերի կանխատեսման գործում` նրանք մի քանի տարի շարունակ մակերեսի թեքության, ստորգետնյա ջրերի մակարդակի, ինչպես նաև լեռնային ապարներում ռադոն գազի պարունակության մշտադիտարկում են իրականացրել: Հետազոտողները ենթադրում են, որ բոլոր այդ պարամետրերը, սեզոնային փոփոխություններից, ինչպես նաև բազմամյա միտումներից բացի, պետք է կտրուկ փոխվեն խոշոր երկրաշարժից մի քանի շաբաթ կամ ամիս առաջ: Սակայն այնուամենայնիվ, նման կանխատեսումները միայն վիճակագրական բնույթի են:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---