![]() Խճանկար-տունը. Թումանյանը, Սայաթ-Նովան ու Սուտլիկ որսկանը՝ քարերի լեզվովԱմեն ինչ սկսվել է մեկ պատից, հետո անցել է մյուսին, ու այդպես՝ ամբողջ տունը Քարերի երկիր Հայաստանում, ավելի կոնկրետ՝ Աղվերանի Արզական գյուղում, մի քարե տուն կա: Այդ տան պատերն ամբողջությամբ պատված են նմանը չունեցող խճանկարներով: Սա աշխարհում երևի թե միակ տեղն է, որտեղ կողք-կողքի կարող ես տեսնել Սայաթ-Նովային, Հովհաննես Թումանյանին ու Ավետիք Իսահակյանին, իսկ նրանցից ոչ շատ հեռու՝ Ադամին ու Եվային: Այստեղ են նաև խաղաղության աղավնին, գայլն ու գառը, Քաջ Նազարը, Պոչատ աղվեսն ու Սուտլիկ որսկանը, իսկ օլիմպիական արջուկը զբաղեցնում է ոչ ավել, ոչ պակաս 80 քմ տարածք: ![]() PanARMENIAN.Net - Արտասովոր տան տերը 75-ամյա Վալենսիա Դավթյանն է, որն արդեն 55 տարի գրեթե ոչ մի գիշեր 3 ժամից ավելի չի քնում: Ոստիկանության նախկին աշխատակիցը, որն արդեն անցել է վաստակած թոշակին, բանակից զորացրվելուց հետո անցել է հայրական հին ու փոքրիկ տան վերակառուցմանը: Աշխատանքից հետո մինչև կեսգիշեր պատ է շարել, տանիք կապել, պատուհան տեղադրել: Հետո էլ անցել է տան գեղարվեստական զարդարմանը: Ամեն ինչ սկսվել է մեկ պատից, հետո անցել է մյուսին, ու այդպես ամբողջ տունը: «Ես շնորհքով մարդ եմ, հորիցս ու մորիցս է դա մնացել: Կրթությունս միջնակարգ 10-ամյա է: Ինքս եմ սովորել թե նկարել, թե նվագել ու երգել: Ինչ սովորել եմ դպրոցից, գրքերից, մեր մեծերից՝ Թումանյանից, Իսահակյանից, վրձինով նկարել եմ պատերին, հետո քարով հավաքել՝ ստանալով այս պատկերներն ու գույները»,- ասում է գործով կլանված Վալենսիա պապը, որն այսօր էլ շարունակում է կատարելագործել ու լրացնել իր նկարները: Խճանկարը մոնումենտալ-դեկորատիվ արվեստի հիմնական տեսակներից է, համասեռ կամ տարբեր նյութերի մասնիկներից (քար, գունախիճ, խեցեսալիկ և այլն) ստեղծված պատկեր կամ զարդ։ Խճանկար կազմող մասնիկները՝ «խճերը», ունեն պարզ երկրաչափական կամ բարդ ձև և ամրացվում են կրի, ցեմենտի, խեժի կամ մեղրամոմի շերտի մեջ։ Մարդիկ գալիս նայում են, սկզբում զարմանում են, հետո չեն կարողանում ժպիտը զսպել: Վալենսիա պապն էլ հպարտորեն ասում է. «Դե հո իմ համար չեմ արել, բոլորը մարդկանց համար է: Դպրոցականները գալիս, նայում են, հետո կարող է գնան ու կարդան, ճանաչեն մեր պատմությունն ու մեր մեծերին»: Պոտենցիալ գնորդներ տունը հաճախ է ունեցել, հիմնականում 90-ականների սկզբին էին շատ գալիս, հետաքրքրվում, փորձում գնել, բայց դե տան տերը հպարտորեն ասում է՝ միլիարդ էլ տան, չի վաճառի. «Անգամ մի նկարը, մի նկարի մի քարը չեմ վաճառի: Սա իմ կյանքի պատմությունն է, ամեն քարը դնելու համար մի գիշեր չեմ քնել, քրտինք եմ թափել, ինչպե՞ս վաճառեմ: Չնայած՝ գիտեմ, որ վաճառեմ էլ, էլի մնալու է: Մարդու ձեռքը չի գնա նման տունը քանդի կամ փչացնի»: Արտասովոր տան տերը ժամանակին որոշել է քարե խճանկարներով պատել նաև սենյակների ներսի պատերը, սակայն հետագայում հրաժարվել է այդ մտքից ու քադել ամբողջը՝ թողնելով միայն մի սենյակի պատը զարդարող Ադամին ու Եվային: Հայկական խճանկարչության առաջին և համեմատաբար ամբողջական նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի՝ 15 երանգի քարից կազմված խճանկարն է (III դար), ուր պատկերված են ծով և առասպելական ծովային արարածներ։ Խորհրդային Հայաստանում խճանկարչության արվեստը վերածնվել է 1960-1970-ական թվականներին։ Այն կապված է արվեստների` ճարտարապետության, նկարչության և քանդակագործության համադրման նկատմամբ աճած հետաքրքրության հետ։ Վալենսիա Դավիթյանն այսօր էլ շարունակում է կատարելագործել արվեստի նմուշ դարձած իր տան պատերը՝ ամեն օր նոր տարրեր ու մանրամասներ ավելացնելով գունագեղ խճանկարներին: Ասում է՝ աշխատելու ու լրացնելու տեղ դեռ շատ կա: Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |