![]() Միջուկային համաձայնագիրը. Երկար սպասված «կարևոր ձեռքբերումից» մինչև «պատմական սխալ»Իրանի և միջնորդների համաձայնությունը երկար սպասված և կարևոր ձեռքբերում է, հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը Իրանն ու միջնորդների «վեցյակը»՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան, հուլիսի 16-ին համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Պատմական իրադարձությանը անմիջապես հետևեցին աշխարհի մի շարք երկրների առաջին դեմքերի, ինչպես նաև փորձագետների արձագանքներ ու գնահատականներ: Խոսվեց Իրանի դեմ պատժամիջոցների վերացման դրական և բացասական կողմերի մասին: Վիեննայի հաջողությունը, որն ԻԻՀ-ն դուրս է բերում երկարատև միջազգային մեկուսացումից, տոնեցին թե' հայրենիքում, թե' այլուր ապրող իրանցիները: PanARMENIAN.Net-ը ներկայացնում է միջուկային համաձայնագրի շուրջ հնչեցրած հիմնական հայտարարությունները, ինչպես նաև Հայաստանի և Իրանի տնտեսական երկկողմ հարաբերությունների վրա պատժամիջոցների վերացման ազդեցության գնահատականը, համաձայնագրի իրականացման արդյունքում տարածաշրջանի երկրների դերի ակնկալվող փոփոխության ուղղությունը: ![]() PanARMENIAN.Net - Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ: Կհանվի նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը, ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները: Հայտնի է նաև, որ Իրանն առնվազն 15 տարի չի արտադրի պլուտոնիում և հարստացված ուրան` հրաժարվելով ուրանի հարստացումից ավելի քան 3,67%-ով: Այդ մասին բանակցությունների ավարտին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հայաստան. Իրանի և միջնորդների համաձայնությունը երկար սպասված և կարևոր ձեռքբերում է Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, արձագանքեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարևոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության և համագործակցության ամրապնդման: Լիահույս ենք, որ դա հավելյալ կխթանի Հայաստանի և բարեկամ Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության ընդլայնումը, համատեղ ծրագրերի իրականացումը»,- նշեց Նալբանդյանը: Ինչպե՞ս համաձայնագիրը կազդի Իրան-Հայաստան հարաբերությունների վրա ԻԻՀ դեմ պատժամիջոցների վերացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Իրանի տնտեսական երկկողմ հարաբերությունների վրա, PanARMENIAN.Net ին ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը: «Սկզբնական շրջանում մեզ համար կարևոր հանգամանքն Իրանի բանկային համակարգի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումն է: Ինչպես հայտնի է, մեր էներգետիկ նախագծերի ֆինանսավորման մեծ մասը կատարում է իրանական կողմը: Վերջին տարիներին հենց պատժամիջոցների պատճառով է սառեցվել մի շարք նախագծերի իրականացումը»,- ասաց Իսրայելյանը: Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցմանը, ըստ մասնագետի, խոչընդոտում են ոչ այնքան ֆինանսական միջոցների բացակայությունը, որքան տարածաշրջանում ազդեցություն ունեցող գերտերությունների հակասությունները: Անդրադառնալով համաձայնագրի արդյունքում տարածաշրջանի տնտեսական, քաղաքական զարգացումներում Իրանի դերի փոփոխմանը՝ Իսրայելյանը շեշտեց, որ ԻԻՀ-ն իր ակտիվ գործողություններով արդեն իսկ ապացուցել է, որ առանց իր մասնակցության՝ Միացյալ Նահանգներն էական հաջողություն չեն կարող ունենալ ինչպես «Իսլամական պետության» դեմ պայքարում, այնպես էլ Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում անվտանգության հաստատման գործում: Ըստ փորձագետի՝ այդ երկիրը բոլոր հնարավորություններն ունի ստանձնելու տարածաշրջանի գերտերության դերը: Միացյալ Նահանգները կփորձի հենց Իրանի միջոցով պահպանել տարածաշրջանի հավասարակշռությունը, ինչպես դա արվում էր շահի օրոք: Ակնհայտ է, որ այդ պարագայում զգալիորեն կնվազի տարածաշրջանային մյուս խաղացողների՝ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի դերը: Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Իսրայելյանը նշեց ,որ վերջին տարիներին Իրանի թուլությունից օգտվում էր Թուրքիան՝ փորձելով մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում: Ըստ իրանագետի՝ եթե ԻԻՀ-ին հաջողվի Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հասցնել նվազագույնի, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ևս կարելի է դրական ակնկալիքներ ունենալ: ԱՄՆ-ն չի հրաժարվի ԵվրոՀՀՊ-ից չնայած Իրանի հետ համաձայնությանը Նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ վետո կդնի ցանկացած օրենքի վրա, որը կարող է խոչընդոտել Իրանի և «վեցյակի» համաձայնության իրականացմանը, եթե Կոնգրեսը փորձի արգելափակել Իրանի հետ համաձայնությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը նշեց, որ Վաշինգտոնը կպահպանի Իրանի դեմ գործող որոշ պատժամիջոցներ: «Միջուկային գործարքը չի հարթում բոլոր տարաձայնությունները»,- ասաց նա: ԱՄՆ-ն կպահպանի պատժամիջոցները, քանի որ Իրանը «սատարում է ահաբեկիչներին», խախտում է մարդու իրավունքները, բալիստիկ հրթիռներ է մշակում: Բացի այդ, պատժամիջոցները կարող են կրկին «գործել» ցանկացած պահի, եթե Իրանը խախտի պայմանավորվածությունները, ասաց Օբաման: Իրանի հետ համաձայնությունը չի չեղարկում Իրանի հրթիռային սպառնալիքին հակազդելու համար Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծման անհրաժեշտությունը, քանի որ այդ երկիրը բալիստիկ հրթիռների ամենամեծ պաշարն ունի Մերձավոր Արևելքում: Ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի` դա շարունակում է մտահոգել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը: «Միջուկային խնդրի հաջող հանգուցալուծումը չի վերացնում Իրանի հրթիռային սպառնալիքին հակազդելու համար ՀՀՊ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը: Ուստի ՄԱԿ ԱԽ նոր բանաձևում ևս 8 տարով կպահպանվեն ՄԱԿ պատժամիջոցներն Իրանի բալիստիկ ծրագրի դեմ»,- ասաց Պետդեպի ներկայացուցիչը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը< հայտարարել էր՝ Ռուսաստանը հուսով է, թե ԱՄՆ-ն կկատարի մինչև այդ տված խոստումը` չզարգացնել ՀՀՊ համակարգի եվրոպական տարրերն Իրանի ատոմային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու դեպքում: ԵվրոՀՀՊ համակարգի ծավալումն Իրանի պոտենցիալ հրթիռային հարվածից պաշտպանվելու պատրվակով հաստատվեց 2010-ին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան համաձայնվեցին համակարգի տարրերը տեղակայել իրենց տարածքում: Ռուսաստանը դեմ էր դրան: Իրանի և ԱՄՆ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում հակադիր է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին հայտարարեց, որ Թեհրանի և Վաշինգտոնի քաղաքականությունը Մերձավոր Արևելքի հարցում չի համընկնում: Համենեի խոսքով, «ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում ուղիղ հակադիր է Իրանի քաղաքականությանը»: Իրանի գերագույն առաջնորդը նշել է, որ Թեհրանը մտադիր չէ երկխոսություն վարել ԱՄՆ հետ միջազգային հարցերի շուրջ, իսկ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները «բացառություն էին»: ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության շնորհիվ աշխարն այլևս Իրանին չի ընկալվի որպես սպառնալիք: Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի պայմանավորվածությունները գործեն ամբողջ ուժով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս ողջունեց պատմական բեկումն Իրանի և «վեցյակի» միջև բանակցություններում: «Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի Վիեննայի պայմանավորվածություններն գործեն ամբողջ ուժով` նպաստելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմի պահպանմանը, Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտու ստեղծմանը, ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար լայն կոալիցիայի ստեղծմանը տարածաշրջանում»: Իսրայել. Համաձայնությունը պատմական սխալ է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ համարեց Իրանի և «վեցյակի» միջև ձեռք բերված համաձայնությունը: «Իրանը միջուկային զենքի ստեղծելու համար բաց ճանապարհ է ստանում, իսկ բազում սահմանափակումները, որոնք կիրառվում էին հենց նման զարգացումները կանխելու համար, չեղյալ կհամարվեն: Բոլոր կետերով, որոնք կոչված են կանխելու Իրանի կողմից միջուկայի զենքի ստեղծումը, մեծ զիջումներ են արվել: Իրանը միլիարդավոր դոլարներ կստանա` հնարավորություն ստանալով աջակցել ահաբեկչության, ագրեսիայի և էքսպանսիայի մեքենային Մերձավոր Արևելքում», - ասաց Նեթանյահուն: Նրա խոսքով՝ Իսրայելը պարտավորվել էր կանխել միջուկային զենքի ստեղծումն Իրանում և դա անպայման ուժի մեջ կմնա Արդեն տարիներ շարունակ Նեթանյահուն կոչ է անում միջազգային հանրությանը համաձայնություն չստորագրել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ` «վատ գործարք» անվանելով դա: Անկարան գոհ է համաձայնագրից. Այն կզարգացնի տարածաշրջանը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ Անկարան գոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրից, թեև այն ուշացած է համարում: «Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռևս 2010-ից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ, եթե այդ համաձայնագրին հասնեին ավելի վաղ։ Կարծում եմ, որ բավական ժամանակ զուր է անցել։ Սակայն համաձայնագրին հասնելու ներկայիս իրավիճակը լիովին գոհացնում է մեզ։ Հաջողություններ եմ մաղթում դրա իրագործման համար», - ասաց Դավութօղլուն: Թուրքիայի ներկայիս վարչակարգի` իսլամական աշխարհի հետ մերձեցման քաղաքական գիծը հանգեցրեց թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրմանը, որն էլ իր հերթին բերեց թուրք-իրանական հարաբերությունների աշխուժացմանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարեց, որ պատժամիջոցների ու բեռնարգելքի վերացումն իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման մեջ և ուղղակիորեն կազդի Թուրքիայի վրա։ Չավուշօղլուն հույս հայտնեց, որ համաձայնագիրը տարածաշրջանին կայունություն կբերի։ Հուլիսի 17-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տևական բանակցությունների հաջող ավարտը հույս է ներշնչում, որ ղարաբաղյան խնդիրը ևս կարող է հանգուցալուծվել: «Կարգավորումը մոտալուտ բեկման ուղու վրա է», - ասել է նա: Ըստ համաձայնության` Իրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներին թույլ կտա մուտք ունենալ իր բոլոր, այդ թվում` ռազմական օբյեկտներ, սակայն տեսուչները չեն ունենա ցանկացած պահի և ցանկացած օբյեկտում հայտնվելու իրավունք; Իրանը համաձայնել է, որ պատժամիջոցները կարող են վերականգնվել 65 օրվա ընթացքում, եթե Թեհրանը խախտի համաձայնագիրը; զենքի մատակարարումների արգելքը պետք է վերացվի հինգ տարվա ընթացքում; նավթի և գազի վաճառքի, ֆինանսական գործարքների, ավիացիայի և նավագնացության ոլորտներում պատժամիջոցները կվերացվեն, և միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները կապասառեցվեն: Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |