23  02.10.15 - ԴիջիԹեք Էքսպո բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի բացումը
Նորարարության տոն. Երևանում մեկնարկել է Digitec Expo 11-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսը

Նորարարության տոն. Երևանում մեկնարկել է Digitec Expo 11-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսը

Երեխաները կտեսնեն ապագան, երիտասարդները կկարողանան օգտվել տեխնոլոգիաներից, իսկ մեծերը վստահ կլինեն, որ տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է

Հոկտեմբերի 2-ին Երևանում մեկնարկել է Digitec Expo 11-րդ տեխնոլոգիական ցուցահանդեսը: 3 օր շարունակ մոտ 170 ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Թայվանից, Չինաստանից, Իրանից և այլ երկրներից կցուցադրեն իրենց տեխնոլոգիական նորույթները, նորարարական մշակումները, նոր հավելվածները, տեխնիկան, ռոբոտներն ու համակարգչային խաղերը: Բարձր տեխնոլոգիաների և հեռահաղորդակցությունների ոլորտն ամենախոստումնալիցն է ու ակտիվ զարգացողը, այն ոչ միայն ինքն է զարգանում, այլ նաև խթան է հանդիսանում մյուս ոլորտների համար, որպես հարթակ ներկայանալով բարձր որակավորում ունեցող աշխատուժի համար: Եվ, ինչպես նշեցին կազմակերպիչները, ցուցահանդեսի օգնությամբ երեխաները կտեսնեն ապագան, երիտասարդները կկարողանան օգտվել տեխնոլոգիաներից, իսկ մեծերը վստահ կլինեն, որ իրենց ձեռք բերած տեխնոլոգիական առաջընթացը շարունակվում է և զարգանում:

PanARMENIAN.Net - Ավելի ու ավելի բարձր

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիների տեխնոլոգիական նորարարությունների թվում կենտրոնական տեղերից մեկը զբաղեցնում են անօդաչու թռչող սարքերը` դրոնները: Չինական DJI ընկերությունը սիրողական դրոնների արտադրության համաշխարհային առաջատար է, որի միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում ոչ միայն զբաղվում է այդ բարդագույն սարքերի վաճառքով, այլ նաև ինքն է հավաքում որոշ դրոններ:

«Ամեն ինչ դեռ առջևում է. Հայաստանում դրոնների լայն արտադրությունը միայն ժամանակի հարց է»,-PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է ArmComputers ընկերության ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը: Ըստ նրա, թեև Հայաստանում չկա հստակ օրենսդրական դաշտ անօդաչու սարքերի օգտագործման կանոնակարգման համար, ինչը ևս ժամանակի հարց է, դրոններն կարելի է օգտագործել միայն մանրամասն կերպով ծանոթանալով շահագործման անվտանգության կանոններին յուրաքանչյուր թռիչքի ժամանակ:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև այլ ուղղվածության դրոններ` Սամարայում գործող «Ուրարտու-Սիսթեմս» ընկերության պրոֆեսիոնալ անօդաչու սարքերը: Ընկերության ինժեներ և աշխատակից Դավիթ Հովակիմյանը պատմեց, որ ընկերությունը երկար ժամանակ զբաղվել է փորձարկումների ավտոմատացմամբ և միայն վերջին 4 տարին է, ինչ մշակում է և ներկայացնում է անօդաչու թռչող սարքեր տարբեր ոլորտների և քաղաքացիական կիրառման համար:

«Այս պահի դրությամբ մենք 4 տեսակի դրոն ունենք, տարբեր չափերի ու նշանակության: Քանի որ մենք առաջին անգամ ենք մասնակցում ցուցահանդեսին, հուսով ենք, որ մեզ կնկատեն և նոր պայմանագրեր կլինեն, որոնք կենթադրեն նաև սարքերի արտադրություն Հայաստանում»,-ասել է նա:

Ռոբոտատեխնիկան շատ բարդ ու բուռն զարգացող ոլորտ է: Հատկապես դա վերաբերում է նորարար տեխնոլոգիաների կիրառմանը խոշոր արտադրություններում: Սակայն ոչ մեծ Rafa Solution հայկական ընկերությանը ոչ միայն հաջողվել է բավականին լավ դիրք զբաղեցնել հաստոցաշինության նորարարությունների ոլորտում, այլ նաև արտերկրում գործընկերներ գտնել ու սպառման շուկաներ:

Ռաֆայել Ղասաբյանը 2012-ին բացված ընկերության հիմնադիրներից է: Այսօրվա դրությամբ Rafa Solution-ն առաջարկում է գործակցության 3 ուղղություն` հաստոցների մշակում և ավտոմատացում, հատուկ ուսումնական ստենդերի մշակում նույն ոլորտի համար և տարբեր ծրագրերի ստեղծում վիետնամական մի ինստիտուտի համար, որը սովորեցնում է ուսանողներին հոսքային ավտոմատացում կառավարվող ռոբոտատեխնիկական մանիպուլյատորների միջոցով:

Մեր կյանքը խաղ է

Triada-ն բավականին երկար ճանապարահ է անցել և հետաքրքիր պատմություն ունի: Այն սկսվեց 1993-ին, երբ դեռ քչերն էին լսել եռաչափ համակարգչային գրաֆիկայի մասին, իսկ այդ ոլորտի մասնագետներին Հայաստանում կարելի էր մեկ ձեռքի մատների վրա հաշվել: Գործակցելով հիմնականում հեռուստաընկերությունների հետ, ստուդիան շատ արագ հեղինակություն ձեռք բերեց որպես որակյալ գովազդային հոլովակներ ստեղծող և տարեցտարի ավելի մեծ ճանաչում ստացավ: Այսօր ընկերությունը Հայաստանի համակարգչային գրաֆիկայի շուկայի անփոփոխ առաջատարն է:

Digitec Expo-ում ՀՀ ՏՏ ոլորտի վետերանը ներկայացրել է ոչ միայն իր նվաճումները համակարգչային գրաֆիկայի ոլորտում, այլ նաև արդեն մեծ ճանաչում ստացած Shadowmatic գլուխկոտրուկ խաղը: Այցելուները հնարավորություն ունեն իրենց սմարթֆոնների օգնությամբ խաղալ մեծ էկրանին: Եվ այդ շնորհանդեսը պատահական չէ` խաղը բացառիկ կդառնա Apple TV-ի նոր հեռուստատեսային կցորդի համար: Այդ մասին հայտարարվեց ընկերության շնորհանդեսում սեպտեմբերի 9-ին Սան Ֆրանցիսկոյում:

Հայկական Triada Studio Games ստուդիայի մանրակրկիտ և վիրտուոզ եռամյա աշխատանքի արդյունքն արդեն հասցրել է բազմաթիվ, այդ թվում նաև միջազգային հեղինակավոր մրցանակների արժանանալ խաղերի ինդուստրիայում: Իսկ այսօր արդեն խաղն արժանացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատարի ամենաբարձր դրվատանքին` Shadowmatic-ը դարձել է Apple Design Awards-ի մրցանակակիրը:

Apple Design Awards (ADA)-ը հատուկ միջոցառում է, որը կորպորացիան անցկացնում է խաղային հավելվածներ մշակողների համար՝ WWDC ամենամյա համաշխարհային կոնֆերանսի շրջանակում: Մրցույթն ի հայտ է բերում iOS и Mac OS X օպերացիոն միջավայրերի համար նախատեսված անկախ հեղինակների ստեղծած ամենատաղանդավոր, նորարարական և լավագույն ծրագրային և ապարատային մշակումները: Պարգևները հանձնվում են տարբեր անվանակարգերում, որոնք ամեն տարի փոխվում են: 2003-ից ի վեր խորանարդի տեսքով մրցանակները հանձնվում են յուրաքանչյուր նոմինանտի: Խորանարդի մի կողմում Apple-ի լոգոտիպն է, որը լուսավորվում է դրան դիպչելիս:

«Սարքը վաճառքում կհայտնվի հավանաբար հոկտեմբերի կեսին: Shadowmatic-ը կլինի այն 10 խաղերից մեկը, որոնք բացառիկ կլինեն Apple TV-ի համար»,- ասել է Triada-ի տեխնիկական տնօրեն Բագրատ Դաբաղյանը: Մեկ շաբաթ շարունակ խաղի բջջային տարբերակը հնարավոր էր ներբեռնել անվճար: Այն, որ խաղը սիրվել է, վկայում են թվերը` 2 մլն ավելի ներբեռնում: Զգալիորեն ընդլայնվել է նաև ներբեռնումների աշխարհագրությունը:

Հայկական «խաղաստանի» մյուս ներկայացուցիչները կենտրոնացած են վիրտուալ իրականության տեխնոլոգիաների վրա: Այդպես, ARLOOPA ընկերությունը: «Անտարես» հրատարակչության հետ համատեղ Երևանում կայանալիք ամենամյա Digitec Expo ցուցահանդեսում կներկայացնի վիրտուալ իրականության ARLOOPA cardboard ակնոցը:

Վիրտուալ իրականության ակնոցը թույլ է տալիս մասնակիորեն ընկղմվել վիրտուալ իրականության աշխարհի մեջ` ստեղծելով ներկայության դիտողական և ակուստիկ էֆեկտ տվյալ համակարգչային տարածքում: Ընդ որում շրջակա միջավայրը գործնականում չի ընկալվում:

Առաջնայինը առողջությունն է

Ցուցահանդեսում ներկայացված է հայկական ընկերությունների ամենատարբեր սոֆթ` հատուկ տեղ են զբաղեցնում բջջային հավելվածները: Օրինակ, Eye Care Plus-ը թույլ է տալիս սմարթֆոնի և Android-ի հենքով պլանշետի միջոցով ստուգել տեսողությունը: Արամ Մխիթարյանը, որը հարթակի հեղինակներից մեկն է, պատմել է, որ օգտատերը տարբեր թեստեր է անցնում պատկերների հիման վրա, պատասխանելով հարցերին, որից հետո ծրագրի ալգորիթմը հաշվարկում է նրա տեսողությունը:

«Հավելվածն օգնում է հատուկ վարժություններ կատարել` աչքերի համար մարզանք, կարևոր տեղեկություններ է տրամադրում, ինչպես նաև օգնում է օգտատերին կապ հաստատել բժիշկների հետ, որոնք կպատասխանեն նրա հարցերին և մասնագիտական խորհուրդներ կտան»,-ասել է նա:

Այս պահի դրությամբ Eye Care Plus-ը կարելի է ավճար ներբեռնել, սակայն հետագայում կարող են հայտնվել նաև լրացուցիչ վճարովի գործառույթներ:

Teamable-ն ամենահաջողված հայկական ստարտափերից է, որն արդեն իր տեղն ունի և շարունակում է արագ զարգանալ, գործակցելով խոշորագույն համաշխարհային ընկերությունների հետ: Իսկ հաջողության գաղտնիքը շատ պարզ է` թիմին հաջողվել է ստեղծել իր տեսակի մեջ եզակի և շատ օգտակար պրոդուկտ, որի մասին պատմել է ընկերության համահիմնադիր Վազգեն Հակոբջանյանը:

«Teamable-ի ծրագրային ապահովումն օգնում է ընկերություններին բարձր որակավորում ունեցող աշխատակիցների թիմ հավաքել և կառավարել արդեն առկա ռեսուրսները: Լուծումներից առաջինը ներքին ցանցն է, որտեղ ընկերության յուրաքանչյուր աշխատակից իր անձնական էջն ունի: Այստեղ նա նշում է իր հմտությունները, գիտելիքները, մշտապես նորացնում է նախագծերի ցանկը, որոնց իրականացմանը մասնակցել է: Ընկերության մենեջերը որոնողական համակարգի օգնությամբ նոր թիմ է հավաքում ներսի աշխատակիցներից նոր նախագծի համար և նրան հարկավոր են որոշ մասնագետներ կոնկրետ ոլորտներից, որոնց նա գտնում է որոնողական համակարգի շնորհիվ»,-ասել է Հակոբջանյանը:

Երկրորդ լուծումը թույլ է տալիս օգտագործել աշխատակիցների կոնտակտները նոր աշխատակիցներ որոնելու համար: Օգտատերի թույլտվությամբ, համակարգը սկանավորում է ընկերության աշխատակիցների կոնտակտները սոցցանցերում, և թափուր աշխատատեղի առկայության դեպքում, տարածում է տեղեկությունը կոնտակտների շրջանում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---