Զինվել համբերությամբ, մերժել կարծրատիպերըԻնչ մարտահրավերներ են ծառացած հայկական ստարտափերի առջև Փետրվարի 5-ին Երևանում մեկնարկել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որի նպատակն է համախմբել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և նպաստել երկրում մեկնարկած սկսնակ ընկերությունների միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում են ստարտափերի հայկական էկոհամակարգի գլխավոր «դերակատարները»: Քննարկումների ժամանակ ի հայտ կգան կարևոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները: 5 փետրվարի 2016 PanARMENIAN.Net - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը միջոցառումն աննախադեպ է համարում ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար: Ըստ նրա, դա թույլ կտա դիտարկել Հայաստանը որպես ՏՏ ոլորտի նոր ընկերությունների տեխնոլոգիական զարգացման կարևորագույն հանգույցներից մեկը Եվրոպայում: Զուգահեռաբար նման միջոցառում է անցկացվել 340 քաղաքում` այսօրվանից Երևանը դարձավ այդ մեծ էկոհամակարգի մասը, ինչին շատ քիչ քաղաքներ են կարողացել հասնել տարածաշրջանում: «Դա չի նշանակում, որ գլոբալ էկոհամակարգին անդամակցում են առաջինը հայտ ներկայացրած քաղաքները: Այն փաստը, որ այսպիսի միջոցառում է անցկացվում Հայաստանում, վկայում է, որ մենք ասելիք ունենք աշխարհին: Մենք փայլուն ընկերություններ ունենք, որոնք արդեն հայտնի են ամբողջ աշխարհին և դարձել են մեր երկրի այցեքարտը: «Ստարտափերի եվրոպական շաբաթի» անցկացումը Երևանում նոր էջ է բացում մեր ընկերությունների համար: Մենք արդեն միայնակ չենք: Ստարտափերի գլոբալ էկոհամակարգի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Մեզ ցույց կտան, թե ինչպես են այսօր այդ խնդիրները լուծվում աշխարհում և, հավանաբար, մենք ևս ասելիք կունենանք»,-ասել է Ենգիբարյանը` ելույթ ունենալով միջոցառման մասնակիցների առջև:
Ըստ նրա, Հայաստանում հարկավոր է բարենպաստ միջավայր ստեղծել մասնավոր հատվածի, պետության, հասարակական կազմակերպությունների և տարբեր հիմնադրամների միջև համագործակցության համար: Առանց կողմնակի աջակցության ստարտափին շատ դժվար կլինի համբերությամբ զինվել ու գոյատևել: «Առաջին հերթին` մենք պետք է հասկանանք մեր խնդիրները: «Ստարտափերի եվրոպական շաբաթը» դրա համար շատ հետաքրքիր հարթակ է: Գոյություն ունեցող չափանիշները նույնն են բոլոր մասնակից քաղաքների համար, որտեղ անցկացվում է միջոցառումը: Դա նշանակում է, որ մենք կկարողանանք համեմատել մեզ աշխարհի զարգացած քաղաքների հետ, որտեղ կան բարենպաստ պայմաններ ստարտափերի զարգացման համար: Դա թույլ կտա հասկանալ, թե ինչն է մեզ պակասում: Վստահ եմ, ուրիշներն էլ մեզանից սովորելու բան կունենան»,-ասել է հիմնադրամի ղեկավարը: Երևանը միայն սկիզբն է: Աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ նաև Գյումրիում, Վանաձորոմ և Կապանում: Հաջորդ միջոցառումների ժամանակ նրանք ևս կկարողանան ներկայացնել աշխարհին իրենց նվաճումները: Այս ամենն, անշուշտ, ոգեշնչում է: Հայաստանում ստարտափերի զարգացմանը խոչընդոտող գործոնների մասին Բագրատ Ենգիբարյանը պատմել է PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում: Նա պարզաբանել է, որ դրանք ոչ թե խոչընդոտներ են, այլ մարտահրավերներ, քանի որ եթե առկա խնդիրները լուծում չստանան, զարգացում ուղղակի չի լինի:
Ցանկացած սկսնակ ընկերության թիվ մեկ խնդիրը ֆինանսավորման մեխանիզմների առկայությունն է: Հայաստանում փորձ արվեց ստեղծել առաջին վենչուրային հիմնադրամը: Առաջին համաֆինանսավորվող դրամաշնորհները տրամադրվեցին 34 ընկերության Երևանում, Գյումրիում և Վանաձորում, որոնց հաջողության ցուցանիշը 70 տոկոս է: Սակայն, դա միայն մեխանիզմների առկայության և սկսնակ ընկերությունների հետ աշխատանքի մեթոդների ցուցադրություն էր: Ամենամեծ մարտահրավերն այդ մեխանիզմի ծավալների ընդլայնումն է: Հայաստանում 34 ստարտափ ֆինանսավորող այդպիսի մի քանի հիմնադրամ պետք է լինի: Հարկավոր են հարյուրավոր սկսնակ ընկերություններ: Մեր բախտն ուղղակի բերեց, որ հաջողության տոկոսը հասավ 70-ի: Ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը չի գերազանցում 30 տոկոսը:
Երկրորդ մարտահրավերը կապված է բիզնես վարելու մշակույթի հետ: Ստարտափերի դեպքում գործող բանկային, վարկային մտածողությունը` «փող եմ տվել, վերադարձրու արդյունքի տեսքով, թե չէ գրավը կվերցնեմ», չի աշխատում: Ֆինանսավորումից հետո հարկավոր է արդյունքը դիտարկել հեռանկարում, ընդհանուր ներկապնակի համատեքստում, ոչ թե յուրաքանչյուր ստարտափի: Իսկ դա պահանջում է`ճիշտ ընտրություն և համբերություն, քանի որ աշխարհում չկա այնպիսի ստարտափ, որն, օրինակ, կարող է հաջողության հասնել ասենք 2 տարում: «Եվս մեկ խնդիր կա կապված կրթական համակարգի փոփոխության հետ: Մեր կրթական համակարգը նպատակ է դնում պատրաստել լավ գիտելիքներ ունեցող մարդկանց, սակայն, դա բավարար չէ: Պետք է փոխել մոտեցումը դպրոցում, բուհում` պետք է պատրաստել ստեղծագործ մարդկանց: Չէ որ ստարտափը պատվերներ կատարող չէ: Նա, ով ստարտափ է ստեղծում, պետք է հասկանա, թե որտեղ կարող է կիրառել իր գաղափարը, որն, իր հերթին, անընդհատ ձևափոխվում է: Ստարտափի դեպքում զարգացումը չի ենթադրում որևէ բանի ուղղում, շտկում: Հետևելով շուկային, սկսնակ ընկերությունը ճանապարհի կեսից կարող է միանգամայն այլ, նոր ուղղություն ընտրել: Նրանց հասանելի է ամբողջ գլոբալ տեղեկատվությունը, ուստի ընտրության հետ խնդիրներ չեն լինի»,-ասել է Ենգիբարյանը:
Մտածել նշանակում է չվախենալ, ինքնավստահ լինել: Ըստ հիմնադրամի ղեկավարի, Հայաստանում խնդիր կա կապված հասարակության մտածելակերպի հետ: «Մենք մի դեպք ունեցանք, երբ ծնողները ստիպեցին երիտասարդին հրաժարվել իր ստարտափի ստեղծումից և աշխատանքի անցնել գործող խոշոր ընկերությունում` ստանալով 300-400 000 աշխատավարձ: Դրանով նա լուծեց իր ընտանիքի խնդիրները, բայց ոչ իր: Այսպիսի մտածելակերպով շատ բարդ կլինի զարգացնել միջավայրը, քանի որ ստարտափի դեպքում համբերություն է հարկավոր: Այն փայլուն ընկերությունները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել աշխարհի քարտեզում, հասել են այդ արդյունքին համառ և երկարատև աշխատանքի շնորհիվ»: Անշուշտ, այդ ամենին անհնար է հասնել միայն մասնավոր հատվածի ջանքերով: Հարկավոր է մասնավոր հատվածի և պետության համագործակցություն: Նման գործակցության լավ դրսևորումներից մեկը կարելի է համարել անցյալ տարի ՀՀ կառավարության և Microsoft ընկերության միջև համաձայնագրի ստորագրումը, որի համաձայն ՏՏ ոլորտի համաշխարհային հսկան Հայաստանում կբացի մոբայլ լուծումների և ամպային տեխնոլոգիաների կենտրոն ստարտափերի համար: Դա նշանակում է, որ խոշոր ընկերությունը և կառվարությունը կարողացան Հայաստանի շուկա ներմուծել ոչ թե վաճառքի, այլ նորի ստեղծման բաղադրիչ: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |