Գառնի, Գեղարդ` գուցե նո՞ր ուղղություններՀայկական առցանց հարթակը թույլ է տալիս զբոսաշրջիկներին անհատական տուրեր ձևավորել և ընտրել լավագույն զբոսավարին Փոքր Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով, ուստի առաջին անգամ երկիր այցելած զբոսաշրջիկը բավականին բարդ ընտրության առջև է կանգնում: Լայն ընտրության հնարավորությունը հաճախ թույլ չի տալիս կողմնորոշվել, իսկ զբոսաշրջային գործակալությունները հիմնականում առաջարկում են ճանաչված ու ստանդարտ երթուղիներ: Իսկ եթե՞ օտարերկրացին ցանկանում է լինել այն վայրերում, որոնք նախատեսված չեն երթուղով: Դիմե՞լ տարբեր զբոսաշրջային գործակալություններին` կորցնելով թանկարժեք ժամանակը, ստանալով ոչ միանշանակ գնային առաջարկներ և չիմանալով ինչի հետ կարելի է դրանք համեմատել: Ո՞վ կլինի ձեր զբոսավարը և որքանո՞վ պրոֆեսիոնալ: Պատասխանը հետևյալն է` ցավոք, զբոսաշրջիկը դա կարող է պարզել միայն ուղևորության վերջում: Սակայն, անցյալ տարի բացված հայկական ստարտափը մշակել է Localz առցանց հարթակը, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ձևավորել անհատական տուրեր և ընտրել լավագույն զբոսավարին: 17 փետրվարի 2016 PanARMENIAN.Net - Այն մասին, թե ինչ է Localz-ը և որն է նրա նպատակը, PanARMENIAN.Net ին է պատմել ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Սոխիկյանը: Զբոսավարն առանցքային դերակատարություն ունի զբոսաշրջային ճամփորդության դեպքում, քանի որ նրա պրոֆեսիոնալ մակարդակից է կախված, թե ինչպիսին կլինի տուրը: Եվ, անշուշտ, զբոսաշրջիկն իրավունք ունի ինքնուրույն ընտրելու զբոսավարին, ղեկավարվելով մի քանի գործոնով` գնային առաջարկ, զբոսավարի պրոֆեսիոնալ որակ ու նրա ցանկությունը` կազմակերպել ճամփորդությունը հենց զբոսաշրջիկի նախընտրած երթուղով: Localz-ը առցանց հարթակ է, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին կամ ընտրել արդեն գոյություն ունեցող տուրերի թվից, կամ ձևավորել ուղևորությունն ըստ սեփական ցանկության: Դրանից հետո հյուրը ստանում է զբոսավարից իր անհատական հարցման վերաբերյալ գնային առաջարկները:
«Հարթակի գլխավոր նպատակն է ապահովել, որպեսզի զբոսաշրջիկը ստանա գնային առաջարկը հարցումն ուղարկելուց հետո առաջին 30 րոպեում: Localz-ի օգնությամբ զբոսաշրջիկն ընտրում է ուղևորության տարրերը` ըստ ցանկության հեռացնելով այն ամենն, ինչ ավելորդ է համարում: Օրինակ, եթե նա ցանկանում է այցելել Գառնի կամ Գեղարդ, բայց մտադրություն չունի տեսնելու Քարերի սիմֆոնիան, կարող է հեռացնել այդ կետը: Իր հարցման հիման վրա զբոսաշրջիկը գնային առաջարկ է ստանում մասնավոր զբոսավարից, որը գրանցված է հարթակում: Յուրաքանչյուր զբոսավար իր պրոֆիլն ունի, որտեղ արտացոլվում է նրա վարկանիշը` հիմնված նախորդ զբոսաշրջիկների գնահատականների վրա, և իր հետ կապված մեկնաբանությունները` կրկին նախորդ զբոսաշրջիկների, որոնք օգտվել են նրա ծառայություններից: Այսինքն, գնային առաջարկը կախված է ոչ միայն երթուղու կառուցվածքից, այլ նաև զբոսավարի վարկանիշից և պրոֆեսիոնալիզմից»,-նշել է մեր զրուցակիցը: Զբոսաշրջիկը հնարավորություն ունի համեմատելու տարբեր գնային առաջարկները և ընտրել առավել հարմարավետը` ծառայության համար վճարելով առցանց: Կա նաև զբոսավարի և զբոսաշրջիկի միջև շփվելու հնարավորություն ներկառուցված մեսինջերի օգնությամբ, որը թույլ է տալիս նախապես մշակել ուղևորության բոլոր մանրամասները: Հարթակը ներկայացված է վեբ-կայքի տեսքով և iOS և Android-ի համար անվճար հավելվածով: Այս պահի դրությամբ գործարկվել է պիլոտային տարբերակը, իսկ լիարժեք բացումը տեղի կունենա մարտի 17-ին: Localz-ն աշխատում է հիմնականում մասնավոր զբոսավարների հետ: Մասնագետները գրանցվում են հարթակում, վավերացվում են անձնագրային տվյալների միջոցով և ստանում են իրենց պրոֆիլը: Այս պահի դրությամբ գրանցված է 70 զբոսավար` գրանցումն անվճար է:
«Մենք դեմ չենք, որ մեզ մոտ գրանցվեն զբոսաշրջային ընկերությունները, սակայն ավելի շատ խրախուսվում են մասնավոր զբոսավարները: Հարցումները վկայում են, որ զբոսաշրջային գործակալությունները, հանդես գալով որպես միջնորդ, բավականին մեծ գումար են գանձում նրանցից: Իսկ մենք փորձում ենք անհատ զբոսավարին տալ այնպիսի գործիք, որը թույլ է տալիս կառավարել սեփական գնային քաղաքականությունը` կախված միայն պրոֆեսիոնալիզմի մակարդակից: Բացի այդ, նա անմիջական շփման մեջ է մտնում զբոսաշրջիկի հետ` իր ծառայություններն առաջարկելով առանց միջնորդի»,-բացատրում է Արտավազդ Սոխիկյանը: Հարթակի փորձնական տարբերակը գործարկվել է Հայաստանում, սակայն, հեղինակներն ակնկալում են, որ մինչ զբոսաշրջային սեզոնի բացումը կհաջողվի ընդլայնվել նաև հարևան Վրաստանում: Գլոբալ առումով Localz-ը միտված է եվրոպական շուկային, որտեղ չափազանց տարածված են մեկօրյա տուրերը (daily tours): Հարթակն ունի մրցակիցներ, որոնք, սակայն, միանգամայն այլ սկզբունքով են աշխատում:
«Մրցակիցները վաճառում են արդեն պատրաստ տուրերը: Զբոսավարը գրանցվում է և ընտրում է տուրը, իսկ զբոսաշրջիկի համար շատ բարդ է լինում ընտրություն կատարել տուրերի և դրանց ամրագրված զբոսավարների միջև: Մենք վստահ ենք, որ այդ գործընթացի կենտրոնում պետք է զբոսաշրջիկը լինի, որն ինքն է ձևավորում անհատական տուրը: Այդ տեսակետից Localz հարթակը եզակի է` ոչ ոք այդպես չի աշխատում: Localz-ի թիմը շահել է 85-տոկոսանոց համաֆինանսավորվող դրամաշնորհ, որը տրամադրվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների շրջանակում և անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների Բաժնի այլ նյութերը Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |