![]() Ռուֆինգը Հայաստանում. Բարձրանալ տանիք, լուսանկարել, զգալ ազատությունըՌուֆինգը վերելքն է տանիք բոլոր հնարավոր եղանակներով` սկսած աստիճաններից, հորատանցքերից և ձեղնահարկից, մինչև վթարային աստիճաններ, մագլցում շենքի տանիք արտաքին պատով: Հայաստանում նույնպես կա ռուֆինգ: Մի խումբ երիտասարդներ մագլցում են բարձրահարկերի տանիքներ: Նպատակին հասնելով` միանգամայն այլ կերպ ես սկսում ընկալել աշխարհը, համակվում ես ազատության զգացումով, հասկանում ես, որ ապրում ես: ![]() PanARMENIAN.Net - Այն մասին, թե ինչն է ստիպում մարդուն տանիք բարձրանալ, PanARMENIAN.net-ը զրուցել է ռուֆերներից մեկի` Արտաշես Կարապետյանի հետ: Նա ասում է, որ ռուֆինգն առաջին հերթին տանիք բարձրանալու «արվեստ» է` շրջանցելով մի շարք խոչընդոտներ, ինչպես, օրինակ, փականքները, կողպեքները, պատնեշները, շեղելով կոնսյերժների և շենքի բնակիչների ուշադրությունը: «Առանց գույքը փչացնելու»,-շեշտում է Արտաշեսը: Իսկ հիմնական նպատակը բարձունքից բացվող քաղաքի տեսարանից էսթետիկ հաճույք ստանալն է և, իհարկե, տանիքից բացվող տեսարանը լուսանկարելը: «Նպատակին հասնելով` միանգամայն այլ կերպ ես սկսում ընկալել աշխարհը, համակվում ես ազատության զգացումով, հասկանում ես, որ ապրում ես»,-ասել է Կարապետյանը: Ամենահիշարժան և ամենադժվար վերելքի մասին «Ամենավառ, հիշարժան, բարդ ու վտանգավոր վերելքներից մեկը Մոսկվայում էր: Հարկավոր էր շեղել տեսախցիկների և պահակների ուշադրությունը, ձեռքերի վրա կախված անցնելով երկրորդ հարկի դրսի պատով, աննկատ մնալ, հետո 40 հարկ ոտքով բարձրանալ` չիմանալով բաց կլինի արդյոք տանիքը: Իսկ երբ արդեն վերևում էինք` վերջին հարկում, տեսանք, որ մուտքը դեպի տանիք փակ է, բայց չհանձնվեցինք: Հետո տեսանք, որ կարելի էր տանիք բարձրանալ շենքի դրսի պատով` վթարային աստիճանով, բնականաբար, մենք չէինք կարող նահանջել և մեր նպատակին հասանք այդ ճանապարհով»: Արտաշեսը նշում է, որ իրենց համար, առաջին հերթին, կարևոր է աննկատ մնալ և ոչինչ չվնասել: Վերջին նվաճումները «Վերջին շրջանում մենք մագլցել ենք Ապարանի, Երևանի հեռուստաաշտարակներ (այդ ամենը կարելի է տեսնել Ինսթագարմի մեր էջում @roof_arm), Ռուսաստանում շատ բարձունքներ ենք նվաճել, թվարկելը երկար կլինի: Իսկ թե ուր ենք մտադիր բարձրանալ առաջիկայում, շուտով կիմանաք»: Տանիքից բացվող տեսարանների մասին «Իհարկե, Հայաստանի տեսարաններն ամենագեղեցիկն են աշխահում: Շատ քիչ մարդիկ կարող են լուսանկարներ անել տանիքում, երբ հետին պլանում այդ վեհ լեռներն են: «Երբ բարձունքից նայում եք քաղաքին, ի՞նչը կքանդեիք առանց վարանելու» հարցին, Արտաշեսն այսպես պատասխանեց. «Երբ վերևից նայում ես քաղաքին, միանգամայն այլ բաների մասին ես մտածում, ոչ թե քանդելու կամ ապամոնտաժելու»: Վիճաբանություններ «Վիճաբանություններ, անշուշտ, լինում են, հատկապես շատ են եղել Ռուսաստանում: Ինչ վերաբերում է Հայաստանին, այդպիսի բան դեռ չի եղել: Հազիվ թե կարելի է վիճաբանություն համարել այն դեպքը, երբ մենք բարձրանում էինք Հյուսիսային պողոտայի տանիքներից մեկը, իսկ կոնսյերժ կինը թույլ չտվեց: Մենք մեկ այլ շենք գնացինք, կարողացանք բարձրանալ հետնամուտքով, բայց վերևում մեզ սպասում էին շինարարները, որոնք բղավեցին մեզ վրա և խնդրեցին հեռանալ: Դե, հասկանալի է` անհանգստանում էին մեզ համար: Բայց կարողացա համոզել և մի փոքր էլ վեր բարձրանալ լուսանկարելու համար: Այդ ընթացքում եկավ մեկը, հավանաբար, ավելի պաշտոնավոր, և ընկերներիս դուրս հրավիրեց, իսկ ես մնացի` մի հարկ վերև էի նրանցից: Հետո կամաց իջա: Հետո մենք գնացինք այն աշխատակցուհու մոտ, որը թույլ չէր տվել մեզ տանիք բարձրանալ և ցույց տվեցինք լուսանկարները, շատ համոզեցինք և ի վերջո նա բացեց մեզ համար տանիքը: «Ահեղ» իրավապահները «Իհարկե, հասարակությունը և իրավապահ մարմինները բացասաբար են վերաբերվում ռուֆինգին: Չէ որ երբեք չգիտես, ինչ մարդ է հայտնվել տանիքում, գուցե գող է, կամ վատ մտադրություններ ունեցող մեկը: Բայց ես նկատել եմ, որ Հայաստանում ավելի հանգիստ են վերաբերվում այդ հարցին»: Ռուֆինգի հիմնական կանոնները. • Տանիքում արգելվում է աղմկել, աղտոտել և կողպեքները կոտրել • Արգելվում է ալկոհոլ օգտագործել, քանի որ տանիքը բարձր վտանգի գոտի է • Ռուֆերների խումբը 4 հոգուց ավելի չպետք է լինի, քանի որ մարդկանց մեծ կուտակումները միշտ ուշադրություն են գրավում • Հագուստը պետք է հարմար լինի • Անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները` դուրս չգալ թաց տանիք, ձեռք չտալ լարերին Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին ![]() ![]() ![]() Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում ![]() Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց ![]() Յոթ որդու Բավական քույրը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |