Հայկական ընկերությունները կներկայացնեն տիեզերքին առնչվող իրենց լուծումները

Հայկական ընկերությունները կներկայացնեն տիեզերքին առնչվող իրենց լուծումները

NASA-ի գլոբալ նախաձեռնությունը Բյուրականում

Ապրիլի 22-23-ն առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Տիեզերական հավելվածների 5-րդ միջազգային մրցույթի (International Space Apps Challenge) հայկական տուրը, որի կազմակերպիչն է ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը (NASA): Մրցույթը կանցկացվի ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի միջազգային կոնֆերանս կենտրոնում: Մրցույթի կարևոր առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս միավորել ՏՏ ոլորտի և տիեզերքի ուսումնասիրության ոլորտի ջանքերը` գլոբալ խնդիրների լուծման և լայն զանգվածների շրջանում տիեզերական հետազոտությունների հանդեպ հետաքրքրության խթանման նպատակով:

PanARMENIAN.Net - Հայկական կողմից մրցույթի անցկացման հարցերով զբաղվում է X-Techընկերությունը: PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ընկերության տնօրեն Արման Աթոյանը պատմել է մրցույթի և ներկայացվող պահանջների մասին:

International Space Apps Challenge-ը ենթադրում է միջազգային համագործակցություն տարբեր ոլորտներում, որն ուղղված կլինի տիեզերքի յուրացման խնդիրների լուծմանը: Մրցույթն անցկացվում է 48 ժամվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում: Միջոցառումը ներառում է խնդիրների և գլոբալ պահանջների համատեղ լուծումներ, որոնք կիրառելի են ինչպես Երկրի վրա կյանքի համար, այնպես էլ տիեզերքի յուրացման ժամանակ: International Space Apps Challenge-ի հայկական տուրը լավ հնարավորություն է տեղի ընկերությունների համար մասնակցելու գլոբալ նախաձեռնությանը:

«NASA-ում մշակվել է միջազգային համագործակցության չափազանց հետաքրքիր ձևաչափ, որը գործում է արդեն հինգերորդ տարին: International Space Apps Challenge-ը փորձում է մոբիլիզացնել ցանկացած ռեսուրս` բարձր տեխնոլոգիաներ, դիզայն, կիրառական գիտություններ և այլն, ինչը թույլ է տալիս բարդ խնդիրների օպտիմալ լուծումներ գտնել: Մասնակիցները ստանում են տարբեր թեմատիկ առաջադրանքներ և փորձում են ներկայացնել իրենց լուծումները: Ընդ որում, լուծումները կարող են լինել տարբեր` օրինակ, սկաֆանդրի օպտիմալացում, մեծ հաշվարկներ, մեքենայացված ուսուցում, լուծումներ վիրտուալ իրականության կիրառմամբ և այլն: Արդյունքում, ստեղծվում է բաց ելքային կոդով պրոդուկտ, որը, հեռանկարում կարող է կիրառվել գլոբալ խնդիրների լուծման համար: Հիմք է ստեղծվում, որի վրա հենվելով կարելի է աշխատել հետագայում»,-պարզաբանել է զրուցակիցս:

Քանի որ ցանկացած լուծում, որը ներկայացվում է մրցույթի շրջանակում, բաց է, մյուս թիմերը կարող են օգտագործել այն ու զարգացնել: Գլխավորն, ըստ Աթոյանի, այն է, որ արգելվում է դրանց կոմերցիոն օգտագործումը: Հայկական ARLOOPA և X-Tech ընկերությունները նախկինում արդեն մասնակցել են մրցույթին` ներկայացնելով VR-լուծումներ Լուսնի կամ Մարսի վրա զբոսանքի տեսքով: Հետագայում նրանք հասան նրան, որ հերթական մրցույթն անցկացվի նաև Հայաստանում:

«Այս փուլում ինտենսիվ նախապատրաստական աշխատանք է տարվում: Հայաստանից մասնակցելու է 50 մարդ` 1-5 մասնակից ունեցող թիմերի կազմում, կամ անհատապես: Նրանք պետք է աշխատեն բաց ելքային տվյալների հետ, որոնք կտրամադրի NASA-ն` գլխավորն այն է, որ վերջնական պրոդուկտը հետաքրքիր լինի լայն զանգվածների համար` միաժամանակ գործնական լուծում պարունակելով կոնկրետ որևէ ոլորտում: Որպես անվանական օրինակ, որը հասու է նաև առաջին կուրսերի ուսանողներին` հավելվածի կամ կայքի ստեղծումն է, որն օրվա ցանկացած պահին ցույց կտա Լուսնի դիրքը Երկրի հանդեպ»,-ասել է Աթոյանը:

Գոյություն ունի 6 տիպի առաջադրանք` տեխնոլոգիաներ, օդագնացություն, տիեզերական կայան, Արեգակնային համակարգ, Երկիր մոլորակ և ուղևորություն դեպի Մարս: Յուրաքանչյուր կատեգորիան ունի ավելի կոնկրետ ենթաբաժիններ: Մրցույթին զուգահեռաբար մասնակցում են թիմեր աշխարհի 250 քաղաքից: Ապրիլի 23-ին թիմերը կներկայացնեն իրենց լուծումները:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Խաղային ամառ Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---