![]() Ազատության թևերն ու դաշնամուրի ստեղնաշարըՈւրբանիստական նախագծեր` նվիրված Հայաստանի անկախության 25 ամյակին Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորը մշակել է ուրբանիստական նախագծեր` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին: PanARMENIAN.Net - Դրանցից կենտրոնականն ազատության խորհրդանիշ արտ ինստալացիան է` նվիրված Արցախի համար քառօրյա պատերազմում զոհված 90 հերոսի հիշատակին: Ամեն մի փետուր մի կյանք է` տրված հանուն ազատության: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Yerevan 2.0-ի համակարգող Գայանե Մանուկյանը նշեց, որ իրենց ներկայացրած առաջարկներով մի քանի խնդիր են փորձում լուծել: «Փորձում ենք մի խորհրդանշական, մնայուն բան ստեղծել քաղաքի համար, ինչպես նաև` բարեկարգել տարածքն ու մարդկանց համար նոր ու հետաքրքիր վայր ստեղծել: Մտածեցինք, որ վեր հառնող թևերի տեսքով արտ ինստալացիան հետաքրքիր կլինի. այն հնարավորություն կտա մարդկանց լուսանկարվել դրա դիմաց` զգալով թևերի ուժը մեջքի հետևում` ազատության, անկախության ուժը»,- նշեց Գայանեն` հավելելով, որ որքան շատանան լուսանկարվելու կետերը` Selfie location-ները, այդքան կմեծանա քաղաքի գրավչությունը նաև զբոսաշրջային առումով: Տեսքն ու վայրը Ազատության թևերի ինստալացիայի համար դեռևս վերջնական էսքիզ չկա: Հայտարարված է մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Հնարավոր տարբերակներից մեկն էլ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ էսքիզների մշակումն է: Տեղակայման վայրն էլ դեռևս հստակ չէ: Մտահաղացման հեղինակները երկու տարբերակ են դիտարկում, սակայն բաց են նաև այլ առաջարկների համար: Առաջին տարբերակով արտ ինստալացիան կտեղադրվի Անգլիական այգում. «Այնտեղ մի կլոր թումբ կա, որի շուրջը ջուր է հոսում: Ցերեկն այն բավական մարդաշատ է, սակայն մութն ընկնելուն պես դառնում է բավական վտանգավոր վայր: Եթե այս նախագիծն իրականացվի, նաև շրջակա տարածքը կբարեկարգվի ու կլուսավորվի, և միաժամանակ մի քանի խնդիր կլուծենք»: Լուսանկարը՝ SNKH Studio Երկրորդ տարբերակը` ինստալացիան տեղադրել Կարապի լճի կղզյակի վրա, որտեղ հիմա հսկայական գովազդային վահանակ է` լուսամփոփի տեսքով: Խոտածածկ ստեղնաշարը Yerevan 2.0-ի ներկայացրած ուրբանիստական հաջորդ նախագիծը ևս վերաբերում է Կարապի լճին: Լուսանկարը՝ SNKH Studio «Այժմ այնտեղ արհեստական խոտից երաժշտական գործիքներ են: Այդ, այսպես կոչված, լանդշավտային լուծումն այդքան էլ գոհացնող չէ: Մենք մտածեցինք մի այնպիսի բան նախագծել, որն այդ տարածքին ավելի կսազի, ինչպես նաև չի աղավաղի դեպի Օպերայի և բալետի թատրոնի շենքը բացվող տեսարանը: Ցանկանում ենք բնական խոտից մարգագետին սարքել այդ վայրում` դաշնամուրի ստեղնաշարի տեսքով, իսկ կողքի հատվածում կլինի փոքրիկ ինքնաշխատ շատրվան, որի վրայով կարելի է քայլել, վազել, և այլն»: Լուսանկարը՝ SNKH Studio Էկո տաղավարը Լուսանկարը՝ SNKH Studio 3-րդ նախագիծը. պատկերացրեք` որքան շատ մարդ կգնա Բուսաբանական այգի, եթե այնտեղ հայտնվի արևային էներգիայով սնվող, բջջային հեռախոսներն ու պլանշետները լիցքավորող, անվճար wifi-ով, էկո տաղավար: Ըստ հեղինակների` սա ևս մեկ քայլ է Երևանը smart city դարձնելու ճանապարհին: Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Յոթ որդու Բավական քույրը |