![]() Արձակուրդային հեռուստաշրջան10 սերիալ, որոնք կարելի է դիտել ամռանը 2016-ի գարունը բավականին բարդ շրջան էր հեռուստատեսային նախագծերի համար: Հեռուստաալիքները փակում էին սերիալները մեկը մյուսի հետևից` ցածր վարկանիշի և մեծ ֆինանսական կորուստների պատճառով: Մյուս կողմից, հեռուստաալիքները պատրաստակամորեն «կանաչ լույս» էին վառում հեռանկարային նորեկների համար, ուստի, արդեն սիրված շոուների հերթական սեզոններից բացի այս ամառ մեզ նաև միանգամայն նոր նախագծեր են սպասում: ![]() PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով հեռուստասերիալների ցանկը` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել ամռան ամիսներին: «Վտարանդին» (օրիգ. անվանումը` Outcast) Եթերաշրջանը` 1 Պրեմիերան` հունիսի 3-ին Հեռուստաալիքը` Cinemax «Քայլող մեռելների» հեղինակ Ռոբերտ Քիրկմանի նոր նախագիծը պատմում է մի երիտասարդի մասին, որը փորձում է հասկանալ, թե ինչու ամբողջ կյանքի ընթացքում նրա հետ գերբնական բաներ են տեղի ունենում: Գեղարվեստական տեսակետից սերիալը ինչ-որ նմանություն ունի «Քայլող մեռելների» հետ, սակայն, զոմբիների փոխարեն այստեղ ուշադրության կենտրոնում հիմնական գերբնական իրադարձություններն են: «Նենգ աղախինները» (օրիգ. անվանումը`Devious Maids) Եթերաշրջանը` 4 Պրեմիերան` հունիսի 6-ին Հեռուստաալիքը` Lifetime Զուտ կանանց համար հետաքրքիր կատակերգական դրամատիկ սերիալ, որի կենտրոնում հավակնոտ լատինամերիկացի աղախիններն են, որոնք աշխատում են Բեվերլի Հիլզի հարուստ և հայտնի բնակիչների տներում: Եվ թեև մի կողմից հանդիսատեսը բավականին ջերմ ընդունեց շոուն, այդ է վկայում արդեն 4-րդ սեզոնի թողարկումը, սերիալը քննադատության արժանացավ լատինամերիկացիներին ըստ ընդունված կարծրատիպերի ներկայացնելու և օրիգինալությամբ աչքի չընկնող հայեցակարգի ու սյուժեի համար: «Վերջին նավը» (օրիգ. անվանումը` The Last Ship) Սեզոնը` 3 Պրեմիերան` հունիսի 12-ին Հեռուստաալիքը` TNT Պայթյունների սիրահար Մայքլ Բեյը սկսել է այս ոչ միանշանակ շոուն դեռ 2014-ին: Հետապոկալիպտիկ մարտաֆիլմի առաջին սեզոնը բավականին սառը ընդունվեց հեռուստադիտողի կողմից, չնայած բարձր որակի ռեժիսուրային: Սակայն հեղինակները չկարողացան պահպանել հաջողությունը` 3-րդ սեզոնը կշարունակի միայնակ ռազմանավի պատմությունը, որի անձնակազմին բաժին է ընկնում ամբողջ մարդկության փրկության բեռը: «Նարնջագույնը նոր սևն է» (օրիգ. անվանումը` Orange Is the New Black) Սեզոնը` 4 Պրեմիերան` հունիսի 17-ին Հեռուստաալիքը` Netflix Հոսքային տեսանյութերի Netflix ծառայությունը շարունակում է ուրախացնել բարձրորակ արտադրանքով; Ամերիկուհի Փայփեր Քերմանի կենսագրական գրքի վրա հիմնված կատակերգական սերիալը համոզիչ կերպով պատմում է կյանքի մասին կանանց բանտում: Հեռարձակման առաջին շաբաթում սերիալն ավելի շատ հանդիսատես է հավաքել, քան Netflix-ի այնպիսի սիրված սերիալներ, ինչպիսիք են «Դանդաղած զարգացումն» ու «Թղթե տնակը»: «Միջև» (օրիգ. անվանումը` Between) Եթերաշրջանը` 2 Պրեմիերան` հունիսի 30-ին Հեռուստաալիքը՝ City Բավականին տարօրինակ դրամատիկ սերիալ է, որի հեղինակներին հավանաբար Սթիվեն Քինգն է ոգեշնչել: Փոքր մի քաղաքում հանկարծամահ են լինում 21 տարեկանից բարձր բոլոր բնակիչները` իշխանությունները ստիպված են լինում շտապ մեկուսացնել այն: Քաղաքում մնացած երեխաներն ու պատանիները ստիպված են ինքնուրույն կյանքը հունի մեջ գցել ու պարզել կատարվածի պատճառները: «Մի գիշեր» (օրիգ. անվանումը` The Night Of) Եթերաշրջանը` 1 Պրեմիերան` հուլիսի 10-ին Հեռուստաալիքը` HBO HBO-ի յուրաքանչյուր նոր նախագիծ ինչ-որ ականավոր բանի ակնկալիք է: Հատկապես, երբ նոր նախագծին մասնակից է մեր հայրենակից Սթիվեն Զելլիյանը, որը «Շինդլերի ցուցակի» և «Նյու Յորքի ավազակախմբերի» հեղինակն է: Նոր կրիմինալ դրաման պատմում է փաստաբան Ջեք Սթոունի պատմությունը, որը հայտնվում է տարօրինակ ու ահասարսուռ սպանության հետաքննության կենտրոնում: «Մաֆիայի ծնունդը. Նյու Յորք» (օրիգ. անվանումը` The Making of the Mob: New York) Եթերաշրջանը` 2 Պրեմիերան` հուլիսի 11-ին Հեռուստաալիքը` AMC Իտալական մաֆիայի կայացումն ԱՄՆ-ում` պարարտ հող է բարձրակարգ հեռուստատեսային նախագծերի համար: «Մաֆիայի ծնունդը. Նյու Յորք» նախագիծը պատմում է 20-րդ դարի ամենաազդեցիկ մաֆիոզիներից մեկի` Սալվատորե Լուկիանոյի մասին, որը հայտնի է, որպես Չարլզ «Հաջողակ» Լուչանո: 1920-ի սկզբում ԱՄՆ Սահմանադրության 18-րդ ուղղումով արգելք սահմանվեց ալկոհոլի վաճառքի, արտադրության և փոխադրման համար` բազում նոր հնարավորություններ բացելով Լուչանոյի համար: Արդեն շուտով նրա քրեական կայսրությունը սկսեց միլիոնավոր դոլարներ բերել` ահ ու սարսափի մեջ պահելով ամբողջ Նյու Յորքը: «Պարոն ռոբոտ» (օրիգ. անվանումը` Mr. Robot) Եթերաշրջանը` 2 Պրեմիերան` հուլիսի 13-ին Հեռուստաալիքը` USA Network Հաքերների արտառոց ու փակ աշխարհի մասին աղմուկ հանած հոգեբանական թրիլերի երկար սպասված շարունակությունն է: Էլլիոթ Անդերսոնը ցերեկը կիբերանվտանգության երիտասարդ ինժեներ է, իսկ գիշերը` տաղանդավոր հաքեր: Գլխավոր հերոսի ազգանունը հստակ հղում է լեգենդար «Մատրիցային» , և դա պատահական չէ` կիբերպանկային ատրիբուտիկայի և խճճված սյուժեի շնորհիվ սերիալը պաշտամունքային է դարձել Վաչովսկու ֆիլմերի երկրպագուների շրջանում: «Խաղացողները» (օրիգ. անվանումը` Ballers) Եթերաշրջանը` 2 Պրեմիերան` հուլիսի 17-ին Հեռուստաալիքը` HBO Լեգենդար HBO-ն հաճախ չէ անդրադառնում կատակերգության ժանրին, իսկ եթե դիմում է, ապա վստահ եղեք, անսովոր բան է ստացվում: Սյուժեն ծավալվում է մի խումբ ամերիկացի ֆուտբոլիստների, նրանց ընտանիքների, ընկերների ու մարզիչների շուրջ: Ամենաառնական մարզաձևերից մեկի ներքին խոհանոցը ներկայացված է ծիծաղելի, երբեմն միանգամայն անհեթեթ ձևով, ինչն այս շոուն դարձնում է պարտադիր դիտման համար: «Շտամ» (օրիգ. անվանումը` The Strain) Եթերաշրջանը` 3 Պրեմիերան` օգոստոսի 28-ին Հեռուստաալիքը` FX Սարսափների արքա Գիլյերմո դել Տորոն Չակ Հոգանի հետ համահեղինակությամբ 2009-ին ստեղծել է «Շտամ» գրական եռապատումը: Աշխարհի վերջը, որի պատճառը սարսափելի էակներն են, որոնք գոթական վամպիրների են հիշեցնում, գրքերում այնքան մանրակրկիտ է նկարագրված, որ ընթերցողի արյունը սառչում է երակներում: Էկրանավորումն, անկասկած, շատ բան կորցրել է սկզբնաղբյուրի համեմատ: Սակայն, չնայած որոշ պարզունակությանը, էկրանային «Շտամը» բավականին լավ է ներկայանում: 3-րդ սեզոնն, ըստ գրքերի, պետք է վերջակետ դնի այս պատմությանը: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |