![]() Երեխաների մասին, բայց ոչ երեխաների համար5 գիրք Երեխաների պաշտպանության միջազգային օրվան համահունչ Յուրաքանչյուր մեծահասակի մեջ երեխա է ապրում, որին երբեմն արտահայտվելու հնարավորություն է պետք տալ և որի պահանջները հարկավոր է հաշվի առնել: Քոլեջների, բուհերի, գրասենյակների, պահանջկոտ պետերի ու կենցաղային խնդիրների հորձանուտում մենք հաճախ մոռանում ենք այդ մասին, իսկ ծնող դառնալով, շատերը խնդիրների առջև են կանգնում, որոնց պատճառը սերունդների միջև թերըմբռնումն է: ![]() PanARMENIAN.Net - Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 գիրք երեխաների մասին, որոնք, սակայն, մանկական չեն, և որոնք կարելի է վերընթերցել կամ ուղղակի ընթերցել` կրկին ինքդ քեզ երեխա զգալու և շրջապատի երեխաներին ավելի լավ հասկանալու համար: «Ճանճերի տիրակալը» (օրիգ. Lord of the Flies)`Ուիլյամ Գոլդինգ Գրքի մասին. «Ճանճերի տիրակալը» այլաբանական վեպը 1983թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր անգլիացի գրող Ուիլյամ Գոլդինգի դեբյուտային գործն է, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց: Ավիավթարի հետևանքով անմարդաբնակ կղզում հայտնված երեխաների մասին պատմող գրոտեսկային հակաուտոպիան համարվում է 20-րդ դարի արևմտյան գրականության ամենանշանակալի և հետաքրքիր ստեղծագործություններից մեկը: Հեղինակը չի նշում, թե հատկապես որ պատերազմի տարիներին է տեղի ունենում գործողությունը, և հետո պատերազմն այս պատմության ամենևին էլ առանցքային փաստը չէ: Սյուժեն կառուցված է բարեկիրթ անգլիացի տղաների անձերի շուրջ, որոնք հանկարծ հայտնվում են անսովոր պայմաններում, որտեղ ի հայտ է գալիս նրանց բուն էությունը: Ռալֆն ու Ջեկը առաջատարներ են, դաժան ու սկզբունքներից զուրկ, Խոզուկը կամազուրկ, բարի «բուսաբան» է, մանուկները` ուղղակի կամակատարներ… Հետաքրքիր փաստեր. Ի սկզբանե «Ճանճերի տիրակալը» մտածված էր որպես ռոբինզոնադայի ժանրում գրված Ռոբերտ Բալանթայնի «Մարջանների կղզին» գրքի հեգնական մեկնաբանություն, որտեղ գովերգվում են վիկտորիանական Անգլիայի կայսերական լավատեսական պատկերացումները: «Ճանճերի տիրակալը» անվանումը հին հրեաների հեթանոս աստծո` Բաալ զվուվի բառացի թարգմանությունն է, որի անունը (Վելզեվուլ) քրիստոնեության շրջանում սկսեցին նույնացնել սատանայի հետ: Վեպի ձեռագիրը մերժվել է 21 հրատարակչության կողմից, մինչև որ Faber & Faber որոշեց, որ կհրատարակի այն, սակայն մի պայմանով` որ Գոլդինգը կվերացնի վեպի առաջին էջերը, որտեղ նկարագրված են միջուկային պատերազմի սարսափները: Այդ է պատճառը, որ ընթերցողն այդպես էլ չի իմանում, թե որ պատերազմի մասին է խոսքը: Հետգրություն. Չպարտադրելով սեփական կարծիքն ընթերցողին` ցանկանում ենք նշել, որ վեպը թույլ նյարդերով մարդկանց համար չէ: Եվ, հավանաբար, ընթերցումից հետո դառնության զգացողություն կառաջանա: Ստեղծագործությունը տարօրինակ են անվանում, նույնիսկ սարսափելի և շոկ առաջացնող, սակայն ստեղծագործության ձգողականությունն անհերքելի է: Ընթերցանության ժամանակ առաջացող որոշակի շոկը միախառնվում է աճող հետաքրքրության և բուն ճշմարտությանը հասնելու ցանկության հետ` հասկանալու համար, թե որքան հեռուն կարող է գնալ մարդը, նույնիսկ փոքր ու «անպաշտպան» երեխան, որը միառժամանակ մոռացել է սիրո, ողորմածության, մարդկության մասին: Այս վեպ-նախազգուշացումը կստիպի մտորել, թե որքան փխրուն է քաղաքակրթությունը: «Խատուտիկի գինի» (օրիգ. Dandelion Wine)`Ռեյ Բրեդբերի Գրքի մասին. Ռեյ Բրեդբերիի բարի վիպակը գրված է 20-րդ դարի ամենամեծ երազողի ոգով, սակայն տարբերվում է նրա մյուս ստեղծագործություններից հեղինակի անձնական ապրումների արտացոլումով: Նա մանկության տարիներին ապրել է ԱՄՆ Իլինոյս նահանգի Ուոկիգան քաղաքում: Նույն նահանգում, սակայն արդեն հորինված Գրինթաունում, Բրեդբերին բնակեցնում է իր հերոսներին: Գործողությունը ծավալվում է 1928 թ., երբ Սփոլդինգ եղբայրները` 12-ամյա Դուգլասն ու 10-ամյա Թոմը, արձակուրդներին սկսում են աշխարհը բացահայտել, որտեղ այնքան հետաքրքիր բաներ կան, և ամեն ինչ որևէ նշանակություն ունի: Իսկ նրանց պապիկը գինի է քամում խատուտիկներից, որի յուրաքանչյուր շշում ամռան մասնիկը կա: Հետաքրքիր փաստեր. Ի սկզբանե Բրեդբերին գրել էր ավելի ծավալուն և բարդ տարբերակ, սակայն, իր խմբագիր Ուոլթեր Բրեդբերիի հորդորով մի քանի մասի է բաժանում իր ստեղծագործությունը: «Խատուտուկի գինու» շարունակությունը կոչվում է «Ցտեսություն, ամառ», որը լույս է տեսել 2006-ին և «Արհավիրք է մոտենում» վեպի հետ միասին դարձել է մանկական հուշերի եռապատում: Վիպակի սկզբնական տարբերակում չընդգրկված փոքր պատմվածքները հրատարակվեցին «Խատուտուկի գինուց» մեկ տարի անց` 1958-ին, «Ամառային առավոտ, ամառային գիշեր» ժողովածուի կազմում: Հետգրություն. Բրեդբերիի թեթև վիպակը ուղղակի ստեղծված է ամռանը կարդալու համար: Արևահամ ու խատուտիկի բույրով այս գիրքը ջերմ հիշողություններ կարթնացնի մանկության մասին, կստիպի այլ կերպ նայել սովորական դարձած շատ բաների, կարթնացնի ոտաբոբիկ խոտերում քայլելու ցանկությունը և կհիշեցնի` ինչպես է, երբ ապրում են անհոգ, միայն ներկայով, որսալով կյանքի պահերը: Բրեդբերիի բոլոր ստեղծագործություններին հատուկ մոգության մասնկիը «Խատուտիկի գինի» վիպակում առավել գործուն է, քանի որ չի տանում ընթերցողին իրականության շրջանակներից դուրս և միևնույն ժամանակ` կտրում է իրականությունից: «Աննա Ֆրանկի օրագիրը»(օրիգ. Het achterhuis)` Աննա Ֆրանկ Գրքի մասին. «Աննա Ֆրանկի օրագիրը» հրեա աղջնակ Աննա Ֆրանկի գրառումներն են 1942թ. հունիսի 12-ից մինչև 1944թ. օգոստոսի 1-ը, որոնք նա արել է նացիստներից թաքուն: Սա ևս մեկ ստեղծագործություն է Հոլոքոսթի մասին: Սակայն, ի տարբերություն այլ ստեղծագործությունների, որոնք նկարագրում են նացիստների կողմից հրեաների հալածանքները, «Աննա Ֆրանկի օրագրում» ամեն ինչ մի փոքր այլ է` ոչ թե չոր պատմական փաստեր, այլ փոքր աղջնակի անձնական ապրումները, որը ստիպված է անցնել պատերազմի արհավիրքի միջով: Աննան, որին ծնողները ծննդյան օրվա կապակցությամբ օրագիր են նվիրել, որոշում է նամակներ գրել իր հորինված ընկերուհի Քիթիին և պատմել, թե ինչ է կատարվում իր և իրենց «ապաստարանի» մյուս բնակիչների հետ: Առաջին գրառումն օրագրում Աննան արել է, երբ լրացել է նրա 13 տարին: Հետաքրքիր փաստեր. Աննա Ֆրանկը ծնվել է 1929-ին, մահացել է Բերգեն Բելզեն համակենտրոնացման ճամբարում տիֆից, երբ ընդամենը 15 տարեկան էր: 1944-ի գարնանը Աննան լսում է ռադիոյով Նիդերլանդների կրթության նախարար Հերրիթ Բոլկեշտեյնի հորդորը` պահպանել բոլոր փաստաթղթերը պատերազմի մասին: Հենց այդ ժամանակ է նա որոշում խմբագրել իր նոթերը` հուսալով, որ դրանք կհրատարակվեն Նիդերլանդների ազատագրումից հետո: Աննայի գրառումները հրաշքով են պահպանվել և փոխանցվել ընտանիքի միակ ողջ մնացած անդամին` նրա հորը` Օտտո Ֆրանկին, որն էլ պատրաստեց դրանք հրատարակման: Հետգրություն. Հոլոքոսթը երեխայի աչքերով…Ի՞նչ կարող է ավելի սարսափելի լինել: Եվ միևնույն ժամանակ` ավելի անկեղծ: Օրագրում շատ չեն սարսափելի փաստերը և դաժանությունների նկարագրությունները, փոխարենն` այն լի է Աննայի ներաշխարհով, նրա ապրումներով, այդ անիմաստ պատերազմի նրա ընկալումով: Մանկական անմիջականությամբ Աննան նկարագրում է այն ամենն, ինչ տեսնում է` չմոռանալով քննադատել իր ծնողներին և «ապաստարանի» իր հարևաններին: Հենց դա է կենդանություն հաղորդում գրքին և ստիպում գիտակցել, որ պատերազմն ինչ-որ անհավանական ու հեռավոր բան չէ, այլ միանգամայն իրական ու հնարավոր, և այն մարդիկ, որոնք անցել են այդ ամենի միջով, մեզ պես մարդիկ են, «ուրիշ» չեն… « Ծաղրասարյակ սպանելը» (օրիգ. To Kill a Mockingbird)` Հարփեր Լի Գրքի մասին. 2016-ի փետրվարի 19-ին մահացավ ամերիկյան գրող , «Ծաղրասարյակ սպանելը» վեպի հեղինակ Հարփեր Լին, որն իր այդ ստեղծագործության համար, որը մինչև վերջերս նրա միակ վեպն էր համարվում, 1961-ին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի: « Ծաղրասարյակ սպանելը» ստեղծագործությունը համարվում է դարի լավագույն ամերիկյան վեպը, որն անդրադառնում է ռասիզմի սուր թեմային, ինչն էլ կանխորոշեց նրա հաջողությունը: Առավել ևս, որ գիրքը լույս է տեսել ԱՄՆ-ում հանուն քաղաքացիական իրավունքների շարժման տարիներին: Իրադարձությունները ներկայացվում են 6-ամյա Ջին Լուիզա Ֆինչի անունից, որն ապրում է ավագ եղբոր`Ջիմի և հոր` Ատտիկուսի հետ: Փոքր աղջնակի աչքերով է ներկայացված ռասիզմը, մահափորձը, ատելությունը, չարությունը, զրպարտանքը, անարդարությունն ու այլ «ոչ մանկական» երևույթները, և ընթերցողը կարող է իրեն հարց տալ` ինչպե՞ս ինքը կվարվեր այս կամ այն իրավիճակում, եթե լիներ այդ աղջնակի տեղը: Ի՞սկ իր տեղում: Հետաքրքիր փաստեր. Վեպի սյուժեն հիմնված է Լիի մանկական հիշողությունների վրա, երբ Սքոթսբորո փոքր քաղաքում տեղի էին ունենում սևամորթների կողմից սպիտակ կանանց բռնաբարությունների գործով առաջին դատավարությունները: Վեպը համարվում է դաստիարակչական և դասավանդվում է ամերիկյան դպրոցների 80 տոկոսում: 2015-ին լույս տեսավ Հարփեր Լիի «Գնա, պահակ կանգնեցրու» գիրքը, որը «Ծաղրասարյակ սպանելը» վեպի շարունակությունն է, սակայն ավելի շուտ է գրվել: Հետգրություն. Ջերմ, ուրախ ու հետաքրքիր գիրքը դրական տպավորություն կգործի, չնայած, որ շոշափում է լուրջ թեմաներ: Միևնույն ժամանակ, վեպը կստիպի մտորել շատ հարցերի շուրջ: Եվ եթե ռասիզմի թեման 21-րդ դարում արդեն այդքան սուր և արդիական չէ, ապա քանի որ հանդուրժողականությունը ժամանակակից քաղաքակրթության հիմնարար սկզբունքն է, վեպը կսովորեցնի ընթերցողին ավելի համբերատար լինել և ընդունել այն ամենն, ինչը դուրս է նրա անձնական շրջանակներից: «Լարովի նարինջը» (օրիգ. A Clockwork Orange)` Էնթոնի Բյորջես Գրքի մասին. 20-րդ դարի պարադոքսը` Էնթոնի Բյորջեսի «Լարովի նարինջը» իր դաժանությամբ շոկ առաջացնող հակաուտոպիա է: 3 մասից բաղկացած անգլալեզու վեպը հագեցած է ժարգոնային բառերով և այսպես կոչված «նադսատ»-ով` վերցված ռուսերենից և գնչուների լեզվից: Հենց այդ լեզվով են խոսում վեպի սանձարձակ հերոսները` malltshipalltshik-ների և նրանց kiska-ների սերունդը: Գլխավոր հերոսը, իսկ ավելի ճիշտ հակահերոս Ալեքսն այնքան դաժան է, որ բարդ է լինում հավատալ, իսկ առավել ևս հիշել ընթերցանության ժամանակ, որ նա ընդամենը 15 տարեկան է: Դեռահասներին հատուկ ագրեսիայի և ըմբոստության մարմնացում լինելով, իր ճանապարհին ամեն ինչ քանդող խուլիգանների անձնական ավազակախմբի պարագլուխը գնում է մինչև վերջ ու հաճույք է ստանում անպատժելիությունից, սակայն, բոլորն են մեծանում և կանգնում ընտրության առջև: Ալեքսը ևս ստիպված է ընտրություն կատարել: Հետաքրքիր փաստեր. էնթոնի Բյորջեսը վեպը գրել է «ուղեղի ուռուցք» ախտորոշումից հետո` բժիշկները նրան 2 տարվա կյանք էին տվել: Գիրքը գրված է հեղինակի` նախկին կնոջ մասին հիշողությունների հիման վրա, որին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գազանաբար բռնաբարել են ամերիկյան բանակի 4 դասալիքներ: Նա հղի էր և այդ միջադեպի հետևանքով կորցրել է երեխային: Վեպի անվանումը` «Լարովի նարինջ» կապված է Լոնդոնի կոկնիների արտահայտության հետ, որոնք ամեն տարօրինակ բան անվանում էին «ծուռ, ինչպես լարովի նարինջը»: Հետգրություն. Այս գիրքը բարի, ջերմ կամ մանկական չես անվանի նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում: Առաջին մի քանի էջից հետո կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, որը լինում է, երբ ինչ-որ թթու կամ դառը բան ես ուտում, բայց այն արժեր կարդալ: 15-ամյա «պատանի» Ալեքսի կերպարը, որը կաթ է խմում և Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան լսում, իսկ հետո գնում է և բռնաբարում ու սպանում, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում: Ուզում ես հասկանալ, թե որքան հեռուն նա կգնա, և կա արդյոք հետդարձի ճանապարհ: Վեպը ստիպում է հիշել պատանեկան մաքսիմալիզմի, ամբողջ աշխարհին դիմակայելու մասին, որով անցնում է յուրաքանչյուրը հասունացման ճանապարհին: Յուլիաննա Լալաբեկովա/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը ![]() ![]() ![]() Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին ![]() Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը ![]() Դեգան, Սարյանն ու Ուրարտուն ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |