«Մղձավանջային» բակտերիան և ՄԻԱՎ բուժման հեղափոխական մեթոդը

«Մղձավանջային» բակտերիան և ՄԻԱՎ բուժման հեղափոխական մեթոդը

Մայիսի հիմնական գիտական իրադարձությունները

Մայիսը հատկապես բեղմնավոր էր բժշկության համար. կան և լավ նորություններ, և ոչ այնքան: Հերթական եվրոպական երկիրը թույլ տվեց գիտական հետազոտությունների նպատակով մարդկային սաղմեր աճեցնել լաբորատոր պայմաններում, ինչը կարող է փոխել բժշկությունն ամբողջովին ու նոր հնարավորություններ բացել շատ հիվանդությունների վաղ ախտորոշման և բուժման համար:

PanARMENIAN.Net - Արդյո՞ք շնաձկներն անհատականությամբ են օժտված: Իսկապե՞ս Արիստոտելի գերեզմանն է հայտնաբերվել: PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2016-ի մայիսի առավել ականավոր գիտական իրադարձությունները:

Բժշկություն

Ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը կարող է հակառակ արդյունքը տալ: Կոլորադոյի համալսարանի գիտնականների Բոուլդերում անցկացված նոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցավազրկողներն իրականում ոչ թե բթացնում են ցավը, այլ ավելի են սրում այն` ստիպելով մարդկանց ավելի շատ դեղ ընդունել: Հատկապես, դա վերաբերում է ափիոնային ցավազրկողների կիրառմանը, որոնց օգտագործման դեպքում ցավը ոչ միայն սաստկանում է, այլ մշտական է դառնում:

Հաջորդ տհաճ նորությունը նույնպես ամերիկացի գիտնականները հնչեցրին. ԱՄՆ առողջապահության մարմինները հայտնեցին, որ հիվանդի մոտ հայտնաբերվել է հակաբիոտիկներով չբուժվող առաջին բակտերիան: «Մենք կարող ենք հայտնվել հետհակաբիոտիկային աշխարհում»,-ասել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ղեկավար Թոմաս Ֆրիդենը` նշելով, որ վարակը չի հաջողվել վերացնել նույնիսկ կոլիստին հակաբիոտիկով, որը պահվում է «մղձավանջային բակտերիայի» դեմ պայքարելու համար:

ՄԻԱՎ դեմ պայքարի հեղափոխական միջոցը ներկայացրել են բրիտանացի և ամերիկացի գիտնականները: CRISPR/Cas9-ի գենոմի խմբագրման տեխնոլոգիայի օգնությամբ, գիտնականներին հաջողվել է վերացնել ՄԻԱՎ բոլոր հետքերը բոլոր հյուսվածքների և օրգանների, այդ թվում ուղեղի, սրտի, երիկամների, լյարդի, թոքերի, փայծախի, և արյան բջիջներից: ՄԻԱՎ դեմ պայքարի գոյություն ունեցող միջոցներն ուղղված են վիրուսի բազմացումը ճնշելուն, ոչ թե ԴՆԹ-ն վերծանելուն, ուստի նոր մեթոդը կարող է ապագայում հնարավորություն տալ լիովին բուժելու «20-րդ դարի ժանտախտը»:

Չնայած գեների մոդիֆիկացված օրգանիզմների հակառակորդների ակտիվ ելույթներին, մինչ օրս ոչ մի փաստ չի հայտնաբերվել, որը կմատնանշեր, որ այդ մթերքը կարող է վնասակար լինել մարդու առողջությանը: Ավելին, ԱՄՆ Գիտությունների, տեխնիկայի և բժշկագիտության ազգային ակադեմիայի մի խումբ գիտնականներ հանդես են եկել զեկույցով, որի համաձայն ԳՄՕ-ները անվնաս են: Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների երկարատև և լայնածավալ ուսումնասիրությունից հետո կենսաբանները եկել են այն եզրակացության, որ դրանք կարող են օգուտ բերել մարդու օրգանիզմին:

Կենսաբանություն

Ոչ միայն մարդիկ ունեն անհատականություն: Կենդանիների աշխարհում ևս մի տեսակ կա, որի յուրաքանչյուր ներկայացուցիչ յուրովի եզակի է: Ավստրալացի հետազոտողների ղեկավարությամբ աշխատող գիտնականների խումբը հայտարարել է, որ շնաձկներն անհատականություն ունեն, ինչպես մարդիկ: Փորձարկումների ժամանակ շնաձկներին տեղադրել են վանդակի մեջ և տեղափոխել, իսկ հետո հետևել են, թե որքան ժամանակ կպահանջվի յուրաքանչյուր շնաձկանը, որպեսզի նա որոշի լքել իր ապաստանն ու սկսի հետազոտել շրջակա միջավայրը: Ընդ որում, յուրաքանչյուր անհատ դրսևորել է բնավորության իր գծերը և անհատական մոտեցում ցուցաբերել այդ խնդրի լուծմանը:

Ապրիլին Անգլիայի իշխանությունները թույլ տվեցին մարդու սաղմեր աճեցնել լաբորատորիաներում գիտական հետազոտությունների համար: Մեկ ամիս անց նմանատիպ մտադրության մասին հայտնեց Նիդերլանդների կառավարությունը` հավելելով, որ օրենսդրությունը փոխվելու է «ըստ խիստ կանոնների և որոշակի սահմանափակումների պահպանմամբ»: Հետազոտությունները կվերաբերվեն անպտղությանը, արհեստական վերարտադրության մեթոդներին ու ժառանգական և բնածին հիվանդություններին:

Տիեզերագնացություն

BEAM փչովի մոդուլը, որը նախատեսված է ուղեծրում համալիրի անձնակազմերի բնակության համար, հաջողությամբ բացվել է Միջազգային տիեզերական կայանում: Նորարարական մոդուլը բացելու նախորդ փորձն անհաջող էր:

Աստղագիտություն

Գիտնականները շարունակում են հետազոտել զարմանալի երկնային մարմինը` Չուրյումով-Գերասիմենկոյի գիսաստղը: Rosetta զոնդի օգնությամբ նրանց հաջողվել է հայտնաբերել գիսաստղի վրա «կյանքի աղյուսներ»` կյանքի առաջացման համար անհրաժեշտ նյութեր: Հայտնաբերվածների թվում է պարզ գլիցին ամինաթթուն, որը մտնում է պրոտեինների և ֆոսֆորի կազմի մեջ, ԴՆԹ առանցքային բաղադրիչն է:

Հնագիտություն

Մայիսի վերջում հույն հնագետ Կոստաս Սիսմանիդիսը հայտնել է, որ հինավուրց Ստագիրեում 20-ամյա պեղումներից հետո Խալկիդիկի թերակղզում հայտնաբերվել է հույն փիլիսոփա Արիստոտելի գերեզմանը: Մեծ փիլիսոփայի հուղարկավորության վայրը Ստագիրա քաղաքի հյուսիսային արվարձանում է. Արիստոտելը ծնունդով այդ քաղաքից էր:

Տեխնոլոգիաներ

Solar Impulse 2 «արևային ինքնաթիռը» վայրէջք է կատարել ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում` մարդկության պատմության մեջ առաջին անգամ աէրոպլանով թռիչք կատարած համաշխարհային ավիացիայի հիմնադիրներ համարվող Ռայթ եղբայրների հայրենիքում:

Օդաչու Անդրե Բորշբերգը վայրէջք է կատարել Դեյթոնի օդանավակայանում 17-ժամյա թռիչքից հետո, առանց վառելիքի:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---