![]() Նավերի «գերեզմանոցն» ու անհաջող վայրէջքը Կարմիր մոլորակումՀոկտեմբերի գլխավոր գիտական իրադարձությունները Միլիարդատեր Իլոն Մասկի վերջին հայտարարությունն առաջիկա տարիներին դեպի Մարս մարդատար առաքելություն գործուղելու մտադրության մասին հոռետեսության ալիք բարձրացրեց գիտական շրջանակներում: Ի տարբերություն գովազդի դյուրահավատ սպառողի, գիտության մարդիկ հիանալի հասկանում և գիտակցում են այն խնդիրների հսկայական կույտը, որը ծառացել է նման հավակնոտ նախագծի իրականացման ճանապարհին: Այս պահի դրությամբ հասկանալի չէ, թե հատկապես ինչ եղանակով է մտադիր Մասկը հասնել նպատակին` հնարավոր է, այդ հայտարարությունը լոկ հերթական փիար քայլն է: Իսկ ճշմարիտ գիտությունն ամեն օր բախվում է Կարմիր մոլորակը ենթարկելու անկարողության հետ` հոկտեմբերին Մարսի հերթական «զոհը» դարձավ «Սկիապարելլի» զոնդը: Հավանաբար, սա նշանակում է, որ Մասկը ստիպված կլինի սպասել: ![]() ![]() PanARMENIAN.Net - Մարսի հետ կապված ռուս-եվրոպական ծրագրի ֆիասկոն և Արեգակնային համակարգի նոր գաճաճ մոլորակը. PanARMENIAN.Net ը ներկայացնում է 2016-ի հոկտեմբերի առավել նշանակալի գիտական իրադարձությունները: Աստղագիտություն Գրեթե ամեն օր հայտնաբերվում են նոր էկզոմոլորակներ (Արեգակնային համակարգի մեջ չմտնող մոլորակներ): Սակայն, դրանց մեծ մասը ֆիքսվում է դիտարկման անուղղակի մեթոդների միջոցով` աստղագետներն ուսումնասիրում են լուսարձակման փոփոխությունները կամ աստղերի շարժը, որոնց շուրջ պտտվում է տվյալ մոլորակը: Աստղագետների միջազգային թիմը կարողացել է ոչ միայն հսկայական արտաարեգակնային մոլորակ հայտնաբերել, այլ նաև լուսանկար ստանալ եվրոպական VLT աստղադիտակի NACO և SINFONI գործիքների միջոցով: Գազային հսկան 4-5 անգամ ծանր է Յուպիտերից: Այն գտնվում է իր աստղից 660 աստղագիտական միավոր հեռավորության վրա` ամբողջական պտույտ կատարելով 27 հազար տարում: Juno միջմոլորակային տիեզերական զոնդը, որն այս պահի դրությամբ գտնվում է Յուպիտերի ուղեծրում, դուրս է եկել քնի անվտանգ ռեժիմից և պատրաստվում է գազային հսկայի հետ երրորդ մոտեցման: Մանագետները շարունակում են պարզել պատճառները, որոնք ավելի վաղ ստիպել էին համակարգչային համակարգին ինքնաբերաբար քնի ռեժիմ սահմանել: Մերձեցումը մոլորակի հետ նախանշված է դեկտեմբերի 11-ին: Մարսի հետ կապված ծրագրերին հետևելիս տպավորություն է ստեղծվում, որ Կարմիր մոլորակի մակերեսին կարող են հասնել միայն ամերիկյան սարքերը: Հերթական փորձը ձեռնարկեցին ռուս և եվրոպացի աստղագետները, որը սակայն անհաջող ավարտվեց: Հոկտեմբերի 21-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը (ԵՏԳ) հայտարարեց, որ ռուս-եվրոպական «ԷկզոՄարս» առաքելության «Սկիապարելլի» տիեզերական մոդուլը, որն առաքելություն էր կատարում դեպի Մարս, բախվել է մոլորակի մակերեսին և շարքից դուրս եկել: Ըստ գործակալության աշխատակիցների ենթադրության, պարաշյուտի անսարքության պատճառով «Սկիապարելլի» սարքը ընկել է Մարսի վրա մոտավորապես 2-4 կմ բարձրությունից ավելի քան 300կմ/ժ արագությամբ: Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակները բավականին տարածված երևույթ են: Ըստ Միջազգային աստղագիտական միության XXVI Վեհաժողովի 2006թ. որոշման, գաճաճ մոլորակները տիեզերական մարմիններ են, որոնց չափերը բավարար չեն սեփական ուղեծրում տարածք ազատելու համար: Այնուամենայնիվ դրանք բավականաչափ մեծ են կլոր լինելու համար: Այդ հատկությամբ դրանք տարբերվում են փոքր մարմիններից` գիսավորներից ու երկնաքարերից: Հոկտեմբերի սկզբին աստղագետները հայտնաբերեցին հերթական օբյեկտը, որի անկյունագիծը գերազանցում է 500 կմ: Այժմ 2014 UZ224 անվանումը ստացած գաճաճ մոլորակը 90,8 աստղագիտական միավոր (տարածությունը Երկրից մինչև Արեգակ) տարածության վրա է: Բժշկություն Ամենախորհրդավոր հիվանդություններից մեկը` աուտիզմը (ավելի ստույգ աուտիկ սպեկտրի խանգարում) բուռն բանավեճերի առիթ է տալիս գիտական աշխարհում նրա ծագման պատճառների վերաբերյալ: Գիտնականներից շատերը կապում են աուտիզմը գենետիկ շեղումների հետ: Նյու Յորքի Քորնելի համալսարանի հետազոտողները պարզել են, որ աուտիկ սպեկտրի խանգարումներով երեխաների մոտ ավելի քան 2 անգամ շատ են պոտենցիալ վնասակար մուտացիաները միտոքոնդրիալ ԴՆԹ-ում, քան մերձավոր ազգականների մոտ: Միտոքոնդրիաները բջջի յուրօրինակ «էներգետիկ կայաններն են», որոնց շնորհիվ տեղի են ունենում ներսում կատարվող բոլոր գործընթացները: Խախտումներն այդ օրգանելների աշխատանքում կարող են խնդիրներ առաջացնել սպիտակուցի ճիշտ սինթեզի հետ կապված` դա հատկապես կարևոր է գլխուղեղի նեյրոնների աշխատանքի համար: Հնէաբանություն Հաճախ հնագույն սողուններին ուսումնասիրելիս` գիտնականները բավարարվում են ոսկրերի սուղ բրածոներով, քանի որ փափուկ հյուսվածքները արագ քայքայվում են: Սակայն, գիտնականների միջազգային թիմը կարողացավ հայտնաբերել դինոզավրի ուղեղի բրածո հյուսվածքներ: Հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ ուղեղում պահպանվել են անոթներն ու կապիլյարները, գլխուղեղի կեղևի հյուսվածքներն ու թաղանթները: Գտածոյի տարիքը գնահատվեց 133 մլն տարի: Կենսաբանություն Գիտնականներն «օդային պլանկտոն» անվանեցին այն թռչուններին, որոնք ունակ են 10 ամիս շարունակ սավառնել երկնքում առանց ցամաք իջնելու: Ջրածիծառները կարող են սավառնել օդում` նույնիսկ առանց թևերը թափահարելու, ընթանալով օդային հոսքերի միջոցով: Նրանք պահպանում են էներգիան, օդի տաք հոսքերի վրա բալանսավորելով, և նիրհում են` հոսքերի միջոցով մեծ բարձրությունից ցած իջնելիս: Մինչ օրս օդում անցկացրած ամենատևական ժամանակը համարվում է ճղլակի կեսամյա թռիչքի 2-ամսյա հատվածը: Հնագիտություն Հոկտեմբերի 27-ին հնագետները 5 դարում առաջին անգամ հանել են մարմարի սալաքարը Քրիստոսի գերեզմանից Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում: Ենթադրաբար 1555թ. տեղադրված սալաքարի տակ գիտնականները մեծ քանակությամբ քարեր են հայտնաբերել: Նրանք վստահ են, որ դեռ բազում գիտական բացահայտումներ կարվեն, և ի վերջո նրանք կկարողանան տեսնել ու իմանալ, թե ինչպիսին էր քարի օրիգինալ մակերեսը, որի վրա 3 օր մնացել է Քրիստոսի մարմինը: Օգտագործելով ստորջրյա նկարահանումների և սքանավորման համար նախատեսված նորագույն սարքեր` հնագետների խումբը Սև ծովի հատակին հին նավերի մեծ «գերեզմանոց» է հայտնաբերել` Բյուզանդական և Օսմանյան կայսրության ավելի քան 40 նավ, որոնք հիանալի պահպանվել են Սև ծովում ավելի քան 150 մ խորության վրա թթվածնի պակասի պատճառով: Դա շատ անսպասելի հայտնագործություն էր, քանի որ գիտնականները երկրաֆիզիկական հետազոտություններ էին անցկացնում: Ֆիզիկա Միջուկային ֆիզիկայով զբաղվող ցանկացած գիտնականի երազանքը լիարժեք աշխատող ջերմամիջուկային էներգակայանի ստեղծումն է: Այդ նպատակով հսկայական սարքեր են մշակվում` տոկամակներ, որտեղ մագնիսների բարդ համակարգի միջոցով պահվում է ջերմամիջուկային ռեակցիայի «աշխատանքային մարմինը»` հսկայական բարձր ջերմաստիճան ունեցող պլազման: Կառավարելի ջերմամիջուկային ռեակցիաների ժամանակակից փուլի խնդիրը դրանց արագ անցողիկությունն է, որի արդյունքում ստացվող էներգիան գործնականում համադրելի է ռեակցիան սկսելու համար ծախսված էներգիայի հետ: Սակայն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկոսները տոկամակ սարքում պլազմայի ճնշման համաշխարհային ռեկորդ են սահմանել: Ճնշման ռեկորդային արժեքը` 2 մթնոլորոտ, ձեռք է բերվել ինստիտուտի Alcator C-Mod տոկամակում: Նման սարքերի հիմնական պարամետրը հենց պլազմայի ճնշումն է, որը հաջողվում է պահել մագնիսային դաշտում: Վերջին 23 տարում այդ տոկամակը ճնշման մի քանի ռեկորդ է սահմանել: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net ![]() ![]() Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը ![]() ![]() ![]() Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային ![]() Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու ![]() Հին վիրուսի նոր բռնկումը ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |