Ձմեռային հեռուստաշրջան10 սերիալ, որ կարելի է դիտել գալիք ձմռանը Խոշորագույն կաբելային ալիքներից մեկի` HBO-ի նոր ղեկավարությունը հսկայական քանակի նոր նախգծեր է վերանայել` անճանաչելիորեն փոխելով նոր սերիալների հեռուստացանկը: Չեղարկվել են մեծ ու թանկարժեք նախագծերը, առաջատարներից մնացել է միայն «Վայրի արևմուտքի աշխարհը»: Մրցակիցներն, իրենց հերթին, փորձում են վերանայել հեռարձակման սեփական քաղաքականությունը, ուստի 2016-2017թթ. ձմեռն այնքան էլ հարուստ չի լինի նոր հեռուստաշոուների տեսակետից: 17 նոյեմբերի 2016 PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով հեռուստացանկը` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել ձմռանը: «Շերլոկ» (օրիգինալ անվ.` Sherlock) 4-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 1-ին Ալիքը` BBC 1
Լեգենդար բրիտանական շոուի երկար սպասված շարունակությունը էկրաններին կհայտնվի Նոր տարվա շեմին: Սըր Արթուր Կոնան Դոյլի ստեղծագործությունների ադապտացիան արդեն երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ ունի, որի քանակը շարունակում է աճել յուրաքանչյուր նոր եթերաշրջանի հետ: Եվ դա զարմանալի չէ, չէ որ այդ շոուի հեղինակներն են Մարկ Հեթթիսն ու Սթիվեն Մոֆաթը, որոնք հայտնի են շատերին «Դոկտով Ով» սերիալի վրա աշխատանքով, որը սիրված է հեռուստադիտողի կողմից: «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» (օրիգինալ անվ.` It's Always Sunny in Philadelphia) 12-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 4-ին Ալիքը` FX
Հաճելի իրավիճակային կատակերգություն է, որն ուրախացնում է հեռուստադիտողին արդեն 11 տարի շարունակ: Գլխավոր հերոսները Ֆիլադելֆիայում գործող «Թեդդի մոտ» իռլանդական փաբի ոչ այնքան հաջողակ սեփականատերերն են, որոնք հաճախ տարբեր ծիծաղաշարժ իրավիճակներում են հայտնվում` չպատկերացնելով, թե ինչպես կարելի է դրանց տակից դուրս գալ: Սերիալը, ինչպես և «Մեծ պայթյունի տեսությունը», հայտնի է տարբեր տրամաչափի աստղերի մշտական ներկայությամբ, ինչը կինոդիտումը շատ ավելի անակնկալ ու հետաքրքիր է դարձնում, թեև հումորի տեսակետից վերջին շրջանում խնդիրներ են առաջանում: «Հայրենիք» (օրիգինալ անվ.` Homeland) 6-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 15-ին Ալիքը` Showtime
Կաբելային Showtime-ի գլխավոր արժանիքը համարվող սերիալը շարունակում է հմտորեն պահել հավասարակշռությունը խելացի քաղաքական թրիլերի և գլխավոր հերոսների բարդ դրամայի միջև: Իրաքում գերեվարված ծովային հետևակի ենթասպա Նիկոլաս Բրոուդիի պատմությունը, որը գերության 8 տարվանից հետո տուն է վերադառնում, ընտանիքի մոտ, 6 եթերաշրջանի ընթացքում արդեն խաղարկել է բոլոր հնարավոր թվիսթերն ու ինտրիգները: Սակայն, հեղինակներն ասում են, որ դեռ ամեն ինչ առջևում է: «Առաջնածինները» (օրիգինալ անվ.` The Originals) 4-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 18-ին Ալիքը` CW
Սա յուրօրինակ հղում է Էնն Ռայսի «Հարցազրույց վամպիրի հետ» վեպին, որը պատմում է Նոր Օրլեանում բնակվող վամպիրների հնագույն ցեղի մասին, որը մշտական պայքարի մեջ է քաղաքի վհուկների ու մարդագայլերի հետ: Սերիալը թեև ոչ պակաս հայտնի «Վամպիրների օրագրերի» ճյուղավորումն է, այնուամենայնիվ կարողացել է սեփական երկրպագուներին գտնել ու ինքնուրույն «ապրել»: «Բասքեթս» (օրիգինալ անվ.` Baskets) 2-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 19-ին Ալիքը` FX
«Տղաների հավաքույթը Վեգասում» ֆիլմում իր անմոռանալի դերով հայտնի Զաք Գալիֆիանակիսն ինքնուրույն է մշակել այս կատակերգական սերիալի նախագիծը, միաժամանակ երկու դեր կատարելով: Շոուն պատմում է անհաջողակ ծաղրածու Չիպ Բասքեթսի և նրա երկվորյակ եղբայր Դեյլի պատմությունը: Անհաջողության մատնվելով ծաղրածուների հայտնի ֆրանսիական ուսումնական հաստատությունում` Չիպը կորցնում է պրոֆեսիոնալ ծաղրածու դառնալու հույսը: «Ուղի» (օրիգինալ անվ.` The Path) 2-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 25-ին Ալիքը` Hulu
Նյու Յորք նահանգի հյուսիսում ի հայտ է գալիս անհայտ ու խորհրդավոր կրոնական պաշտամունք,որի կենտրոնում է հայտնվում դավանանքի ճգնաժամ ապրող Էդդին և նրա հավատարիմ կինը` Սառան, իսկ նրանց ոչ պաշտոնական առաջնորդն է դառնում հավակնոտ Քելը: Նոր հեռուստատեսային թրիլերն, ըստ առաջին եթերաշրջանի, խոստանում է ծայրահեղ լարվածություն, ինտրիգներով լի շարունակություն, որը, հաջողության դեպքում, երկարաժամկետ կդարձնի շոուն: «Սև առագաստներ» (օրիգինալ անվ.` Black Sails) 4-րդ եթերաշրջան Պրեմիերան` հունվարի 29-ին Ալիքը` Starz
Starz հեռուստաալիքը HBO-ի «հոգևոր հետնորդն է» և հայտնի է իր դիտարժան, մասշտաբային ու շատ բաց տեսարաններով: «Սև առագաստները» սագա է Կարիբյան ավազանի դաժան ծովահենների մասին: Ոսկե դարաշրջան նրանց համար, սակայն միաժամանակ նաև ամենաթեժ ճակատամարտերի շրջանն է XVIII դարի առաջին քառորդում: Դաժան ու անողոք տեսարանները քարը քարին չեն թողնում այն ռոմանտիկ պատկերացումներից, որոնք ձևավորվել են մարդկանց մոտ ամեն տեսակի «Կարիբյան ծովի ծովահենների» նման ֆիլմերի շնորհիվ: Starz-ի շոուն իրատեսական և համոզիչ կերպով պատմում է անցյալի ամենատարօրինակ «մասնագիտություններից» մեկի մասին: «100» (օրիգինալ անվ.` The Hundred) 4-րդ եթերաշրջան Պրեմիերան` փետրվարի 1-ին Ալիքը` CW
97 տարի առաջ միջուկային պատերազմը ոչնչացրել է կյանքը Երկիր մոլորակի վրա: Միակ վերապրածներն ուղեծրում գտնվող 12 միջազգային տիեզերական կայանի ավելի քան 400 բնակիչներն են` կայանները միասին այսպես կոչված Տապան են կազմում: Երեք սերունդ է ծնվել տիեզերքում, վերապրել է ավելի քան 4000 մարդ, ռեսուրսները վերջանում են: Տապանից գաղտնի արտաքսվում է 100 անչափահաս, որոնք դատապարտվում են Երկիր վայրէջք կատարելու` ստուգելու համար արդյոք մոլորակը պիտանի է բնակության համար: Վերջին դարում առաջին անգամ մարդիկ վերադառնում են Երկիր: «Տարածություն» (օրիգինալ անվ.` The Expanse) 2-րդ եթերաշրջան Պրեմիերան` փետրվարի 8-ին Ալիքը` SyFy
Ամերիկյան SyFy ալիքի հերթական գիտաֆանտաստիկ նախագիծը պատմում է ոչ այնքան հեռավոր ապագայում կատարվող իրադարձությունների մասին: 200 տարուց մարդկությունը սկսել է Տիեզերքի նվաճումը, սակայն, չնայած հսկայական տեխնիկական առաջընթացին, հանցագործությունների բացահայտման համար նախկինի պես հմուտ և խելացի խուզարկուներ են պետք: Դետեկտիվ Միլլերը սովոր է գործն ավարտին հասցնել: Սակայն հերթական հանցագործության հետաքննության ժամանակ նա բախվում է տիեզերական մասշտաբի դավադրության հետ: «Միլիարդները» (օրիգինալ անվ.` Billions) 2-րդ եթերաշրջան Պրեմիերան` փետրվարի 19-ին Ալիքը` Showtime
Դրամատիկ սերիալը պատմում է հսկայական ֆինանսական մեքենայի աշխատանքին մասնակցող մարդկանց բարդ փոխհարաբերությունների մասին: Գործողությունը կատարվում է Նյու Յորքում, մեծ փողերի աշխարհում: Խոսքը գնում է հեջ-ֆոնդերի հավակնոտ արքա Բոբբի Աքսելրոդի և Դաշնային դատախազ Չաք Ռոդսի դիմակայության մասին: Դեմիեն Լյուսիը (Նիկոլաս Բրոուդին «Հայրենիք» սերիալից) և Փոլ Ջամատին, գերազանց դերասաններ լինելով, կարողանում են իրենց ուսերին պահել շոուն: Գլխավորը, որ սյուժեն նույնքան կլանող լինի, որքան Showtime-ի գործնականում բոլոր սերիալներն են: Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |