Եղիցի լույսՄարտի գլխավոր գիտական իրադարձությունները Վերջերս Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (ՄՀԵԿ) գիտնականները հայտարարեցին միանգամից 5 նոր մասնիկի հայտնաբերման մասին, որոնք բաղկացած են այսպես կոչված «հմայված» քվարկերից: Քվարկերը հիմնարար տարրական մասնիկներ են՝ աշխարհի հիմնական «աղյուսները»: Հենց այս մասնիկների հետազոտությունը կարող է լույս սփռել «նոր ֆիզիկայի» ՝ ֆիզիկական աշխարհի անհայտ մասի գոյության վրա, որը հեռանկարում կարող է բացատրություն տալ այնպիսի առեղծվածներին, ինչպիսիք են մութ նյութն ու մութ էներգիան: 29 մարտի 2017 PanARMENIAN.Net - Գիտությունն ամեն օր իր առջև նոր խնդիրներ է դնում և լուծում: Այդ նպատակի համար գիտնականները հետազոտում են ոչ միայն նյութի ամենաթաքնված խորքերը, այլ նաև անսահման տիեզերական տարածքը: PanARMENIAN.Net –ը ներկայացնում է 2017-ի մարտի կարևորագույն գիտական իրադարձությունները: Հնագիտություն Տնային մուկն ամենաբազմացած կաթնասուններից է, որը տարածվել է աշխարհով մեկ մարդու հետ գոյակցելու ունակության շնորհիվ: Հնէաբանները պարզել են, որ այդ կենդանատեսակը սկսել է բնակվել մարդու հարևանությամբ 15.000 տարի առաջ Միջերկրական ծովի արևելյան շրջաններում:
Ավելի վաղ համարվում էր, որ մկները սկսել են մարդու հետ ապրել գյուղատնտեսության զարգացման հետ: Սակայն Լևանտի տարածքում (Միջերկրական ծովի արևելյան շրջաններ) հայտնաբերված մկների բրածոների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մկները մարդւո կողքին են սկսել ապրել արդեն 15.000 տարի առաջ: Ըստ էության, տնային մուկը կարողացել է «գուշակել» գյուղատնտեսության առաջացումը: Բժշկագիտություն Դոնորական արյան հետ կապված խնդիրները հատկապես ակտուալ են անբարենպաստ պայմաններով երկրների համար (կապված տարբեր վարակիչ հիվանդությունների տարածման հետ) և հակամարտությունների գոտիներում: Սակայն, Բրիսթոլի համալսարանի գիտնականներին հաջողվել է լաբորատորիայում արհեստական արյուն արտադրելու եղանակը գտնել, ընդ որում անսահմանափակ քանակությամբ: Գիտնականներն արհեստական արյուն ստանալու համար օգտագործել են զարգացման տարբեր փուլերում գտնվող ցողունային բջիջներ: Միակ խնդիրն այս պահին անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն է, սակայն դա միայն ժամանակի հարց է: Ուստի, արհեստական արյունը դեռ բնականից շատ թանկ կլինի և կօգտագործվի արյան հազվագյուտ խմբերով մարդկանց փոխներարկման համար:
Մարդու գենոմի խմբագրումն այս պահի դրությամբ ամենահեռանկարային տեխնոլոգիան է, որն ապագայում թույլ կտա պայքարել մի շարք վտանգավոր հիվանդությունների դեմ: Արդեն այսօր գենային ինժեներիան ցուցադրում է իր ներուժը: Օքսֆորդի համալսարանի ակնաբույժները կարողացել են վերադարձնել 29-ամյա տղամարդու տեսողությունը, որը կուրացել էր ժառանգական հիվանդության պատճառով: Գիտնականները խմբագրել են նրա գենոմը: Գիտնականները վերածրագրավորել են հիվանդի մուտացիայի ենթարկված գենը, որը պիգմենտային ռինիտ է առաջացնում, և շտկված ԴՆԹ-ն աչքի մեջ են ներարկել անվնաս վիրուսի օգնությամբ: Ֆիզիկա Գերմանացի գիտնականները ստեղծել են լույսի ամենահզոր արհեստական աղբյուրը, որը կարող է մեկ կետում կենտրոնացնել 10.000 արևի ճառագայթմանը համազոր էներգիա: Համակարգը բաղկացած է 149 քսենոնային լամպից, և կարող է ջերմաստիճանը բարձրացնել մինչև 3000 °C: Բուն սարքի չափերը հասնում են 14 մ բարձրության և 16 մ լայնության՝ այն 4 ժամում այնքան էներգիա է ծախսում, որքան սովորական տունը մեկ տարում: Սարքի ստեղծման նպատակն է ջրածնի՝ որպես էկոլոգիապես մաքուր վառելիքի, ստեղծման նոր եղանակների որոնումը:
Մինչ գերմանացի գիտնականները փորձարկումները կատարում են բավականին ցածր ՕԳԳ ունեցող ագրեգատի հետ, ճապոնացիներին հաջողվել է հսկայական թռիչք կատարել արևային մարտկոցների մշակման գործում: Օգտվելով բարձրորակ բարակ թաղանթով հետերոանցում (երկու տարբեր կիսահաղորդիչների կոնտակտ), նրանք մշակել են 26,3%-անոց ՕԳԳ ունեցող արևային մարտկոց: Մինչդեռ, սիլիցումային արևային մարտկոցի ՕԳԳ տեսական սահմանը 29% է, իսկ ռեկորդային ցուցանիշը՝ 25,6% է: Հնէաբանություն Լոնդոնի բնական պատմության թանգարանն առաջարկում է վերանայել դինոզավրերի գործող դասակարգումը՝ հիմնվելով դրանց հատկությունների վերլուծության արդյունքների վրա: Նրանք կարծում են, որ որոշ տեսակներ, հավանաբար, սխալ են դասվել: Ավելին, նրանք ենթադրություն են առաջ քաշել վաղ շրջանի դինոզավրերի էվոլյուցիայի մասին: Նրանց կարծիքով, բոլոր դինոզավրերի ընդհանուր նախնին կարող էր սալտոպուսը լինել՝ կատվի չափ ունեցող դինոզավրը: Եթե դա իրոք այդպես է, ուրեմն դինոզավրերը հայտնվել են 5 մլն տարի ավելի վաղ, քան ենթադրվում էր: Մոլորակագիտություն Տհաճ նորություններ ստացվեցին միայնակ Curiosity մարսագնացի երկրպագուների համար: 2017-ի առաջին 3 ամսում ռոբոտը վնասել է իր անիվները: Կոտրվել են միջին ձախակողմյան անիվի զիգզագանման մասերը, որոնք հարկավոր են մարսագնացի անցողիկությունը բարձրացնելու համար: Վնասվածքները վկայում են, որ Curiosity մարսագնացն իր ծառայության ժամկետի 60%-ը հատել է :
Միաժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրինագիծ է ստորագրել դեպի Մարս NASA –ի տիեզերագնացների ուղևորության ֆինանսավորման մասին: Օրենքում հիմնական ուշադրությունը դարձվում է մի շարք կետերի վրա՝ դեպի Մարս գործակալության առաքելության նախապատրաստման համար: «Մեծ պատիվ է ստորագրել այս օրինագիծը, որի օգնությամբ մենք աջակցում ենք գիտնականներին, ինժեներներին և NASA-ի աստղագնացներին բացահայտումներ անելու ձգտումներին»,-գրել է Թրամփն իր Twitter-ում: Կենսաբանություն Tardigrada՝ ջրային արջ միկրոսկոպիկ անողնաշարավորը կենդանական աշխարհի տարօրինակ և շատ կենսունակ ներկայացուցիչ է: Այդ միկրոսկոպիկ էակը կարող է ապրել վակուումում, բարձր ճնշման և ռադիացիայի ազդեցության տակ, իսկ անբարենպաստ պայմաններում կարող է տարիներով անաբիոզի մեջ լինել՝ այդ ընթացքում գրեթե ամբողջովին չորանալով:
Չորանալիս նրան հաջողվում է կենդանի մնալ հատուկ սպիտակուցների շնորհիվ, որոնք վերածում են ցիտոպլազմատիկ (ներբջջային) հեղուկը ապակենման նյութի: Զարմանալի սպիտակուցներն արտադրում են հատուկ գեները, որոնց ակտիվությունը կտրուկ աճում է չորանալու դեպքում: Աստղագիտություն Մութ նյութը ժամանակակից գիտության մեծագույն գաղտնիքներից է : Դա նյութի անհայտ ձև է, որը գերակշռում է տիեզերքում: Ժամանակակից տիեզերքում մութ նյութը զանգվածի 27%-ն է կազմում, մինչդեռ սովորական նյութը գրեթե 5% է կազմում:
Հիմա գիտնականները կարծում են, որ առեղծվածային մութ նյութը միլիարդավոր տարիներ առաջ այդքան մեծ տարածում չի ունեցել: Եթե Ծիր կաթինում և պարույրաձև գալակտիկաներում, որոնք համեմատաբար նոր են առաջացել, մութ նյութի պարունակությունը հասնում է 50-80%-ի, ապա Մեծ պայթյունից 4 մլրդ տարի առաջ առաջացած գալակտիկաներում այն ընդամենը 10% է կազմում: Արման Գասպարյան / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին |