Հայոց ցեղասպանությունը լուսանկարներում

Հայոց ցեղասպանությունը լուսանկարներում

11 կադր հայերի ջարդերից

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստաթղթագրված է տասնյակ հազարավոր փաստաթղթերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Դրա հետ մեկտեղ եզակի փաստագրական ապացույց են հարյուրավոր լուսանկարները, որոնք հայ և օտարերկրացի լուսանկարիչներն արել են Հայոց ցեղասպանության տարիներին:

PanARMENIAN.Net - Լուսանկարների մեծ մասի հեղինակները հիմնականում ռուսական բանակի զինծառայողներ են և թերթերի թղթակիցներ, ինչպես նաև գերմանացի պաշտոնյաներ և զինվորականներ, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում են եղել: PanARMENIAN.Net –ը ներկայացնում է 11 լուսանկար, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել պատմությանը: .

Առաջին լուսանկարում Տրաբզոնի հայերի դիերն են, որոնց մոտ կանգնած է ռուսական զորքերի քահանաներից մեկը: Նա աղոթք է կարդում զոհված հայերի հոգու հանգստության համար: Նրա ետևում ռուս սպա է կանգնած զինվորական համազգեստով, մյուս 3-ը՝ քաղաքացիական անձ են, հնաևավոր է՝ տեղի բնակիչներ:

1915-ի ձմռանը, Սարիղամիշում թուրքերի պարտությունից հետո, ռուսական զորքերին հաջողվեց վերահսկողություն հաստատել Արևմտյան Հայաստանի շրջաններից շատերում, և 1916-ի ավարտին ամրապնդել դիրքերը Սև ծովից դեպի Քելկիթ-Բիթլիս-Մուշ-Վան: Ռուս զինվորներն ու սպաները սարսափելի տեսարանների վկաները դարձան Արևմտյան Հայաստանի ամբողջ տարածքում, մասնավորապես հայաբնակ գյուղերում և քաղաքներում, դրանց արվարձաններում, կամուրջների տակ ու ճանապարհներին: Ամենուր մարդկանց դիեր էին, կմաղքներ ու գանգերի կույտեր...Դրանք սրախողող, գնդակահարված, հրկիզված և Սև ծովն ու գետերը նետված հայերի դիերն էին:

Ցեղասպանության զոհերի ոսկորները բաց երկնքի տակ էին, արևի ու բնական տարերքի քայքայիչ ազդեցության տակ: Ռազմական գործողությունների դադարի ժամանակ ռուս զինվորներն ու հայ կամավորները հնարավորինս փորձում էին հուղարկավորել զոհված հայերի դիերը:

1915-ի ամռանն անհնար էր լողալ Տրաբզոնի ափերի մոտ, խեղդված հայերի դիերի առատության պատճառով:

«Ես դարձա հայերի վշտի, արցունքների, անեծքների և բազում ինքնասպանությունների վկան, տեսա մահեր ողջակիզումներից, մահեր վախից, գնդակահարություններից, հարյուրավոր դիեր, ցրված տներում ու փողոցներում...Երիտասարդ կանանց բռնի դավանափոխ էին անում, երեխաներին առևանգում էին ու խեղդում Սև ծովում և Դեգիրմեն գետում...Դրանք իմ վերջին անջնելի հիշողություններն են Տրաբզոնի մասին, հիշողություններ, որոնք նույնիսկ մեկ ամիս անց բզկտում են հոգիս և խելագարության հասցնում ինձ», -ասել է Տրաբզոնում Իտալիայի հյուպատոս Ջակոմո Գորինին:

Աջ կողմի լուսանկարում Վանի բնակչուհի է, որը կորցրել է ընտանիքի բոլոր անդամներին, նա Սբ Էջմիածնի մերձակա անտառում է: Զոհեի մարմինները փափաթում էին սպիտակ սավանների մեջ՝ կանխելու համար տիֆի տարածումը: Լուսանկարը ստացավ Despair («Հուսալքություն») անվանումը՝ մայրը, շրջապատված սպիտակ սավանների մեջ փաթաթված իր 5 երեխաների դիերով: Սա Հայոց ցեղասպանությանը հատուկ տիպիկ պատկերներից է: Այդ են վկայում օտարերկրյա առաքելությունների, որբերի հոգաբարձուների և հիվանդների խնամքի կազմակերպությունների հուշագրություններն ու փաստագրական նյութերը:

1915-ին Վանի և շրջակա գյուղերի տասնյակ հազարավոր բնակիչներ, որոնք հրաշքով փրկվել են արյունալի կոտորածից, նահանջող ռուսական զորքերի հետ անցել են Արևելյան Հայաստան:

Ճանապարհին գաղթականների քարավանը պարբերաբար հարձակումների էր ենթարկվում քրդական ցեղերի կողմից, բազում մարդիկ են զոհվել: Հիմնավորվելով Ռուսական կայսրության Էրիվանի գավառում՝ գաղթականների մեծ մասը հավաքվել էր Սբ Էջմիածնում և մերձակա տարածքներում. ամառվա տապին նրանց շրջանում մալարիայի և տիֆի համաճարակ բռնկվեց, որը հազարավոր կյանքեր խլեց:

Լուսանկարում գերմանացի զինվորականներ են, որոնք ծառայում էին Օսմանյան կայսրության տարածքում Առաջին աշխարհամարտի տարիներին և լուսանկարվել են հայերի գանգերի հետ, որոնք գազանաբար սպանվել էին Էքիմհանի մոտ: Հայտնի է նաև լուսանկարի ամսաթիվը՝ 1918-ի նոյեմբերի 18:

Գերմանացի զինվորականները նկարները երևակելու համար նեգատիվը տվել էին հայ լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանին:

Լուսանկարներն ու դրանց նեգատիվները հետաքրքիր պատմություն ունեն: Երբ, իբր իսլամ ընդունած լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանը երևակել է և տվել լուսանկարները գերմանացի զինվորականներին, նա որոշել է պահպանել նեգատիվը՝ համարելով, որ սպանված մարդկանց թվում, որոնք պատկերված են լուսանկարկներում, կարող են լինել իր հարազատների մասունքները, որոնք սպանվել էին նույն վայրում 1915-ի կեսին:

Հավանաբար, գերմանացիները տվել են համաձայնությունը, քանի որ արդեն իմաստ չուներ գաղտնի պահել լուսանկարը՝ պատերազմն ավարտվել էր, իսկ Գերմանիան և նրա դաշնակից Օսմանյան կայսրությունը պարտվել:

Գերմանացի զինվորականները շատ են լուսանկարել Ցեղասպանության տարիներին՝ զոհերին ու փախստակններին, թեև Օսմանյան կայսրությունում գրաքննության մասին խստիվ օրենք էր գործում:

Աջ կողմի լուսանկարում պատկերված է Տրաբզոնի Սբ Ստեփանոս հայկական եկեղեցու դահլիճը, որը վերածվել էր պահեստի, որտեղ ցրված են հայերից թալանված ու առգրավված ունեցվածքի մնացորդները: 1915-ին այդ եկեղեցում էր հավաքվել հայերի շարժական գույքի մի մասը, որը հետո աճուրդի հանվեց հատուկ ստեղծված հանձնաժողովի կողմից, որը կազմավորել էր թուրքական կառավարությունը:

Ձախակողմյան լուսանկարը հրապարակվել է National Geographic-ի 1919թ. երկրորդ համարում, Մեյնարդ Օուեն Ուիլյամսի հոդվածի հետ միասին: Լուսանկարների փորք հերոսները, որոնցից ավագը 12 տարեկան է, առանց թույլտվության, անցնելով պատնեշները, հասել էին Վան՝ բազում դժվարություններ հաղթահարելով: Այդ լուսանկարն արվել է Վանի 1915թ. հերոսամարտից հետո, սակայն ավելի ուշ է հրապարակվել ամերիկյան ամսագրում:

«Նրանք էլ էին Վանի նահանգապետ Վան Համբարձումյանի մոտ փայտե հրացաններով /Ոսկորներ, Համբարձումյան (1882-1918)/, իսկական զենք ստանալու համար, քանի որ պատրաստ էին մինչև վերջ պայքարել՝ պաշտպանելով իրենց հարազատներին, որոնց մի մասին արդեն կոցրել էին»,-գրում է հոդվածի հեղինակը:

Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանական մարտեր էին գնում: Կատաղի մարտեր են տեղի ունեցել Վանում 1915-ի ապրիլի 7-ից մինչև մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, որոնք ավարտվել են հաղթանակով: Այդ ճակատամարտն հայերի ինքնապաշտպանության ամենատևական ու կարևոր մասն է:

Վանի բնակիչները պայքարել են բոլոր ուժերով. կանայք և աղջիկները, մեծ ու փոքր դարձան այդ արյունալի մարտերի մասնակիցները՝՝ լավ գիտակցելով սեփական օջախն ու արժանապատվությունը պաշտպանելու կարևորությունը:

Աջ կողմի լուսանկարը պատմում է 1915-ի ամռան մասին, երբ հակասանիտարական պայմանների պատճառով տիֆի համաճարակ բռնկվեց: Կարանտին հայտարարվեց: Սննդի, ջրի, բուժօգնության բացակայությունն ու կիզիչ արևը նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Իշխանությունները մի քանի զինյալ ջոկատներ առանձնացրեցին, որոնք պետք է հավաքեին ու թաղեին դիերը: Լուսանկարում սանիտարական հուղարկավորների ջոկատն է:

1914-ի վերջում և 1915-ի սկզբին Արևմտյան Հայաստանից, Պարսկաստանից և մոտակա շրջաններից Թիֆլիսի և Էրիվանի նահանգներ արտագաղթեց մոտ 50.000 հայ: Նրանց օգնելու նպատակով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կազմակերպվեցին փախստականների օգնության կոմիտեներ:

Ցարական կառավարությունն օրինագծեր հրապարակեց, բացեց փախստականների տեղավորման գլխավոր լիազորի հատուկ գրասենյակ, սակայն չէր կարող ապահովել փախստականների բոլոր կարիքները: Արևելյան Հայաստան հասնող հայերի մի մասը, հիմնականում Վանից, Բիթլիսից, Մուշից և Խնուսից, ապաստան էին գտել Էջմիածնի անտառում, Այղրլճի և Խաթունարխ գյուղի միջև ընկած տարածքում:

«Բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն տեղի իշխանությունները հատուկ սայլեր էին հատկացրել, որոնք անցնում էին անտառով և հավաքում մահացածների մարմիններն ու թաղում: Թե ուր էին նրանց տանում ոչ ոք չգիտեր և կարիք էլ չուներ իմանալու», -պատմել է Ցեղասպանությունը վերապրած Սահակ Կարապետյանը:

Լուսանկարներում երևում են թուրք զինվորների կողմից սպանված հայերի գանգերն ու ոսկորները: Լուսանկարն արվել է Մուշի Ահջան գյուղի տներից մեկի ավերակների մոտ, որտեղ հավաքել ու ողջակիզել են հարյուրավոր տղամարդկանց, կանանց ու երեխաների:

Ցեղասպանության տարիներին թուրք ջարդարարները տարբեր միջոցների էին դիմում առավելագույնս արագ ու մեծ թվով հայերի կոտորելու համար: Թուրքերը հաճախ փակում էին տան դռներն ու պատուհանները, իսկ ծխնելույզից ներս էին նետում հայերին մինչև որ տունն ամբողջությամբ լցվեր: Հետո կերոսին էին լցնում ու հրկիզում տունը: Այդպես հազարավոր մարդիկ են զոհվել:

Լուսանկարն արել է Ֆրենկ Դանիելյանը. 1915-1917-ին նա ծառայել է Կովկասում ամերիկահայերի 4-րդ հայկական գնդում և կարող էր լուսանկարներ անել Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում: Դրանք վկայում են սարսափելի վայրագությունների մասին, որոնք իրագործել են թուրքերն ու քրդերը հայերի հանդեպ:

Դանիելյանի արված լուսանկարների մի մասը հրապարակվել է ամերիկյան մամուլում: Առաջին անգամ դրանք տպագրվել են 1917-ին, Leslie’sIllustrated պարբերականի հունիսի 28-ի համարում:

Ձախակողմյան լուսանկարում պատկերված հայերի տարհանման լուսանկարը հրապարակվել է 1915-ին, The Sphere թերթի հոկտեմբերի համարում: Լուսանկարում երևում է, թե ինչպես են ֆրանսիացի նավաստիները տարհանում մուսալեռցիներին՝ նավակներով տեղափոխելով նրանց ռազմանավեր:

1915-ի գարնանը թուրքական իշխանությունները սկսեցին հայ բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը Արևմտյան Հայաստանում և կայսրության այլ վայրերում: Հուլիսի 30-ին Սուեդիա ափամերձ շրջանի ավելի քան 4000 հայ բարձրացավ Մուսա լեռն ու ինքնապաշտպանության անցավ:

1915-ի սեպտեմբերի 10-ին, արձագանքելով մուսալեռցիների օգնության կանչին, «Ժաննա Դ՛ Արկ» ֆրանսիական ռազմանավը սկսեց ռմբակոծել թուրքերի դիրքերը: Ֆրանսիական նավատորմի ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեն հրահանգեց հայերին ռազմանավերով տեղափոխել եգիպտական Պորտ Սաիդ:

Սեպտեմբերի 12-ին 5 ֆրանսիական ռազմանավ՝ «Գիշեն», «Դեզեկս», «Ֆուդր», «Ծովակալ Շարնե» և «Դ՛ Էսթեր» նավերը, մոտեցան ափին, խարիսխ գցեցին և, նավակներ իջեցնելով, փրկարար աշխատանքներ սկսեցին: Դա 3 օր տևեց: Առաջին հերթին նավ բարձրացան կանայք, երեխաներն ու տարեցները, իսկ հետո՝ տղամարդիկ: Այդ ծանր, դժվարին օրերին երեխաներ էլ են ծնվել, որոնց անվանակոչեցին փրկության և ազատության խորհրդանիշ անուններով:

«Գիշեն» նավում ծնված երեխաներից մեկին հենց Գիշեն էլ անվանակոչեցին:

Աջից բրիտանական բանակի սպայի ֆոտոալբոմից վերցված լուսանկար է: Այն մակագրված է անգլերեն. «Բռնի տեղահանված հայեր»: Ռազմական իրավիճակը ներկայացնող տեսարանների հետ մեկտեղ, ներկայացված է նաև բռնի տեղահանվող հայ կանանց ու երեխաների քարավանը: Առջևից և երկու կողմից քարավանը ուղեկցում են զինված զինվորներ:

Հայ բնակչության բռնի տեղահանման հրամանի մասին հրապարակումից հետո հայերին շատ քիչ ժամանակ տրվեց անհրաժեշտ իրեր ու սննդամթերք վերցնելու համար: Համընդհանուր խուճապի մթնոլորտում շատերը չնչին գնով վաճառում էին ունեցվածքը:

Քարավաններն անցնում էին այն վայրերով, որտեղ նրանց դարանակալել էին տեղացի թուրք կողոպտիչներն ու քուրդ և թուրք մարդասպանների ավազակախմբերը:

Երբ հայ գաղթականներին սպանում էին ճանապարհներին, գալիս էին տեղացի կանայք ու երեխաներ, որոնք պատրաստ էին դիակապտության, նրանք հանում էին դիերից հագուստներն՝ յուրացնում նրանց հագուստը, փողն ու թանկարժեք իրերը, եթե դրանք կային:

Ում չէին կոտորում ճանապարհին, նրանք սովամահ էին լինում, մեռնում հիվանդություններից, բռնություններից, իսկ Սիրիայի անապատներ հասածներից քչերը ողջ մնացին:

Ձախակողմյան լուսանկարում Լալբանդ գյուղից (այժմ Շիրակամուտ) մոտ 270 հայ գաղթականի թաղման տեսարանն է Ղարաքիլիսայից (Վանաձոր) ոչ հեռու:

1918-ի հուլիսի 1-ին տեղի կովկասցի թուրքերը կոտորեցին հայերին Կատարինենֆելդի (այժմ Բոլնիսի) մոտ: Այդ լուսանկարն ամրագրված է եղել գերմանացի լեյտենանտ Վոլկերի 1918-ի հունիսի 14-ին ներկայացված զեկույցին: Վոլկերը եղել է Կատարինենֆելդի մոտ տեղի ունեցածի ականատեսը: Լուսանկարը պահվում է Գերմանիայի ԱԳՆ արխիվում:

Աջից պատկերված է Մուշի կոտորածից հետո այրիացած Վարդուհի Պետրոսյանն իր երկու որդիների հետ 1915/1916 ձմռանը:

Հավանաբար, լուսանկարն արել է նորվեգացի միսիոներ Բոդիլ Բյորնը: Լուսանկարի օրիգինալը պահվում է Նորվեգիայի Թագավորական արխիվում:

Բոդիլ Բյորնը երկար տարիներ որպես բուժքույր է աշխատել Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում և, ներկայացնելով Նորվեգիան, որը չեզոք դիրք ուներ Առաջին աշխարհամարտի ժամանակ, 1915-ին դարձավ Մուշի հայերի ինքնապաշտպանության և կոտորածի վկան: Բյորնի լուսանկարների հավաքածուն բավականին հարուստ նյութ է պարունակում ինչպես հայերի առօրյա կյանքի մասին մինչ 1915-ի Ցեղասպանությունը, այնպես էլ Ցեղասպանության հետևանքների մասին: Պահպանվել են նաև օրիորդ Բյորնի ձեռագիր հուշագրությունները հայերի կոտորածի մասին ականատեսների վկայություններով:

Բացառիկ այդ հուշագրությունները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է փոխանցել Բոդիլ Բյորնի թոռը՝ Յուսի Ֆլեմին Բյորնը:

Հասմիկ Վանցյան / PanARMENIAN.Net
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---