Համասյանի An Ancient Observer-ըԺողովրդի երաժշտական ճաշակից մինչև աշխարհում հայկական երաժշտության պահանջարկը Մայիսի 7-ին և 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կոմպոզիտոր Տիգրան Համասյանի մենահամերգն է լինելու, որտեղ երաժիշտը ներկայացնելու է իր նոր՝ մարտի 31-ին թողարկված An Ancient Observer ալբոմը: Երաժշտի խոսքով, համերգի ռեպերտուարի 95%-ը կազմված կլինի հենց ձայնասկավառակի ստեղծագործություններից, բայց մի քանի հին ստեղծագործություն էլ է հնչելու: PanARMENIAN.Net-ը հավաքել է Համասյանի նախահամերգային ասուլիսի գլխավոր թեզերը: 5 մայիսի 2017 PanARMENIAN.Net - Նոր ալբոմի մասին An Ancient Observer-ը սոլո ձայնասկավառակ է, որի ռեպերտուարը կազմված է վերջին 4 տարվա իմ ստեղծագործություններից: Ալբոմում ընդգրկված գրեթե ամբողջ երաժշտությունը նոր է, բացի երկուսից՝ հիմնված հայկական մեղեդիների վրա: Դրանցից մեկն «Էտյուդ N մեկ» ստեղծագործությունն է, որն իրենից ժողովրդական երգի մշակում է ներկայացնում: Առհասարակ, պատրաստվում եմ էտյուդների նոր շարք սկսել, որի հիմքում ժողովրդական պարզ մեղեդիներ կլինեն. պարզ, բայց միաժամանակ շատ բարդ և ռիթմիկ էտյուդներ: Այդ շարքի առաջին էտյուդն արդեն ներառվել է An Ancient Observer-ում: Երկրորդ ստեղծագործության հիմքում, որը ևս ներառվեց ալբոմում, հայկական ժողովրդական երկու մեղեդի է: Մնացածը նոր ստեղծագործություններ են: Մինչև երևանյան համերգն աշխարհի տարբեր երկրներում արդեն 27 մեհահամերգ եմ ունեցել: An Ancient Observer-ի շրջագայությունը դեռ մինչև 2018-ի վերջ սոլո ֆորմատով կշարունակվի: Երևանից Ժնև եմ մեկնելու, հետո՝ Մոսկվա: Այնուհետև կուղևորվեմ Ճապոնիա, ապա՝ Ավստրալիա:
Երևանում նախնական ծրագրով մեկ համերգ էր նախատեսված՝ ամսի 7-ին, բայց տոմսերի վաճառքի մեկնարկից ու կարճ ժամանակում դրանց սպառվելուց հետո հասկացանք, որ պահանջարկը մեծ է, ես էլ ազատ օր ունեի, և որոշեցինք համերգային ևս մեկ օր ավելացնել: Ժողովրդի երաժշտական ճաշակի մասին Գիտե՞ք Եվրոպայում ինչպես են զարգացնում հադիսատեսի ճաշակը: Հատուկ պետական թատրոններ կան, որտեղ 2 տարվա ընթացքում 100-ից 150 համերգ է լինում, ամենատարբեր ազգերի երաժիշտների: Այդ թատրոնն իր հանդիսատեսին ունի, և շատերը դեռ ամիսներ առաջ գրանցվում են իրենց նախընտրած համերգների: Եվրոպացիներին այդպես են կրթում: Արդյունքում ստացվում է, որ նրանք մեկ-երկու տարվա ընթացքում լսում են այն, ինչ Հայաստանում երևի 20 տարվա մեջ կլսեն: Չարժե ասել, որ Հայաստանում ժողովրդի մշակութային կրթվածության խնդիր կա, մեղադրել ժողովրդին, որ վատ երաժշտություն են լսում, դեգրադացվում են: Ամերիկայում այդ տեսակետից վիճակն ավելի վատ է: Ես այդ երևույթը «մյուզաք» (music-ից ձևափոխված,- խմբ.) եմ կոչում: «Մյուզաքը» մարդկանց ուղեղները լվալու «դեղ է», որի միակ նպատակը գումար վաստակելն է: Դա խնմդիր է ամբողջ աշխարհում, ոչ միայն Հայաստանում կամ ԱՄՆ-ում: Մի պարզ ճշմարտություն կա՝ ցանկացած երաժիշտ պետք է գիտակցի, որ կարևորը ոչ թե հայտնի դառնալն է, այլ բարձրորակ, լավ երաժշտություն մատուցելը: Դրա համար տարիների ուսում ու քրտնաջան աշխատանք է պահանջվում: Հայաստանում գլխավոր խնդիրներին մեկն այն է, որ մրցակցություն չկա: Նույն ջազի ոլորտում օրինակ. չկա: Կան մի քանի երաժիշտներ, որոնք չեն կարողանում տեսնել իրենցից ավելի լավ երաժիշտների, կամ թեկուզ իրենց մակարդակի: Ցանկացած արվեստագետ պետք է մեկնի արտերկիր՝ կայանալու: Կան մարդիկ, որոնք այնտեղ կայանում ու այնտեղ էլ մնում են, կան մարդիկ, որոնք կապ են պահում արտերկրում ապրող երաժիշտների հետ, և կան, որոնք առհասարակ կտրված են այդ ամենից, իսկ դա շատ կարևոր է, որովհետև տարբեր ազգերի մշակույթի փոխանակումն անհրաժեշտ է:
Երաժիշտների քանակը մեր երկրում պետք է շատանա, որ մրցակցություն լինի, մյուս կողմից էլ, կառավարությունն ու տարբեր անհատներ պետք է աջակցեն ու առաջ տանեն ոլորտը, տարբեր համերգներ կազմակերպեն: Բայց մրցակցությունն այստեղ լուրջ խնդիր է: Երաժշտագիտական կրթություն Այն ոճը, որով ես նվագում եմ, կոնկրետ ուղղություն է: Ես դա սովորել եմ դրսում: Մեզ մոտ չկա դպրոց, որտեղ կսովորեցնեն այն, ինչ դասավանդում են նույն Նյու Յորքում, Լոս Անջելեսում կամ Եվրոպայում: Այստեղ ուսուցիչները դասավանդում են ինչ-որ մի ուղղություն, այն, ինչ կոնկրետ ինչ-որ դարաշրջանի է վերաբերվում: Բայց երաժշտությունը զարգանում է, չէ՞: Նորություններ, փոփոխություններ են լինում, որոնք, ցավոք, չեն ընդգրկվում դասավանդման մեջ: Ինձ համար Հայաստանի հետ կապված առաջնային մի խնդիր կա՝ տալ, փոխանցել այն, ինչ ես սովորել եմ դրսում, կիսվել իմ անձնական գիտելիքով: Ուզում եմ իմացածս ու փորձս փոխանցել երեխաներին, երիտասարդ սերնդին: Առաջնային խնդիրն ինձ համար Հայաստանում մշակութային է՝ տալ, փոխանցել այն, ինչ ես սովորել եմ, ինչ գիտեմ, իմ անձնական գիտելիքները, որ այդ ամենը փոխանցեմ երեխաներին, երիտասարդ սերնդին: Աշխարհում հայկական երաժշտության պահանջարկի մասին Երաժշտական աշխարհում կա world music (թարգ.՝ «համաշխարհային երաժշտություն») հասկացողություն: Հայաստանում այլ երաժշտություն են լսում, դրսում՝ այլ: Եվրոպացիները չեն կարող հասկանալ հայկական երաժշտությունը, իրենց համար դա էկզոտիկ է, իսկ մեզ համար այն մերն է: Այստեղ էլ հակառակը, տարբեր տեսակի երաժշտություն կա: Ի դեպ, տարիների ընթացքում հասկացա, որ մարդիկ այստեղ այդքան էլ չեն հասկանում երաժշտական աշխարհի զարգացումը. իրենք ուղղակի լսում են երաժշտությունն ու հավանում այն կամ ոչ: Դրսում այդպես չէ: Ինչպես ասացի, այնտեղի ժողովուրդը ծանոթ են տարբեր ազգերի երաժշտությանը, տարբերում են ոճերը, քանի որ շաբաթը մի քանի տարբեր բարձրորակ երաժշտություն են լսում: Հենց այդ պատճառով էլ իրենց չես խաբի սովորական մշակմամբ, պետք է աշխատել:
Ժողովրդականի մասին Ժողովրդական երաժշտությունը մշակման կարիք չունի, այն արդեն կայացած է, իդեալական է, և երբ ձեռք ես տալիս այդ երաժշտությանը, դա պետք է հիմնավորված լինի: Այդ հիմքերը գտնելու համար տարիների ուսումնասիրություն է անհրաժեշտ: Մշակողը պետք է ապրի դրանով, այդ մշակումները պետք է իր միջից բխեն: Չի կարելի ինչ-որ երաժշտություն մշակելու մակերեսային որոշում կայացնել, վերցնել ու սկսել անել դաԼ Ամենակարևորն այստեղ ժողովրդական երաժշտությունը բարձրացնելն ու զարգացնելն է, այլ ոչ թե մշակելը: Մշակումը պետք է ժողովրդականը նոր կերպ մատուցի, որ ամեն մի նոտա ավելի «պայծառանա»: Հայաստանյան համերգների մասին Հայաստանյան հաներգներիս այնքան էներգիա եմ ծախսում, որ դրսում ոչ մի համերգիս ժամանակ այդպես չի լինում: Կարելի է ասել՝ հայաստանյան ամեն համերգն ինձ համար յուրահատուկ սթրես է: Դա, հավանաբար, պատասխանատվության զգացողության հետ է կապված, կամ անհամբերության: Երբ ինչ-որ մի նոր բան եմ գրում, սկսում եմ սպասել, թե երբ է գալու այն օրը, որ Հայաստանում կկատարեմ այդ երաժշտությունն ու տեղի հանդիսատեսը կհասկանա այն: Միշտ ուզում եմ ամեն համերգիս մի նոր բան ներկայացնել: Առհասարակ, ամեն ձայնասկավառակիս ձայնագրության ժամանակ ինձ համար ամենակարևորն այն է, թե ինչպես այն զարգացավ՝ նախորդի համեմատ: Խոսելով ձայնասկավառակների մասին: Հուսով եմ՝ մի քանի տարուց նորից կվերադառնամ «Լոյս ի Լուսոյ»-ին: Նյութն այնքան շատ է, որ անհամբեր սպասում եմ, թե երբ եմ սկսելու նոր մշակումներ անել: Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |