Այսքան մոտ, այսքան տարբերԻնչ համերգներ են սպասվում Հայաստանում և Վրաստանում Հայաստանն ու Վրաստանը, հարևան երկրներ լինելով, բավականին շատ ընդհանրություններ ունեն, անկախ տարբերություններից: Հատկանշական է, որ երկրները հաճախ են համեմատվում ինչպես տնտեսական և քաղաքական առումով, այնպես էլ զբոսաշրջային և մշակութային ոլորտներում: 16 հունիսի 2017 PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը որոշել է պարզել, թե առաջիկայում ինչ նշանակալի համերգներ են սպասվում Հայաստանում և Վրաստանում: Վրաստանում Վրաստանում բավականին կարևորում են երաժշտական միջոցառումների անցկացումը երկրում: Այդ քաղաքականությունն ուղղված է զբոսաշրջության զարգացմանը և հաջող է աշխատում վերջին տարիներին: Մեծ համերգների, ջազի ու էլեկտրոնային երաժշտության փառատոներին, որոնք, ի դեպ, բավականին բարձր մակարդակով են անցկացվում, հավաքվում են այդ տիպի երաժշտության սիրահարներ ինչպես հարևան, այնպես էլ ավելի հեռավոր երկրներից, քանի որ տոմսերն ու կեցությունը Վրաստանում բավականին մատչելի են:
Հունիսի 16-ին Վրաստանում մեկնարկում է Tbilisi Open Air 2017 երաժշտական փառատոնը, որի շրջանակում հանդես կգա հայտնի ռուսական «Լենինգրադ» խումբը («Լենինգրադի» 2016-ի հոկտեմբերին Երևանում կայանալիք համերգը չեղարկվեց), բրիտանական Anathema և Archive խմբերը, բազմաթիվ այլ արտիստներ: Բացօթյա փառատոնը կանցնի Թբիլիսիում հունիսի 16-18-ը: Ամեն օր փառատոնի գլխավոր բեմը կտնօրինի առաջատար խմբերից մեկը: Հունիսի 16-ին փառատոնը կբացի Լիվերպուլում կազմավորված բրիտանական Anathema ռոք խումբը, հունիսի 17-ին՝ Սանկտ Պետերբուրգում Սերգեյ Շնուրովի ստեղծած «Լենինգրադ» խմբավորումը, իսկ հունիսի 18-ին՝ լոնդոնյան Archive խումբը: Նախագծի հեդլայներներից բացի, Tbilisi Open Air շրջանակում ավելի քան 40 օտարերկրացի և վրաց երաժիշտներ, խմբեր ու երգիչներ ելույթ կունենան: Tbilisi Open Air երաժշտական փառատոնն անցկացվում է Թբիլիսիում 2009-ից: Այդ ընթացքում փառատոնի բեմում հանդես են եկել այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Զեմֆիրան, ԴԴՏ-ն, Placebo-ն, Beth Hart-ը, Black Label Society-ին, Tiger Lillies-ը, Soap and Skin-ը և այլոք: Հուլիսի 27-30-ը Բաթումում կանցնի Black Sea Jazz փառատոնը, որի շրջանակում ելույթ կունենա հայտնի բրիտանական Jamiroquai խումբը: Jamiroquai-ից բացի Black Sea Jazz Festival-ի շրջանակում հանդես կգա հայտնի ամերիկյան հիփ-հոփ De La Soul եռյակը (հուլիսի 29) և բրիտանացի երգչուհի Joss Stone-ը (հուլիսի 30), որն ավելի վաղ հանդես է եկել նաև Երևանում՝ Yerevan Jazz Fest 2016-ի շրջանակում: Էլեկտրոնային երաժշտության GEM Fest փառատոնը 2017-ին արդեն 3-րդ անգամ կանցնի Վրաստանում: Այս անգամ վրացական Անակլիա ավանում անցնող փառատոնը մեկ ամիս կտևի՝ հուլիսի 14-ից օգոստոսի 14-ը: Այն կմիավորի 8 ակումբային բեմ և ակումբային երաժշտության ավելի քան 500 անվանի կատարողի ամբողջ աշխարհից: Փառատոնի գլխավոր հեդլայները կլինի բրիտանական DJ Mag 2016 շաբաթաթերթի վարկածով աշխարհի լավագույն դիջեյ Մարտին Գարիկսը Հոլանդիայից (նախանձի արցունքները դժվար է զսպել) և ամերիկացի դիջեյ, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Սթիվ Աոկին: GEM Fest-ի շրջանակում հնարավոր կլինի լսել նաև ժամանակակից ամենաթանկ դիջեյներից մեկին, Համբուրգում ապրող Մլադեն Սոլոմունին, որը հայտնի է Solomun կեղծանունով: Նա ելույթ կունենա օգոստոսի 3-ին: Իսկ օգոստոսի 4-ին՝ հայտնի շվեդական Axwell & Ingrosso DJ դուետը, ինչը ևս նախանձի մի մեծ առիթ կարող է լինել: Սրանով վրացական փառատոնի հարուստ երաժշտացանկը չի եզրափակվում, կան բազում հայտնի անուններ, որոնք կարող են շոյել էլեկտրոնային երաժշտության երկրպագուների ականջը՝ James Zabiela (նա Հայաստանում էլ է ելույթ ունեցել), Oliver Deutschmann, Paul Kalkbrenner և GusGus (նրանք մասնակցել են փառատոնին նաև 2016-ին): Իսկ օգոստոսի 12-ին, փառատոնի փակումից 2 օր առաջ, ելույթ կունենա հայտնի տեխնո դիջեյ Boris Brejcha-ն, որը նաև GEM Fest 2016-ին է մասնակցել: Աշխարհահռչակ բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը սեպտեմբերի 16-ին համերգ կտա Վրաստանում: Լեգենդար բրիտանացին ելույթ կունենա նորակառույց Black Sea Arena համերգասրահի բեմում, որը Ուռեկիի մոտակայքում է գտնվում (նախանձի արցունքներն արդեն չի ստացվում զսպել, մնում է սպասել տոմսերի վաճառքի մեկնարկին՝ հունիսի 29-ին): Մինչդեռ Հայաստանում... Իսկ Հայաստանում այդ ընթացքում սպասվում են Նարգիզի, «Ռուկի վվերխ» խմբի և Գրիգորի Լեպսի համերգները: Եվ վերջ:
Իրականում Հայաստանում արտասահմանցի աստղերի համերգների կազմակերպման հարցը շատ ավելի բարդ է: Առանց պետական աջակցության, առանձին անձանց ու ընկերությունների անձնական միջոցներով կազմակերպված համերգները հաճախ չեն համապատասխանում հանդիսատեսի ճաշակին՝ բացասական արձագանքներ ստանալով և ոչ այնքան հաջող անցնելով: Արդեն տարիներ շարունակ Հայաստան են հրավիրվում «թարմությունը կորցրած» աստղերը: Երևանում համերգներով բազմիցս են հանդես եկել Իրինա Ալեգրովան, Գրիգորի Լեպսը, Ռիչարդ Կլայդերմանը և այլ ոչ այնքան երիտասարդ աստղերը: Նոր սերնդի կատարողներից Հայաստանում վերջերս ելույթ ունեցան Տիմատին, L’One-ը, Քրիստինա Սին, Мот-ը և Իվան Դորնը (բայց համաձայնեք՝ դա Solomun չէ, և առավել ևս ոչ էլ Մարտին Գարիկս): Դեռևս չի հաջողվում Հայաստան բերել երիտասարդ աստղերի, թեև տարեցներն էլ շատ հազվադեպ են այստեղ հայտնվում: Այդպես, առաջնորդվելով «յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է» կարգախոսով, սեպտեմբերի 2-ին Երևանում կկայանա 90-ականներին բավականին հայտնի ռուսական «Ռուկի վվերխ» խումբը: 2017-ին խումբը նշում է իր 20-ամյակը և մենակատար Սերգեյ Ժուկովն ընկերների հետ հայ հանդիսատեսին կներկայացնի բոլորին վաղուց ծանոթ սիրված հիթերը: Իսկ հոկտեմբերի 8-ին Հայաստանի մայրաքաղաքում առաջին անգամ համերգ կտա ազգությամբ ուզբեկ ամերիկաբնակ երգչուհի Նարգիզ Զակիրովան, որն այժմ Մոսկվայում է բնակվում: Երգչուհին կներկայացնի «երկուսով» համերգային ծրագիրը, որի շրջանակում կկատարի ինչպես հին և սիրված, այնպես էլ նոր երգեր, որի հեղինակն է երգչուհու պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը: Լեպսին, անկախ իր բազում պարգևներից ու մրցանակներից, Էլթոն Ջոնի հետ չես համեմատի: ՌԴ վաստակավոր արտիստ, «Ոսկե գրամոֆոնի» մրցանակակիր, «Տարվա երգ», «Տարվա շանսոն» մրցանակների դափնեկիր Գրիգորի Լեպսը, որը պարբերաբար ելույթ է ունենում Երևանում, կրկին կհյուրընկալվի Հայաստանի մայրաքաղաքում 2018-ին: Լեպսի համերգը նախանշված է փետրվարի 24-ին: Վերջին անգամ վրացական արմատներով ռուսաստանցի երգիչը, որին սիրում են Հայաստանում, համերգ է տվել Երևանում 2015-ի նոյեմբերի 13-ին: Ի դեպ, Լեպսի համերգի ամենաթանկ տոմսի արժեքը 120.000 է (մոտ $250), Էլթոն Ջոնի համերգի տամսերի գինը Վրաստանում սկսվում է $60-ից: Այլ համերգներ Հայաստանում դեռևս չեն նախատեսվում: Յուլիաննա Լալաբեկովա/PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |