Burning Man կամ «Այրվող մարդ»

Burning Man կամ «Այրվող մարդ» (վիդեո)

Ինչպես է անցկացվում անապատային «ամենապոստապոկալիպտիկ» փառատոնը

Անապատային ավազների մեջ թաքնված ուրվական քաղաք, հսկա ինստալյացիաներ, տարօրինակ շարժական շինություններ, հրեշավոր տեսքի մեքենաներ, թեմատիկ ճամբարներ, ոչ երկնային ծագման կերպարներով և կիսամերկ մարդիկ. միանգամից դժվար է կողմնորոշվել՝ Երկիր մոլորակի վրա՞ ես գտնվում, ուղղակի պոստապոկալիպտիկ շրջանում, թե՞ այնուամենայնիվ մասնակցում ես «Խելագար Մաքս» ֆիլմի նկարահանումներին: Ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը՝ աշխարհի ամենահայտնի Burning Man (բառացի անգլերենից՝ «այրվող մարդ») ամենամյա փառատոնն է, որն այդքան էլ փառատոն չէ:

PanARMENIAN.Net - Burning Man-ի կազմակերպիչներն անվանում են այն «ռադիկալ ինքնարտահայտման համայնք»: 8-օրյա փառատոնն անցկացվում է ԱՄՆ Նևադա նահանգի Բլեք Ռոք անապատում, որից ամենամոտ քաղաքը գտնվում է 250 կմ հեռավորության վրա:

Կազմակերպիչները չեն ողջունում մասնակցությունը փառատոնին միայն դիտորդի կարգավիճակում. դու պետք է դառնաս իսկական լիիրավ «բըրներ», մասնակցես 8-օրյա կյանք ունեցող Բլեք Ռոք Սիթի քաղաքի, դրա թաղամասերի, փողոցների, օրենքների ու ներքին կարգի ստեղծմանը:

Փառատոնն սկսվում է ամեն տարի օգոստոսի վերջին երկուշաբթի օրը, ժամը 00:01-ին, և ավարտվում սեպտեմբերի առաջին երկուշաբթի օրը, որն ԱՄՆ-ում տոն է՝ Աշխատանքի օրը: Արվեստի փառատոնն իր գագաթնակետին է հասնում շաբաթ օրը մայրամուտից հետո, երբ այրում են մարդու փայտե արձանը: Հենց դրանից էլ ամեն ինչ սկսվել է դեռ հեռավոր 1986 թ.-ին, երբ Սան Ֆրանցիսկոյի Բեյքեր-բիչ ափում ընկերների մի խումբ որոշեց այրել մարդու փոքրիկ փայտե արձանը: Ինչպես գրված է Բլեք Ռոքում ամեն տարի հայտնվող Burning Man-ի թանգարանում գտնվող պաստառի վրա. «Մենք չգիտենք՝ ինչի համար են նրանք այրել արձանը, միգուցե ամառային արևադարձի պատվին, միգուցե որևէ անձնական ողբերգական կամ ընդհանուր ուրախ առիթով, միգուցե դա կոլեկտիվ գեղարվեստական ինքնադրսևորման ակտ էր»:

Այնուհետև մասնակիցների շրջանակն ընդլայնվեց և տեղափոխվեց նոր տեղ՝ այժմյան անապատ: 1995 թ.-ից փառատոնն ամեն տարի սկսեց անցկացվել որևէ խորագրով: Այժմ աշխարհի ամենամասշտաբային փառատոնի մասնակիցների թիվը հասնում է տասնյակ հազարների: Ի դեպ, Բլեք Ռոք Սիթի մշտական այցելուների թվում են այնպիսի հայտնի և հարուստ մարդիկ, ինչպիսիք են Մարկ Ցուկերբերգն ու Իլոն Մասկը, Ռոնալդուն ու Միշել Ռոդրիգեսը, Փերիս Հիլթոնն ու Քեթի Փերին, ասում են՝ նույնիսկ Victoriaʼs Secret-ի հրեշտակներն են դիմանում անապատային այդ պայմաններում:

Burning Man-ի 10 հիմնական սկզբունքները

Ռադիկալ ներգրավվածություն. ինչպես արդեն նշվեց, Burning Man-ը չի քարոզում հին տոտալիտար ռեժիմ, որի շրջանակներում մասնակիցները կարող են գալ դիտորդի կարգավիճակում՝ միակ «ճիշտը» լսել-իմանալու: Ո՛չ, բոլորը պետք է մասնակցեն փառատոնի ստեղծմանն ու կայացմանը:

Նվիրում. փառատոնի տարածք մուտք գործելու պահից պետք է մոռանալ փողի մասին՝ այն էլ արժեք չունի: Դիջեյները չեն նվագում գումարով, քանդակագործներն ու նկարիչները չեն վաճառում իրենց ստեղծագործությունները: Փառատոնի մասնակիցները չեն կարող տեղում գնել անհրաժեշտ որևէ իր կամ սնունդ, ուստի պետք է գան պատրաստված՝ ունենալով հագուստ, սնունդ, քնելու համար նախատեսված պարկ, արևայրուքի քսուկ և այն ամենն, ինչ կարող է պետք գալ անապատում 8 օր ողջ մնալու համար: Այստեղ չկա ո՛չ փող, ո՛չ տրանսպորտ, միայն՝ սեր և խաղաղություն:

Դեկոմոդիֆիկացիա. այս վախենալու բառն օգտագործվում է թերևս միայն հատուկ տնտեսագիտական գրականության մեջ և, դե իհարկե, Burning Man-ի շրջանակներում: Այս սկզբունքի հիմքում ընկած է կապիտալիզմից ազատումն ու արվեստը բացարձակ արժեք դարձնելու ձգտումը:

Ռադիկալ ինքնաբավություն. սա այն տեղն է, որտեղ կարելի է և պետք է լինել հնարավորինս ինքնաբավ: Փառատոնի ընթացքում ամեն ինչ պարզ է և հստակ. պետք է ստեղծագործել և ինքնարտահայտվել, այս անապատում դու այն ես, ինչ քեզ պետք է շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինելու համար:

Ռադիկալ ինքնադրսևորում. այստեղ պետք է լինել հնարավորինս վառ ու տարբերվող, ձգտել դուրս գալ սեփական սահմաններից:

Հանրային ջանքեր. թեև դու մենակ ես և կախված միայն ինքդ քեզանից, դու հասարակության մասնիկ ես, իսկ Burning Man-ն ուղղակի այրվող մարդուկի արձան չէ, դա նախ և առաջ փառատոնի մասնակիցներն են:

Պատասխանատվություն. չեք հավատա, բայց այդ տասնյակ հազարների գործունեությունը ոչ ոք չի կարգավորում՝ ո՛չ անվտանգության աշխատողները, ո՛չ ոստիկանությունը: Ողջ փառատոնի ընթացքը վերահսկում են հենց իրենք՝ մասնակիցները: Իսկ դա շատ մեծ պատասխանատվություն է:

Մի՛ թող հետքեր. այդքան մարդ, բնականաբար, չի կարող իր հետևից աղբի տեսքով հետքեր չթողնել, սակայն Burning Man-ը տարբերվում է այլ փառատոններից նրանով, որ նրա մասնակիցները հավաքում են իրենց հետևից՝ այրելով ինստալյացիաներն ու այլ արվեստի գործերը, մաքրելով ողջ աղբն ու անապատը նախկին տեսքի բերելով:

Մասնակցություն. շատ կարևոր է հասկանալ, որ Burning Man-ը գալ-նայելու համար չէ: Նայել կարելի է հեռուստացույց, ներկայացում, ֆիլմ, իսկ այս փառատոնը կենդանի օրգանիզմ է, որի ամեն մասնակիցը պետք է աշխատի իր վրա. պարուհիները պարում են, նկարիչները՝ նկարում, քանդակագործները՝ քանդակներ ստեղծում, իսկ նմանատիպ տաղանդներով չօժտված մասնակիցները պետք է աշխատեն իրենց կերպարն ամբողջացնելու վրա:

Հենց այստեղ և հիմա. փառատոնը սովորեցնում է ապրել ներկա պահով, վայելել այդ պահը, ապրել ներդաշնակության մեջ ինքդ քո հետ: Շատերն ասում են՝ այն կարծես հոգին մաքրող թուրմ լինի, որը հնարավորություն է տալիս կտրվել ողջ աշխարհից, մի որոշ ժամանակ ապրել մտացածին, նոր մոլորակի վրա, որն այնուհետև հնարավոր կլինի այրել՝ վերացնելով այդ կյանքի բոլոր հետքերը:

Առանձին հիշատակման է արժանի փառատոնի ավարտից հետո իրականություն վերադառնալու պահը, երբ միանում է բջջայինը, ստացվում են առաջին հաղորդագրությունները, իսկ մոտակա խանութում պետք է արդեն գումար վճարել ապրանքի համար, գրկելն ու փոքրիկ մի իր նվիրելն արդեն չեն գործում: Այդ պահին գիտակցում ու սկսում ես գնահատել թե՛ փառատոնը, թե՛ իրական կյանքը, թե՛ այլընտրանքային իրականություն ստեղծելու մարդկանց մշտական ձգտումը:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---