6 ֆիլմ՝ քարոզարշավի ընթացքում «չցնդելու» համարԻ՞նչ դիտել ընտրություններին ընդառաջ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից ընդամենը 3 օր է անցել, սակայն իրադարձություններն այնքան բուռն են զարգանում, որ նույնիսկ քաղաքականությամբ շատ հետաքրքրված մարդիկ դժվարությամբ են հետևում այս թոհուբոհին: 28 նոյեմբերի 2018 PanARMENIAN.Net - Քարոզարշավի առաջին օրը մի շարք քաղգործիչներ արեցին քննարկվող հայտարարություններ, հեռակա վիճեցին, հրապարակվեցին որոշ քաղաքական ուժերի հետաքրքիր կարգախոսները: Երկրորդ օրը սկանդալային հայտարարությունները շարունակվեցին, հրապարակվեցին նախընտրական հոլովակները: Քարոզարշավի երրորդ օրը դեռ նոր է սկսվել, սակայն արդեն խոստանում է հետաքրքիր լինել. հեռակա բանավեճերը շարունակվում են, սակայն ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը՝ չցանկալով դրանով սահմանափակվել, հեռուստաբանավեճի է հրավիրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Այս ամենի ֆոնին «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի երրորդ համար, լրագրող Արման Բաբաջայանը ընտրողների հետ հանդիպմանն արտասանել է իր գրած բանաստեղծությունը: Ինչպե՞ս «չցնդել» այս ամենի մեջ: PanARMENIAN.Net –ը ընտրությունների մասին հայտնի և սիրված ֆիլմերի ցանկ է պատրաստել՝ հայաստանյան նախընտրական քաոսից կտրվելու և քարոզարշավի մնացած օրերին թարմ ուժեր հավաքելու համար: «Թեկնածուն» (1972) / The Candidate
Մայքլ Ռիթչիի դասական դրամայի գլխավոր հերոս փաստաբանը, որին մարմնավորում է հայտնի Ռոբերտ Ռեդֆորդը, համաձայնվում է մասնակցել սենատորների ընտրություններին, սակայն ընթացքում բախվում է մի շարք խնդիրների, որոնք փոխում են նրա կարծիքը քաղաքականության մեջ «մաքրության և անաչառության» մասին: Ի դեպ, հետաքրքիր է, որ այդ ֆիլմի նկարահանման ժամանակ Ռեդֆորդն իսկապես ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով էր ապրում, հետևաբար լավ ծանոթ էր իրավիճակին ներսից: Ֆիլմում ընտրությունների համակարգը բավականին ճշգրիտ է ներկայացված, ինչի համար էլ այն «Լավագույն սցենար» անվանակարգում «Օսկարի» է արժանացել: «Խաբեբայություն» (1997) / Wag the Dog
Բարրի Լևինսոնի երգիծական կատակերգության օրիգինալ անվանումն է «Թափահարել շանը», նկարահանվել է Լարրի Բեյնհարթի «Ամերիկյան հերոս» վեպի հիման վրա: Սա մի հանճարեղ պատմություն է այն մասին, թե ինչպես կարելի է նախագահական ընտրություններից առաջ «մաքրել» գործող նախագահի անունը ամուսնական դավաճանության դրոշմից, որի հետևանքով հասարակության մեջ ընկնում է նրա ժողովրդականությունը։ Նախագահի անձից ուշադրությունը շեղելու համար նրա օգնականն ու մի արհեստավարժ ռեժիսոր հնարում են իրականում գոյություն չունեցող պատերազմ Եվրոպայում, նույնիսկ հաղթանակ են տանում դրանում, և այդ ամենը բացահայտ, հեռուստացույցների էկրաններին: Գլխավոր դերերը ֆիլմում մարմնավորում են Դասթին Հոֆմանն ու Ռոբերտ Դե Նիրոն: «Տարվա մարդը» (2006) / Man of the Year
Մեր ցուցակում տեղ է գտել Բարրի Լևինսոնի մեկ այլ ֆիլմ ևս՝ հանճարեղ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ «Տարվա մարդը» կատակերգությունը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է կատակերգական հեռուստաշոուի հաղորդավարը՝ իր դիտորդներից մեկի խորհրդով առաջադրվում երկրի ղեկավարի պաշտոնում և նույնիսկ իր համար անսպասելի հաղթում այդ ընտրություններում: Այդպիսով սովորական կատակը լուրջ պատասխանատվության է վերածվում: Սակայն շուտով պարզվում է, որ սխալ է տեղի ունեցել, և Ուիլյամսի հերոսը չպետք է դառնար «տարվա մարդ»: Ֆիլմի հերոսները կանգնում են բարդ ընտրության առջև՝ ինչպե՞ս դուրս գալ այդ սխալի տակից: «Ընտրությունների օրը» (2007) / «День выборов»
Ցուցակում տեղ է գտել նաև հայտնի ռուսական «Ընտրությունների օրը» կատակերգությունը «Կվարտետ Ի» հայտնի քառյակի մասնակցությամբ: Ըստ Օլեգ Ֆոմինի ֆիլմի սյուժեի՝ հայտնի ռադիոկայաններից մեկի թիմը ոմն օլիգարխից պատվեր է ստանում զբաղվել ՌԴ շրջաններից մեկի նահանգապետի մի անհայտ և անհեռանկարային թեկնածուի քարոզարշավով: Իսկ քանի որ «օրիգարխների գործերն անքննելի են», ռադիոկայանի թիմը միանգամից ենթարկվում է և փորձում բարձրացնել այդ անհայտ, քաղաքականությունից հեռու թեկնածուի վարկանիշը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով: Մինչև ռադիոյի աշխատողները շատ զվարճալի կերպով լուծում են իրենց առջև դրած խնդիրը, թեկնածուն այդ ողջ ընթացքում ուղղակի խաչբառ է լուծում: «Մարտյան իդեր» (2011) / The Ides of March
Հայտնի դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունիի «Մարտյան իդեր» ֆիլմը, որում նա մարմնավորել է նաև գլխավոր հերոսներից մեկին, ուղղակի դրամա չէ, այլ իսկական քաղաքական թրիլեր: Ֆիլմի հիմքում ընկած է նախընտրական շտաբի երիտասարդ աշխատակցի պատմությունը, որին, ի դեպ, մարմնավորում է տաղանդավոր Ռայան Գոսլինգը: Քլունիի հերոսն առաջադրում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, իսկ նրա շտաբի բոլոր անդամներն առանց ջանք խնայելու օգնում են նրան: Գոսլինգի հերոսը նույնպես կիսում է նախագահի թեկնածուի հայացքները, սակայն դեմ է խնդիրների լուծման որոշ մեթոդներին, ուստի ժամանակի ընթացքում ամենանվիրված աջակիցներից մեկից վերածվում է իսկական ընդդիմադիրի: Նրանց բախմանը շատ հետաքրքիր է հետևել: «Երկաթե լեդին» (2011) / The Iron Lady
Կենսագրական ֆիլմերից ուշադրության է արժանի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ, ամենահայտնի կին քաղաքական գործիչների մեկի՝ Մարգարետ Թետչերի մասին պատմող «Երկաթե լեդի» դրաման, որի ռեժիսորն է Ֆիլլիդ Լոյդը: Հայտնի քաղաքական գործչին ֆիլմում մարմնավորում է ոչ պակաս հայտնի դերասանուհի Մերիլ Սթրիփը: Ֆիլմը պատմում է Թետչերի անցած ուղու մասին՝ նպարավաճառի դուստրից մինչև գերտերության առաջին դեմքերից մեկը: Ուղին, սակայն, հեշտ չի լինում: Ֆիլմը միայն ընտրությունների վրա չէ կենտրոնացած, սակայն թե՛ սցենարը, թե՛ Սթրիփի խաղն այնքան տպավորիչ են, որ չկարողացանք շրջանցել այն: Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net Ամենաընթերցվողը բաժնում Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար «Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը Բաժնի այլ նյութերը Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |