Ընդլայնելով սահմանները

Ընդլայնելով սահմանները (վիդեո)

Երևանում կկայանա Իվան Դորնի համերգը՝ նոր ձևաչափով

Դեկտեմբերի 6-ին Երևանում կկայանա ուկրաինացի երգիչ, դիջեյ և հեռուստահաղորդավար Իվան Դորնի համերգը: Երաժիշտն արդեն երկրորդ անգամ կլինի Հայաստանում, բայց այս համերգն էապես տարբերվելու է նախորդ՝ 2017-ի համերգից:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net –ը պատմում է՝ ինչով է տարբերվում, և ինչու անպայման պետք է բաց չթողնել Դորնի երևանյան այս համերգը:

Նախ՝ այս անգամ համերգը կազմակերպում է Rambalkoshe-ի թիմը, որն առավելապես հայտնի է էլեկտրոնային երաժշտության սիրահարների շրջանում:

Rambalkoshe-ի կազմակերպած միջոցառումներին երբևէ ներկա գտնվածները գիտեն, որ դրանք միշտ բարձր մակարդակի, տարբերվելու, անհամատեղելին համադրելու և ներդաշնակությունը գտնելու մասին են: Դեկտեմբերի 6-ի համերգը ևս բացառություն չէ:

Դա պարզապես Դորնի համերգը չէ, Rambal-ը կրկին փորձում է լայնացնել սահմանները և մատուցել սովորական դարձածը յուրահատուկ ոճի մեջ. Դորնից բացի ելույթ կունենան հայ հայտնի երգչուհի Իվետա Մուկուչյանը և Rambalkoshe ընտանիքի անդամ, բեմն ու «պուլտը» նոր գրաված, բայց արդեն շատերի կողմից սիրված Mims-ը, նույն ինքը՝ Mimi-ն:

Համերգը կբացի Իվետա Մուկուչյանը՝ հանդես գալով 20-30 րոպեանոց պարային սեթով և ստեղծելով բացման տրամադրությունը: Երգչուհին այդ օրը կներկայանա հանդիսատեսին մի նոր՝ տարբերվող ոճի մեջ: Իսկ նրանից հետո ելույթ կունենա ուկրաինացի արտիստը:

Դորնը հանդես կգա Երևանի համար հատուկ մշակած ծրագրով, որը կներառի արտիստի թե՛ որոշ սիրված կատարումներ, թե՛ նոր գործեր՝ մատուցվելով էքսպերիմենտալ սոուսի տակ: Հայ հանդիսատեսը կլսի նոր Դորն, ով երկար ճանապարհ է անցել, հասունացել որպես երաժիշտ, փորձել մի շարք ոճեր և արդեն հստակ գիտի՝ որ ուղղությամբ է ուզում շարժվել:

Հոկտեմբերի վերջում լույս տեսավ Դորնի վերջին մինի-ալբոմը՝ «Երեք լավ երգ»-ը, որում տեղ է գտել ընդամենը 3 երգ, և երգիչը չի ստում՝ դրանք իսկապես լավն են: Բացի այդ, Դորնի այս երևանյան համերգն արժե բաց չթողնել ևս մեկ կարևոր պատճառով. երգիչը 2020-ին ստեղծագործական դադար է վերցնում և համերգներ չի տալու: Ասում է՝ ուզում է հանգստանալ, բաս կիթառ նվագել սովորել, ֆրանսերենը ուսումնասիրել, ձեռք բերել հմտություններ ապագայում ֆիլմ նկարելու համար: Ո՞վ իմանա՝ ինչպիսին արտիստը կվերադառնա դադարից հետո, ուստի պետք է բաց չթողնել պահը վայելելու ներկա Դորնին:

Համերգը կեզրափակի Mims-ը՝ շարունակելով և ճիշտ ուղղորդելով Դորնի ստեղծած տրամադրությունը: Դիջեյը կնվագի հատուկ այդ օրվա համար իր գրած սեթը:

Համերգը տեղի կունենա ռեյվերների կողմից արդեն սիրված «Հայֆիլմ» կինոստուդիայում, որը լիցքաթափվելու համար լավագույն հարթակներից է: Rambalkoshe-ն կրկին շեշտ է դրել լույսի վրա. միջոցառման լուսային էֆեկտները ապահովելու են Proun շարժման արտիստները: Այս անգամ գործ ենք ունենալու «խելացի» լույսի հետ, որը «զգալու» է ոչ միայն բիթը, այլև տրամադրությունը, և լավագույնս փոխանցելու է այն համերգի հյուրերին: Միջոցառման բարը կապահովի Martini-ն իր լեգենդար վերմուտով, փրփրուն գինիներով և միայն այդ օրվա համար պատրաստված համեղ կոկտեյլներով:

Կազմակերպիչներն ուզում են ներդաշնակ պատկեր ստանալ, որի բոլոր տարրերը՝ արտիստներ, լույս, ձայն, վայր, հավասարաչափ կարևոր են և ամբողջական պատկեր են կազմում: Այդ ֆորմատի նպատակն այն է, որ արտիստներից մեկի համար եկած հանդիսատեսը չթողնի-գնա նրա ելույթից հետո, այլ վայելի ողջ համերգը և բացահայտի իր համար նորը կամ հնի նոր կողմերը:

Համերգի տոմսերը վաճառվելու են երկու տարբերակով՝ մինչև դեկտեմբերի 5-ը՝ 7000 դրամով ROOMZ-ում (Պուշկին 38), HOUL-ում (Խորենացի 28) և Kong Yerevan-ում (Աբովյան3/1), Idram Payment System-ի հավելվածում, կամ միջոցառման օրը՝ մուտքի մոտ, face control-ն անցնելուց հետո՝ 10000 դրամով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
 Ուշադրության կենտրոնում
Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին

Կազմակերպիչ․ Սնուպ Դոգի երևանյան համերգի տոմսերի ﬔծ մասը վերադարձվել է գնորդներին Հաﬔրգի ստույգ օրվա վերաբերյալ բանակցություններ են ընթանում

 Բաժնի այլ նյութերը
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Արվեստի աշխարհում ամենաազդեցիկ հայկական ազգանունը Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
---