Ինչպես պայքարել (կորոնա)վիրուսով վարակվելու դեմ

Ինչպես պայքարել (կորոնա)վիրուսով վարակվելու դեմ

Պարզ խորհուրդներ

Միշտ լվանալ ձեռքերն օճառով, հետևել հիգիենային, վիրուսային ախտանշաններ ունեցողներից հեռավորություն պահպանել. այս և մի շարք այլ պարտադիր կանոններ կան՝ ոչ միայն սովորական վիրուսից, այլև կորոնավիրուսից թեկուզ նվազագույն պաշտպանվածությունն ապահովելու համար:

PanARMENIAN.Net - Աշխարհում տարածվող ու արդեն ՀՀ-ի հարևան Իրան հասած կորոնավիրուսի դեմ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, դեռ պատվաստանյութ չկա: Չնայած Ռուսաստանում Չինաստանի դեսպանը փետրվարի 24-ին հայտարարել էր, որ իր երկիրը վիրուսի դեմ 85-90% արդյունավետությամբ պատվաստանյութ է ստեղծել, ԱՀԿ-ն այս մասին դեռ որևէ տվյալ չի հաղորդել:

ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են՝ վարակը հիմնականում փոխանցվում է վարակված անձի հետ շփման ընթացքում փռշտալիս կամ հազալիս՝ շնչառական կաթիլների միջոցով:

Ներկա իրավիճակում, մինչ կորոնավիրուսը տարածվում է աշխարհում ու գնալով ավելի է մոտենում ՀՀ սահմանին՝ ԱՀԿ-ն, առողջապահության ներպետական կառույցները հորդորում են օգտվել կենցաղային, ամենօրյա, բայց և վարակի հավանականությունը նվազեցնող կանխարգելիչ միջոցներից:

Պարբերաբար լվանալ ձեռքերը

Կորոնավիրուսից պաշտպանված լինելու, այլ վիրուսներով չվարակվելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրությամբ հետևել ձեռքերի հիգիենային: Օրը մի քանի անգամ պետք է լվացվել հոսող տաք ջրով ու օճառով, հաճախ օգտվել ալկոհոլ պարունակող քսուքներից: Հատկապես պետք է լվացվել հասարակական վայրերում տարբեր առարկաների դիպչելուց, տրանսպորտում, վերելակում գտնվելուց հետո: Պարտադիր է սնվելուց առաջ և հետո լվացվելը:

Եվ նույնիսկ օրը մի քանի անգամ լվացվելուց հետո չի կարելի ձեռքերը բերանն ու աչքերին մոտեցնել. դրանց վրա հնարավոր մանրէներն այդ ճանապարհով ավելի արագ են ներթափանցում օրգանիզմ:

Ճիշտ սնունդը

Խորհուրդ չի տրվում ուտել վայրի կենդանիներից կամ ծովամթերքից պատրաստված ուտեստներ կամ նախուտեստներ: Հատուկ ուշադրությամբ և շատ լավ պետք է եփել միսը և ձուն: Վիրուսների ակտիվացման շրջանում անհրաժեշտ է օգտագործել սննդարար մթերքներ, վիտամիններր, որոնք օգտակար են իմունիտետին: Խորհուրդ է տրվում օգտագործել շշալցված ջուր:

Դիմակների հիգիենան և դրանց անհրաժեշտությունը

Բժշկական դիմակ անհրաժեշտ է կրել մարդկանց խմբերի մեջ գտնվելիս (տրանսպորտ, խանութ, շուկա, հասարակական այլ վայրեր): Տանը դիմակ կրելու կարիք չկա, եթե սուր շնչառական վարակով հիվանդի չեք խնամում: Մանկահասակ երեխաներին խուրհուրդ չի տրվում դիմակներ հագցնել՝ շնչառական խնդիրներ կարող են առաջանալ։ Դիմակն օգտագործելուց և հանելուց հետո այն ընդհանուր աղբի մեջ գցել չի կարելի. անհրաժեշտ է կապել մեկ այլ տոպրակի մեջ, հետո միայն նետել աղբամանը։ Դիմակը հանելուց հետո անհրաժեշտ է անպայման լվացվել:

Աձնական հիգիենան

Շնչառական որևէ վարակ ունենալու դեպքում անհրաժեշտ է քիթն ու բերանն անձեռոցիկով ծածկել փռշտալիս կամ հազալիս՝ վիրուսը չտարածելու համար: Անձնական հիգիենայի հետ մեկնտեղ պետք է տունն օդափոխել նվազագույնը 20 րոպե, փոխել սրբիչներն ամեն օր, օգտագործել հիգենիայի մաքուր պարագաներ: Ցանկալի է խուսափել հանրային զուգարաններից, օգտվելիս էլ՝ ուշադիր լինել:

Զուգարանակոնքից օգտվելիս ջուրը քաշելուց առաջ պարտադիր է կափարիչը փակել (եթե ձեզնից առաջ զուգարանակոնքից վարակված մարդ է օգտվել և զուգարանակոնքի կափարիչը չի փակել ջուրը քաշելիս, վարակվելու հավանականություն կա, քանի որ ջրից մասնիկները բարձր են թռչում ու մնում օդում): Պարտադիր է լվանալ ձեռքերը: Պարտադիր:

Հետևել առողջությանը

Դեռ մի քանի շաբաթ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունից խորհուրդ էին տալիս առաջիկա 2 ամսում զերծ մնալ դեպի Չինաստան ճամփորդություններից, իսկ ցանկացած երկիր այցելելիս հաշվի առնել այդ երկրի համաճարակային իրավիճակը: Չնայած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն արդեն հայտարարել է, որ ՀՀ ժամանողներն անցնում են հատուկ ստուգում, ԱՆ-ում խորհուրդ են տալիս ՀՀ վերադառնալիս և վիրուսային ախտանշաններ ունենալիս ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել բժշկի՝ տեղեկացնելով, թե որտեղ եք եղել վերջին 14 օրում:

Տաքության, չոր հազի, շնչառական դժվարությունների դեպքում անմիջապես պետք է բժշկի դիմել՝ նախօրոք զգուշացնելով այդ ախտանշանների մասին: Ինքնուրույն մարմնի ջերմաստիճանն իջեցնելու փորձերը կամ հակաբիոտիկներ օգտագործելը վարակի դեպքում ոչինչ չեն փոխի: Ընդհակառակը՝ կխանգարեն:

Կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսի ախտանշանները նման են գրիպի կամ թոքաբորբի նշաններին. հոգնածության զգացում, շնչառության դժվարացում, բարձր ջերմություն, գլխացավ:

Կորոնավիրուսը կարող է դրսևորվել նաև թեթև տարբերակով, դրանից բուժվելու համար մոտ մեկ շաբաթ է պետք: Ռիսկային խմբում են մինչ այդ ծանր այլ վարակներ ունեցածները, շաքարային դիաբետ կամ թոքերի քրոնիկ հիվանդություններ ունեցողները: Հատկապես տարեցների դեպքում է վարակն ուղեկցվում հետագա բարդություններով:

Եթե վերջին երկու շաբաթում ճամփորդել եք և, հատկապես՝ գտնվել կորոնավիրուսի հաստատված դեպքեր ունեցող երկրներում, ցանկալի է ամեն օր տաքությունը չափել, վարակի ախտանշաններ նկատելու դեպքում՝ դիմել բժշկի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը փետրվարի 24-ին հայտարարել է, որ ՀՀ-ում վարակի դեպքեր չկան, իրականացվում է վարակի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ: Նա նշել է, որ այս պահին ՀՀ-ն ունի կորոնավիրուսի հայտնաբերման 600-700 թեստ, սպասվում է, որ ևս 1000-ը կբերվի:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---