Երբ գեղեցկությունն իրոք զոհեր է պահանջում

Երբ գեղեցկությունն իրոք զոհեր է պահանջում

Էսթետիկ ոլորտը` Covid-19-ի ժամանակ

Կորոնավիրուսից տուժել են գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ գեղեցկության: Ասում են՝ կարանտինի հետևանքով «բնությունն այնքան էր մաքրվել», որ շատ կանայք վերադարձել էին իրենց նախկին՝ մինչև մեյքափը, վարսահարդարումը, մատնահարդարումը, մազահեռացումը և էսթետիկ կոսմետոլոգիայի այլ պրոցեդուրաներն ունեցած տեսքին:

PanARMENIAN.Net - Կատակը մի կողմ. այսօր էսթետիկ ոլորտի կրած կորուստների և դրանում ավելացած նոր ռիսկերի մասին լռել չի կարելի: Եթե համատարած կարանտինի օրերին շատերը բողոքում էին, թե գեղեցկության սրահները փակ են, և դա խնդիր է, ապա այսօր դրանք բաց են, բայց ստիպված են աշխատել՝ պահպանելով որոշակի կարևոր նորմեր, ինչը պակաս խնդիր չէ:

PanARMENIAN.Net ը զրուցել է էսթետիկ կենտրոնի տնօրենի, մատնահարդարի, կոսմետոլոգի, լազերաթերապևտի և վարսահարդարի հետ՝ պարզելու, թե ինչ նոր զոհեր է պահանջում գեղեցկությունը մայիսի 4-ից՝ ոլորտի վերաբացումից հետո:

«Հիգիենան շատ թանկ է նստում, և վճարում ենք մենք, ոչ թե հաճախորդը»

«Հիգիենայի բոլոր անհրաժեշտ նորմերին մենք առաջ էլ էինք հետևում, - ասում է «Օտրե» էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոնի տնօրեն Յուլիանա Սիրանյանը: - Բայց այժմ էլ ավելի ուշադիր ենք: Մեզ մոտ բոլորը՝ նույնիսկ ադմինիստրատորները, պաշտպանիչ հանդերձանքով են»:

Մուտքի մոտ հաճախորդներին դիմակներ և բախիլներ են բաժանվում: Յուլիանան ասում է՝ բոլոր անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոցներ, դիմակներ, խալաթներ, թանկացել են, բայց փորձում է գնել քիչ թե շատ հարմար գներով:

«25 հազար դրամանոց ջերմաչափն այժմ 60 հազար և ավելի արժե, ձեռնոցների տուփն առաջ 2400 դրամով էի գնում, այժմ` 4500-ով դժվարությամբ եմ գտնում: Բախիլների գները ևս կրկնակի աճել են: Եվ այդ ամենի համար մենք ենք վճարում, հաճախորդի համար ծառայության գները չենք ավելացրել, հաճախորդը մեղավոր չէ, որ իրավիճակն այդպիսին է», - ասում է կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ հետևում է բոլոր նորմերին, բայց վերաբացման օրից ոչ մեկ այդպես էլ չի եկել ստուգելու:

Յուլիանան պատմում է՝ թեև կարանտինից հետո հոգեպես պատրաստ էր ամեն ինչի, ծանր պահեր եղել են:

«Եղել է, որ զանգահարել ենք մեր հաճախորդներին՝ ասելու, որ բացվում ենք, իսկ նրանք ինֆեկցիոնից են պատասխանել: Ոմանք նեղված էին, քանի որ իրենց երեխաների մոտ էր հաստատվել վարակը: Հաճախորդներից մեկը լացելով պատասխանեց զանգին, շտապօգնության մեքենայում էր: Այս ամենը շատ ծանր է», - պատմում է Յուլիանան:

Ասում է՝ վարակն ամենաշատը հարվածել է ՓՄՁ-ներին, գործընկերներից շատերը փակման եզրին են, ոմանց բիզնեսն արդեն փրկել չի հաջողվի:

«Ամեն ինչ ստիպված 0-ից ենք սկսում»

Կոսմետոլոգ Աստրիկի խոսքով՝ կարանտինի ընթացքում ընդհատվել էր հաճախորդներից ոմանց բուժումը, որոշների մոտ դրական արդյունքները, որոնց դժվարությամբ էին հասել, կորել են:

«Հաճախորդներն ուշացրել են պրոցեդուրաները, բուժումը, շատերի մոտ ստիպված 0-ից ենք սկսում բոլոր գործողությունները», - ասում է նա:

«Ամեն ինչ ախտահանում ենք, բոլոր գործիքները միանգամյա օգտագործման են, վիրաբուժական ստերիլության ենք հասել», - հավելում է Աստրիկը:

Ասում է՝ թեև նոր պայմաններում աշխատելը մի քիչ վախենալու է՝ կոնտակտը հաճախորդների հետ շատ մոտ է, սակայն հետաքրքիր: Հաճախորդներն էլ մի քիչ պակասել են՝ թե՛ զգուշանում են, թե՛ գումար չունեն գեղեցկության համար:

«Կարանտինից հետո եղունգները շատ վատ վիճակում էին՝ կոտրված, անխնամ»

«Մենք միշտ էլ օգտագործել ենք ձեռնոցներ և դիմակներ հաճախորդների հետ աշխատելիս, այժմ ավելացել են նաև գլխարկները, պաշտպանիչ վահանները, խալաթներն ու ալկոգելերը», - պատմում է մատնահարդար Արմինեն:

Ասում է՝ յուրաքանչյուր հաճախորդի հետ անպայման փոխում են նաև ձեռնոցներն ու դիմակները:

«Հենց վերաբացվեցինք, լիքը մարդ էր գրանցվել, առանց դադարի աշխատում էինք: Նորմերին հետևում ենք ուշադիր, դրա հետևանքով մարդիկ չեն վախենում գալ: Վստահ եմ՝ մեզ մոտ ավելի անվտանգ է, քան տաքսիում կամ խանութում», - նշում է Արմինեն:

Նրա խոսքով՝ աշխատանքային պրոցեսը երկարել է, եթե առաջ մի հաճախորդի վրա ծախսում էր մինչև 1 ժամ, այժմ մոտ 20 րոպե ավելի. «Կարանտինից հետո բոլորի եղունգները շատ վատ վիճակում էին՝ կոտրված, անխնամ: Հաճախորդներից ոմանք գել լաքը պոկելով հանել էին՝ վնասելով եղունգը», - հիշում է մատնահարդարը:

«Փորձում ենք մաքսիմալ ստերիլ վիճակ ապահովել, որպեսզի մարդիկ ապահովություն զգան»

Լազերաթերապևտ Մանեն հաճախորդների հետ միշտ սերտ կոնտակտի մեջ է եղել, առանց դրա մազահեռացումն անել ահնար է, ուստի միշտ եղել է դիմակով և ձեռնոցներով:

«Այժմ ավելացել են նաև մեկանգամյա օգտագործման խալաթներն ու պաշտպանիչ վահանները», - ասում է Մանեն:

Համազգեստն ամեն օր լվանում են:

«Մայիսի 4-ից սկսած հաճախորդների հոսքը չի դադարում, բայց փուլ առ փուլ ենք ընդունում, որպեսզի հասցնենք պատշաճ կերպով կազմակերպել ամեն ինչ: Փորձում ենք մաքսիմալ ստերիլ վիճակ ապահովել, որպեսզի մարդիկ հենց մուտքի մոտից զգան, որ անվտանգ է, և չվախենան», - ասում է Մանեն՝ հավելելով, որ թեև հաճախորդների պակաս չկա, զեղչեր են անում՝ մտնելով մարդկանց դրության մեջ:

«Հաճախորդներից շատերը լուրջ չեն ընդունում և չեն զգուշանում»

Մարինեն արդեն 12 տարի է՝ վարսավիր է, ասում է՝ միշտ վստահ է եղել, որ ինչ-ինչ, բայց մազ կտրելը մարդիկ երբեք չեն դադարի:

«Ո՞վ կմտածեր, որ կգա ժամանակ, երբ ոչ կկտրեն մազերը, ոչ կֆենեն: Կարանտինի ընթացքում դժվար էր, սրահը չէր գործում, բայց անհատական պատվերներ երբեմն ընդունում էի: Ի՞նչ արած՝ առանց գումարի ապրել անհնար է, այդ ժամանակ էլ դեռ վիճակն այդքան վտանգավոր չէր, ոնց հիմա», - պատմում է Մարինեն:

«Այժմ վերաբացվել ենք, բոլոր նորմերին հետևում ենք, ես էլ ամբողջ օրը դիմակով եմ, իսկ դա բավականին դժվար է, հատկապես՝ շոգին: Բայց հաճախորդներից շատերը լուրջ չեն ընդունում և չեն զգուշանում: Ամեն մեկին պետք է առանձին բացատրել, որ առանց դիմակի չի լինի: Դժվար է», - ասում է վարսահարդարը:

Հաճախորդներից ոմանք էլ այս ընթացքում սովորել են ինքնուրույն հարդարել մազերը:

«Ասում են՝ էլ հաճախ չեն գալու մոտս, սովորել են ֆենել, իսկ ոմանք՝ նույնիսկ կտրել մազերը: Լավ է՝ դեռ գունաթափել չեն սովորել, թե չէ առանց գործ էի մնալու», - կեսկատակ-կեսլուրջ ասում է Մարինեն:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում

Կիրանցի ճանապարհից վրանները հանել են, բայց գյուղի մուտքերը դեռ փակ են՝ բնակիչներին անձնագրով են ներս թողնում «Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---