Ֆունիկուլյորով` Արարատի գագաթ

Ֆունիկուլյորով` Արարատի գագաթ

Ինչպես էին հայերն ամերիկացիներին համոզում Թուրքիայում ներդրում անել

Անհավանական հին նորությունների շարքից ամենաանհավանականը․ մոտավորապես 100 տարի առաջ հայերն ունեին ծրագիր՝ ֆունիկուլյոր կառուցելու Արարատի լանջին, սարը բարձրանալը դարձնել «ջրի ճամփա» ու այն վերածել երազանքների տուրիստական երթուղու։ Միտքը, նուրբ ասած, հեղափոխական էր։

PanARMENIAN.Net - 1924 թվականին Associated Press պարբերականում լույս էր տեսել հոդված, ըստ որի մի խումբ հայեր՝ Հայ դատի Ժնևի հանձնախմբի քարտուղար Լեոն Փաշալյանի գլխավորությամբ, ջանք չէին խնայում ամերիկացի կապիտալիստների համար իրենց ծրագիրը գրավիչ դարձնելու։ Մասնավորապես՝ զվարճանքի ոլորտում իրենց գտած ու հաջողակ դարձած ներդրողներին ուզում էին համոզել էքսպլուատացիայի ենթարկել Արարատ լեռը, որը, ի դեպ, արդեն Թուրքիայի կազմում էր։

Ծրագրով նախատեսվում էր հայերի կողմից սրբազան համարվող լեռը դարձնել զբոսաշրջային հանգստավայր (չնայած դժվար է պատկերացնել՝ ավելի քան 5000 մ բարձրության վրա ինչպես էր դա կազմակերպվելու)։ Դրա համար ԸՆԴԱՄԵՆԸ պետք էր ֆունիկուլյոր կառուցել ու մեծ Մասիսի ստորոտից վեր սլանալ մի քանի հազար մետր։

Եթե հանկարծ մոռացել եք, թե ինչ է ֆունիկուլյորը՝ ճոպանաքարշով ռելսուղի է, որը նախատեսված է կտրուկ վերելքով ու վայրէջքով մարդկանց և բեռներ փոխադրելու համար։ Ներքևի լուսանկարում պատկերված է Շվեյցարիայում վերջերս կառուցված՝ աշխարհի ամենաթեք ֆունիկուլյորը՝ 110 աստիճան թեքությամբ ու 1720 մետր երկարությամբ։

Լուսանկարը՝ Urs Flueeler/EPA-ի

«Չնայած Արարատն այլևս հայկական տարածքում չէ, հայերը, այնուամենայնիվ, ուզում են ամեն կերպ այն դարձնել հետաքրքրությունների ակտիվ կենտրոն ամերիկացիների և այլ այցելուների համար։ Նրանք պնդում են, թե պատրաստ են ամերիկացի ներդրողներին տրամադրել ամեն տեսակի օգնություն՝ հանգած հրաբխի սառցապատ գագաթը ժամանցի կղզյակ դարձնելու համար»,- գրում է պարբերականը։

Հայերը, թերևս, ուզում էին ամերիկյան Pikes Peak լեռան վրա կառուցված ու մինչ օրս ԱՄՆ-ում ամենաբարձրը համարվող երկաթուղու պես մի բան ստանալ, որը թույլ կտար «փոքր վճարով հասնել Արարատի գագաթ, որտեղից հրաշալի տեսարան կբացվեր դեպի կովկասյան տարածաշրջան»։

Թե ինչ ավարտ ունեցավ նախաձեռնությունը, կարող եք ինքներդ պատկերացնել, քանի որ, ինչպես գիտեք, Արարատի վրա ֆունիկուլյոր չկա։

Կարդացեք նաև՝ Տրոյկաներով Երևան՝ Արարատը տեսնելու․ XIX դարի ամերիկացի ճանապարհորդի տպավորությունները` Հայաստանից

Սրբուհի Մարտիրոսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---